Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ «ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ» ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ



Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Ալագյազ» հրաձգարանում հոկտեմբերի 24-28-ը անցկացվեց հայկական և ռուսական զինված ուժերի միացյալ զորախմբի համատեղ գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժության թեման էր` պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, պաշտպանական մարտի վարումը, հակագրոհի իրականացումը, նպաստավոր բնագծի զբաղեցումը: Յուրաքանչյուր կողմից զորավարժությանը մասնակցում էր մեկ մոտոհրաձգային գումարտակ իր ուժեղացման միջոցներով` հաուբիցային հրետանային մարտկոց, ինժեներա-սակրավորային, ականանետային, ռքկ պաշտպանության դասակներ, հատուկ նշանակության ջոկատներ: Մարտական պատրաստության շրջանակներում անցկացվող այս լայնածավալ միջոցառումը, ընդհանուր առմամբ, նպատակ ուներ նպաստելու բոլոր օղակների հրամանատարների` ստորաբաժանումները ղեկավարելու կարողությունների կատարելագործմանը, յուրացնելու հաջողված փորձը, նաև վեր հանելու բացթողումները` հետագայում տվյալ ուղղությամբ աշխատանքն ակտիվացնելու համար: Հրամանատարական դիտակետից զորքերի տեղաշարժին հետևում էին միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ և ՌԴ զինված ուժերի հարավային զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ ԻԳՈՐ ՏՈՒՐՉԵՆԻՆԸ, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Իշխան Մաթևոսյանը:

Զորավարժությունն անցկացվեց մի քանի փուլով: Նախ` համապատասխան զորամասերը «Տագնապ» ազդանշանով բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը կցված ռազմական տեխնիկայով ռազմերթ կատարեց դեպի մարտական կիրառման շրջան և նախապատրաստվեց պաշտպանական մարտի: Բոլոր մտահղացումները առավել ցայտուն դրսևորվեցին եզրափակիչ` մարտական հրաձգության փուլի ընթացքում, որը սկսելուց առաջ ռուսական ռազմակայանի հոգևոր սպասավորը օրհնեց բոլոր մասնակիցներին` ռադիոկապի միջոցով իր աղոթքը լսելի դարձնելով զինվորներին: Այնուհետև զորավարժության ղեկավարը ճշգրտեց օպերատիվ ժամը, ստուգեց բոլոր օղակների պատրաստությունը կրակային փուլին:

Սցենարի համաձայն` հանրապետության պետական սահմանները հսկող սահմանապահները հայտնաբերում են հակառակորդի խոշոր ուժերը` մինչև մոտոհրաձգային մեկ բրիգադի կազմով, որոնք պատրաստվում են ներխուժել մեր տարածք: Նրանց առաջխաղացումը կանգնեցնելու համար ոտքի են հանվում երկու մոտոհրաձգային գումարտակներ` ռուսական և հայկական: Հակառակորդի շարժման ուղղությամբ ստորաբաժանումներից մեկը դիրքավորվում է, ապա տարբեր զինատեսակներից կրակ բացում հակառակորդի վրա` պատճառելով նաև զգալի կորուստներ, ինչն էլ ստիպում է վերջինիս բացազատվել, բացահայտել իր բոլոր ուժերը: Միևնույն ժամանակ, հակառակորդը կարծում է, թե այդ ուղղության վրա են տեղակայված մեր հիմնական ուժերը, և իր գլխավոր հարվածն էլ հենց այդ կողմ է ուղղում: Սակայն փաստացի ընկնում է լավ նախապատրաստված ծուղակը: Առաջապահ ստորաբաժանումը, կրակ վարելով, հետ է քաշվում սահմանված բնագիծ, հընթացս գործի են անցնում մեր հիմնական ուժերը: Հեռահար հրետանին, նաև ականանետային մարտկոցներն սկսում են ծավալվող հակառակորդի հրետակոծությունը: Մարտական պահպանության նման դիրքեր ստեղծվում են` հակառակորդի հանկարծակի հարձակումներ, հետախուզական գործողություններ թույլ չտալու համար:

Թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար ևս մեկ միջոց է կիրառվում. ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները պայթեցնում են գետի վրայով անցնող կամուրջը, ռուս գործընկերների հետ պայքարում թշնամու առաջապահ, դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ, ապա հետ քաշվում:

Հակառակորդին ներքաշելով ծրագրված տեղանք` նախապես դիրքավորված ուժերն սկսում են տանկերից, ՀՄՄ-ներից կրակ վարել վերջինիս զինտեխնիկայի և մարդկային ուժերի վրա: Հակառակորդի պատասխան կրակից պաշտպանվելու համար անձնակազմը պատսպարվում է թաքստոցներում, զուգահեռ կատարվում է վիրավորների և վնասված զինտեխնիկայի դուրսբերում մարտի դաշտից: Այդ ընթացքում սակրավորները մեր դիրքերի մոտ պայթյունների միջոցով նմանակում են հրետանային հարվածներ:

Քիչ անց զորավարժության ղեկավարին զեկուցում են, որ թշնամու մոտոհրաձգային գումարտակները մոտենում են մեր դիրքերին: Նրա հրամանով պաշտպանվող գումարտակների, նաև օժանդակ ուժերի միջոցով սկսվում է հարձակվող զինտեխնիկայի և անձնակազմի ոչնչացումը: Այնուհետև բոլոր զինատեսակներից հակառակորդի ուղղությամբ ինտենսիվ կրակ է տեղում մարտադաշտի ողջ խորությամբ: Հակառակորդին զգալի կորուստներ պատճառելուց հետո զորավարժության ղեկավարի հրամանով ռքկ պաշտպանության դասակի զինծառայողները կազմակերպում են միացյալ զորախմբի դիրքերի ծխաքողարկում` մեր ուժերի վերադասավորվելը և հակագրոհի նախապատրաստվելը սքողելու համար: Եվս մի գրոհ ետ մղելուց և կրակային նախապատրաստությունից հետո միացյալ զորախումբն անցնում է հակագրոհի` ջլատված հակառակորդին վերջնականապես ոչնչացնելու և պաշտպանության նախնական բնագիծը վերականգնելու համար: Եվս մի փոքր ջանք, և թշնամին փախչում է, հաղթանակը մերն է: Ճիշտ է, որոշ ուժեր դեռ դիմադրում են, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում: Օրինակ` դիվերսիոն-հետախուզական խմբերից մեկին հաջողվում է անցնել մեր դասավորությունների միջով, պլանավորել խափանարար գործողություններ: Սակայն խումբը հայտնաբերվում է ռուս զինծառայողների կողմից, և քիչ անց բոլորը հետևում էին հայկական հատուկ նշանակության ուժերի գործողություններին: Մեր տղաները իրական պայթյունների, կրակի միջով անցնելով արագ գրավում են շինությունը, որտեղ թաքնվում էին հակառակորդի դիվերսանտները, և ոչնչացնում նրանց:

Իհարկե, զորավարժության արդյունքները դեռ կուսումնասիրվեն, կքննարկվեն, հրամանատարները դեռ պետք է հաշվեն խոցված թիրախները, որոշեն յուրաքանչյուր կրակային միավորի արդյունավետության աստիճանը, հետևաբար նաև` զորամասերում մարտական պատրաստության գործընթացի արդյունավետությունը: Սակայն մասնագետների կարծիքով, արդեն միանշանակ կարելի է փաստել, որ հայ-ռուսական զորախումբն ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները: Դա են փաստում տարբեր տեղանքային պայմաններում ստեղծված կրակային իրադրությունների ճիշտ հաղթահարումը, տարատեսակ զինտեխնիկայի և սպառազինության համակցված կիրառումը, տարբեր ծրագրերով ու լեզուներով մարտական պատրաստություն անցած ստորաբաժանումների ներդաշնակ ու համաձայնեցված գործողությունները: Բավական է նշել, որ մի քանի օր շարունակ զինվորներն ու սպաները սաստիկ ցրտի պայմաններում են գործել, մարտական կրակն էլ վարել են այնպիսի ցուրտ եղանակին, որ դիտորդներն էին հազիվ դիմանում: Զորավարժության ընթացքից գոհ մնացին նաև գեներալ-լեյտենանտներ Գրիգորյանը և Տուրչենինը:

Մարտական հրաձգության փուլի ավարտից հետո հայտարարվեց զորավարժության գործնական մասի ավարտը: Անձնակազմը հրահանգավորվեց հրաձգային զենքերն ու սպառազինությունը լիցքաթափելու վերաբերյալ: Իսկ քիչ անց մասնակից գումարտակների անձնակազմը` հայ և ռուս զինվորներ, միասին կանգնած էին հանդիսավոր տողանի: Շնորհավորելով բոլորին զորավարժության հաջող անցկացման կապակցությամբ` գեներալ-լեյտենանտ Գրիգորյանը նշեց, որ այս զորավարժությունը մեկ անգամ ևս հաստատեց հայ-ռուսական ռազմական համագործակցության բարձր մակարդակը, այն համագործակցության, որ հաստատվել է դեռ հարյուրամյակներ առաջ և դեռ զարգանալու մեծ ներուժ ունի: Գեներալ-լեյտենանտ Տուրչինը պարգևատրեց առավել աչքի ընկած հայ և ռուս զինծառայողներին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/11/2011