Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԵՊՔԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ



Զրույց ՀՀ զինվորական դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ

-Դատելով վերջին ամիսներին բանակի շուրջ բարձրացված աղմուկից եւ մամուլի հրապարակումներից՝ կա տպավորություն, որ զորքերում օրինապահության մակարդակը իջել է, աճել են հանցագործությունները, հատկապես՝ մահվան ելքով դեպքերը։ Սակայն պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ տեղեկացրեց, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պաշտպանության համակարգում արձանագրվել է հանցագործությունների նվազում, ընդ որում՝ նվազել են նաեւ ծանր, մահվան ելքով հանցագործությունները։

-Միանշանակ պիտի ասեմ, որ վերջին ամիսներին՝ բանակի շուրջ բարձրացված աղմուկը եւ բանակի հայտնվելը հասարակության ուշադրության էպիկենտրոնում պայմանավորված է ոչ թե հանցագործությունների աճով, օրինապահության մակարդակի անկումով, այլ զորքերը հասարակության առջեւ ավելի թափանցիկ դարձնելու եւ հրապարակային գործունեությունը խրախուսելու քաղաքականությամբ։ Բացի դրանից, կան որոշակի ուժեր եւ խմբեր, որոնք կազմակերպված եւ նպատակային ջանքերով փորձում են սասանել բանակի հեղինակությունը եւ հարվածել երկրի զինված ուժերի մարտունակությանը։ Այսինքն՝ ապակայունացնել երկրի ներքին մթնոլորտը, խարխլել հասարակության հավատը բանակի հանդեպ, սերմանել վախի, անպաշտպանվածության մթնոլորտ, ուռճացնել բանակի թերությունները, խտացնելով գույները՝ արթնացնել տագնապ, խուճապային տրամադրություն եւ անել ամեն ինչ, որ եթե չստացվի տապալել, ապա գոնե ինչ-որ չափով ձախողել գալիք զորակոչը, բանակի համալրման աշխատանքները։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի վերոհիշյալ հայտարարությանը, ես հաստատում եմ այն՝ իրոք, բանակում հանցագործությունները նվազել են, էականորեն են նվազել։ Ընդ որում՝ մահվան ելքով դեպքերը կրճատվել են երկու անգամ, իսկ սպանությունները՝ չորս անգամ։ Վերլուծությունը թողնում եմ Ձեզ՝ լրագրողներիդ, ինքներդ որոշեք, թե ինչ ակունք ունի այս իրարանցումը եւ ինչ նպատակ է հետապնդում։

-Պարոն դատախազ, իսկ ո՞ր հանցագործություններն են աճել, ո՞ր հանցատեսակներն առավել տարածված բանակում եւ ինչո՞ւ։

-Աճել են կանոնադրային հարաբերությունների խախտումները զինծառայողների միջեւ, սակայն դրանց մեծամասնությունը չեն ունեցել ծանր հետեւանքներ, այսինքն՝ ՀՀ քր. օր.-ի 359 հոդվածի հատկանիշներով հարուցված գործերի քանակը չի աճել։

-Փաստորեն՝ զորքերում միջանձնային հարաբերությունների վատթարացում է արձանագրվել։

-Փաստորեն՝ այո՛, իրականում՝ ո՛չ, որովհետեւ կանոնադրային հարաբերությունների խախտումների աճը պայմանավորված է իրավախախտումներին (անկախ դրանց վտանգավորությունից, դրսեւորման եղանակից ու հետեւանքից) իրավական գնահատական տալու պատրաստակամությամբ ու ջանքերով։ Այսինքն՝ մենք փորձել ենք հնարավորինս նվազագույնի հասցնել անպատիժ մնացող հանցանքներն ու զանցանքները։ Որպես հետեւանք՝ արձանագրվել է հանցատեսակի աճ։

-Կարճ ասած՝ կա քրեական գործերի, ոչ թե կատարված դեպքերի աճ։

-Այո՛, եւ այն պայմանավորված է երկու հանգամանքով՝ լատենտայնության (թաքնվածություն) նվազմամբ եւ պատժիչ քաղաքականության խստացմամբ։ Եթե ավելի վաղ ոչ կանոնադրական հարաբերությունների մի մասը ենթարկվում էր կարգապահական պատասխանատվության եւ քրեաիրավական գնահատականի չէր արժանանում, ապա այսօր այն արժանանում է քրեաիրավական գնահատականի եւ պատասխանատվության։

Ինչ վերաբերում է ոչ կանոնադրային հարաբերությունների տարածվածությանը, ըստ իս, այս հանցատեսակի արմատներն ավելի խորն են, ձգվում են դեպի ընտանիք, կրթադաստիարակչական ինստիտուտներ, հասարակություն։ Տարրական շփման կանոններից մինչեւ բարոյական ըմբռնումներ՝ մեր հասարակության մեջ կա համընդհանուր հետընթաց ու խեղաթյուրում։

-Հասարակության նկարագրի եւ բանակի բարոյականության միջեւ գոյություն ունեցող ուղղակի կապը անհնար է չնկատել։ Սակայն մյուս կողմից՝ բանակը փակ, խիստ ենթակայությամբ գործող համակարգ է եւ կարող է օգտագործել մի շարք լծակներ ու հաստատել ներքին փոխհարաբերությունների, բարոյականության եւ օրինականության իր մոդելը։

-Միանշանակ, ճիշտ եք։ Բանակի թիվ 1 խնդիրը կարգապահության մակարդակի բարձրացումն է, որի համար անհրաժեշտ է բարձրացնել սպայական, ենթասպայական եւ սերժանտական կազմի կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը, ինչը կդառնա բանակի ներքին փոխհարաբերությունների օրինականության եւ կարգապահության կայուն երաշխիք։ Պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ խնդիրը արմատապես լուծելու համար։ Ասում եմ՝ արմատապես, որովհետեւ եթե սպայակազմի շրջանում ձեւավորվի պատշաճ կանոնադրային վերաբերմունք դեպի շարքային անձնակազմը, զինվորները ինքնաբերաբար միմյանց հետ կհարաբերվեն կանոնագրքի կանոնների շրջանակներում։

-Անձամբ Դուք բանակում ո՞ր հանցատեսակի գոյությունն են համարում առավել վտանգավոր եւ ուշադրության արժանի։

-Կանոնադրային հարաբերությունների խախտումը, որովհետեւ կանոնագրքի կանոնները անտեսելու ավանդույթը ստեղծում է մի արատավոր մթնոլորտ, որը դառնում է պարարտ հող զանազան փոքր ու մեծ հանցագործությունների համար։ Եթե մենք կարողանանք նվազեցնել կանոնադրային հարաբերությունների խախտման դեպքերը, եթե կարողանանք երաշխավորել կանոնագրքի կանոնների անշեղ պահպանում, ոչ միայն կնվազեցնենք, այլ կբացառենք յուրաքանչյուր հանցավոր վարքագծի դրսեւորում։

-Դուք համաձա՞յն եք այն մտքին, որ կանոնադրական հարաբերությունները ամենից շատ խախտում են սպաները, ոչ թե զինվորները։ Եվ պայքարը պետք է սկսել հենց սպաների շրջանում։

-Միանգամայն համաձայն եմ։ Օրինապաշտ եւ իրավապաշտ սպայակազմի գործունեության պայմաններում չենք ունենա կանոնագրքի կանոնները շրջանցող շարքային կազմ։ Եվ յուրաքանչյուր սպա, անկախ իր կոչումից, պետք է պատժվի կանոնագրքի կանոններին չենթարկվելու, անգամ զինվորին խոսքով վիրավորելու համար։

-Իսկ ի՞նչ է արվում կանոնադրային հարաբերությունների խախտումները նվազեցնելու ուղղությամբ։

-Խոսեմ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների մասին։ Պաշտպանության նախարարն ընդունել է խնդրի լուծման, ըստ իս, ամենաարդյունավետ ճանապարհը՝ շեշտադրվել է ռազմակրթական ոլորտը եւ կարգապահական պրակտիկան։ Մենք չպետք է մոռանանք, որ սպաները նույն երիտասարդներն են, զինվորին բնորոշ մտածելակերպի յուրահատկություններով։ Այսինքն՝ հրամանատարական կեցվածք եւ հոգեբանություն ձեւավորելուց բացի պետք է լուրջ ուշադրություն դարձնել նրանց բարոյական արժեհամակարգի, չափանիշների, աշխարհընկալման եւ մարդկային որակների վրա։

-Պարոն դատախազ, ավելի շատ կցանկանայի լսել, թե ի՞նչ են անում զինվորական իրավապահ մարմինները կանոնադրային հարաբերությունների խախտումները նվազեցնելու ուղղությամբ։ Դուք գո՞հ եք կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունից։

-Միջոցառումներից գոհ եմ, արդյունավետությունից՝ ո՛չ։ Բացատրեմ. տարեսկզբին, ըստ պաշտպանության նախարարի հրամանի, ռազմական ոստիկանությունը հենակետեր ստեղծեց զորամասերում, ինչը ապահովեց նրանց անմիջական ներկայությունն ու հսկողությունը։ Պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կողմից համակարգվող ծառայությունները՝ ռազմական ոստիկանությունն ու քննչական ծառայությունը սկսեցին համատեղ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել զորքերում։ Իմ հանձնարարությամբ՝ բոլոր դատախազները այցելեցին զորամասեր եւ հանդիպեցին զինծառայողների հետ՝ սկսած շարքային անձնակազմից մինչեւ բարձր հրամկազմ, կազմակերպեցին զրույցներ, քննարկումներ՝ իրավակարգի եւ օրինականության պահպանման առնչությամբ։ Բայց սրանք այն միջոցառումները չեն, որոնք կարող են հենց վաղը արդյունք տալ, սրանք հիմնարար ձեռնարկումներ են, որոնք միտված են ապագային եւ ժամանակի ընթացքում կտան էական արդյունք։

-Որքա՞ն ժամանակի։

-Բանակում հանցագործությունների նվազման միտումը հետզհետե ավելի կայուն ու ակնառու կլինի։

-Ինչպիսի՞ն է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։

-Այս տարի մենք ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք, այսինքն՝ բանակում կատարված գրեթե բոլոր հանցագործությունները բացահայտված են, բացառությամբ մի քանի մանր գողության դեպքերի։ Չբացահայտված ծանր հանցագործություններ չկան։

Շարունակելի

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական


02/11/2011