Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶՈՒ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆ»



ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին

-Հասկանալի պատճառներով հասարակությունը բավական զգայուն է բանակին առնչվող հարցերի նկատմամբ, բնականաբար, առավել պահանջկոտ է դարձել և պաշտպանական գերատեսչությունից ակնկալում է թափանցիկություն:

-Շատ բնական է հասարակության զգայուն արձագանքը բանակի խնդիրների նկատմամբ: Ես չէի ցանկանա բանակը առանձնացնել հասարակությունից: Բանակը և հասարակությունը օրգանական կապի մեջ են: Բանակում արտակարգ պատահարների դեպքում բնական է հասարակության դժգոհությունը և մտահոգությունը: Պատկերացնու՞մ եք, եթե արտակարգ պատահարների դեպքում լիներ հասարակական անտարբերություն… Դա կլիներ իրական մտահոգության առիթ: Կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, որ պաշտպանական բարեփոխումների արդյունքում բանակը վերջին տարիներին շատ բաց է դարձել հասարակության առաջ: Մենք փորձում ենք առավել ընկալելի ու թափանցիկ դառնալ մեր ժողովրդի համար` պահպանելով զինված ուժերում գործող գաղտնիության ռեժիմը: Բանակի հանդեպ հանրության վստահության բարձրացմանն են ուղղված մի շարք քայլեր` բանակի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցության ծրագրեր, որոնց շրջանակներում տարվա ընթացքում նրանց իսկ կողմից վերահսկվում է, մասնավորապես` զորակոչի կազմակերպման, զորակոչիկների բուժզննման ընթացքը, մշտական ուշադրության են արժանանում զինծառայողների սննդի և կեցության, բանակում մարդու իրավունքների ապահովմանը վերաբերող հարցերը: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնք աստիճանաբար կատարելագործվում են` հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը: Միաժամանակ, համոզված եմ, որ յուրաքանչյուր ողջախոհ քաղաքացի հասկանում է, որ զինված ուժերի թափանցիկությունը հստակ սահմաններ ունի: Կարծում եմ` երկրի պաշտպանությամբ մտահոգ որևէ մեկը չի ցանկանա, որ պաշտպանական գերատեսչությունը հակառակորդի կողմից տեսանելի լինելու աստիճան թափանցիկ լինի: 21-րդ դարում տեղեկատվությունը դուրս է եկել ազգային սահմաններից, և համացանցում հայտնված յուրաքանչյուր տեղեկություն կարող է դառնալ նաև մեր հակառակորդի սեփականությունը: Գոյություն ունեն վերլուծության տարրական մեթոդներ, որոնք համապատասխան տեղեկությունների միջոցով բանակի տարբեր ոլորտների վերաբերյալ հավաստի եզրահանգումներ կատարելու հնարավորություններ են տալիս: Այստեղ հասարակական շահը պահանջում է, որ լինենք զգուշավոր: Մեծ հաշվով, նախընտրելի է պաշտպանության նախարարությունից մեծ ծավալի տեղեկատվություն պահանջող մի քանի մարդկանց դժգոհությունը, քան պետության անվտանգության շահի վտանգումը:

-Պաշտպանության նախարարությունը բանակի խնդիրները շահարկելու համար հաճախ մեղադրում է հասարակության որոշ խմբերի: Որտե՞ղ է քննադատության ու շահարկման սահմանը:

-Գիտեք, երբ բողոքում են զոհված զինծառայողների հարազատները, մենք զինաթափվում ենք, կիսում նրանց վիշտը և փորձում սատարել նրանց: Երբ բանակը քննադատում է բանակաշինությանը ինչ-որ չափով ավանդ բերած մարդ, ուշադիր լսում ենք նրան և փորձում շտկել բացթողումները: Երբ մեզ քննադատում է բանակից շատ հեռու, բայց սրտացավ քաղաքացի, փորձում ենք հասկանալ նրան` գնահատելով նրա քաղաքացիական բարձր կեցվածքը: Սակայն մեզ համար դժվար է հասկանալ նրանց, ովքեր բանակին քննադատելը դարձրել են առօրյա զբաղմունք և ինքնահաստատվելու կամ ֆինանսավորվելու միջոց: Ու ցավալին այն է, որ այս վերջին խմբին պատկանող քննադատները թեև շատ սակավաթիվ են, սակայն աղմկում են չափազանց բարձր և փորձում հասարակական ոչ առողջ տրամադրություններ ձևավորել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով»: Եթե մարդկայնորեն կարելի է փորձել աչք փակել նրանց աշխատանք-զբաղմունքի վրա, ապա, որպես բանակի մարտունակության համար պատասխանատու պաշտոնյա, ես իրավունք չունեմ անտարբեր մնալ այն զարգացումների նկատմամբ, որոնք կարող են վտանգել բանակ-հասարակություն փոխվստահության մթնոլորտը: Դա ազգային անվտանգության հարց է, և բոլոր նրանք, ովքեր, կեղծ տեղեկություններ տարածելով, կփորձեն քայքայիչ միջամտություն ունենալ բանակ-հասարակություն օրգանական կապում, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի:

Չգիտես ինչու, բանակը ամեն օր տեղի-անտեղի փնովողները երբևէ չեն հիշում բանակի հաջողությունները: Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել ու այսօր հանդիսանում է մեր պետության անվտանգության գլխավոր երաշխավորը: Չնայած հակառակորդի քանակական ցուցանիշներին` բանակը իր մարտական խնդիրները գերազանց է կատարում ու ամեն օր մեր ժողովրդին խաղաղություն պարգևում: Մեր բանակի անցած փառավոր ճանապարհը ներկված է հազարավոր հայորդիների արյունով, բանակում այսօր ծառայում են նաև այդ նահատակված տղաների մարտական ընկերները: Մեր բանակը նաև իրենք են: Ու վիրավորական է, երբ մերթընդմերթ հնչում են կարծիքներ, թե պետք է պատերազմով անցած զինվորականներին հեռացնել բանակից: Պատերազմի մասնակից այն զինվորականները, որոնք տարբեր պատճառներով չեն հաստատվել կանոնավոր բանակում, ժամանակի ընթացքում դուրս են եկել զինված ուժերից: Սակայն շատերը այսօր շարունակում են ծառայությունը և օրինակելի սպաներ են, քան զինվորական կրթություն ստացած շատ սպաներ:

Դժբախտաբար, մեր հասարակության մեջ կան մի խումբ մարդիկ, որոնք անընդհատ փորձում են բանակը նույնացնել հանցագործության մեջ մեղադրվող առանձին զինծառայողների կամ արատավոր երևույթների հետ: Ու չգիտես ինչու, այդ մարդիկ մոռանում են, որ արատավոր երևույթների մի մասը գալիս է բանակ զորակոչված երիտասարդի դաստիարակության, կրթության ու ընդհանրապես մշակութային բացից, որի պատասխանատվության իրենց չափաբաժինը փորձում են վերագրել բանակին: Բանակի խնդիրները շահարկող անձինք, բանակի ղեկավարության պարտքն է զինվորին սովորեցնել մարտական արվեստ, իսկ, օրինակ, ձեր պարտքն է, որ, բանակ զորակոչվելուց առաջ, նա, ի թիվս բազում այլ պարտադիր կենցաղային նորմերի, իմանա, թե որտեղ կարելի է զուգարանային կարիքները հոգալ և որտեղ` ո՛չ: Եվ եթե կենցաղային նման հողի վրա բռնկված վեճը դժբախտ պատահարի է վերածվում, եկեք յուրաքանչյուրս ստանձնենք պատասխանատվության մեր չափաբաժինը:

Հաճախ բանակի ղեկավարությանը սրտացավության դասեր են տալիս մարդիկ, որոնք հայկական բանակի հետ որևէ առնչություն չեն ունեցել: Բանակի խնդիրները շահարկող անձինք, դուք մեզնից ավելի սրտացավ չեք զինվորի նկատմամբ: Զինվորի կյանքի համար դողում են ինչպես նրա հարազատները, այնպես էլ բանակի ղեկավարությունը: Յուրաքանչյուր արտակարգ պատահարից հետո տուժում է ոչ միայն զինծառայողի ընտանիքը, այլև ամբողջ բանակը: Չգիտեմ, ինչու՞ է ոմանց թվում, թե բանակում ղեկավարները մտածում են` ինչպես անել, որ կատարված հանցագործությունը և հանցագործներին թաքցնեն: Հավատացած եղեք, հանցագործություն կատարած անձը մեր պայմանական թշնամին է, քանի որ, ի տարբերություն մեր հակառակորդի, նա մեզ թիկունքից է հարվածում: Բանակի ղեկավարությունը ամենաշահագրգռվածն է, որ իրական հանցագործները խստորեն պատժվեն: Եվ եթե որևէ տուժողի հարազատներ դժգոհություն ունեն նախաքննության ընթացքի կապակցությամբ, պաշտպանության նախարարությունը պատրաստ է վճարել և վճարում է նրանց կողմից ընտրված փաստաբանների համար, որպեսզի միացյալ ջանքերով հասնենք հանցագործության լիարժեք բացահայտմանը: Ցավոք, լինում են դեպքեր, երբ ինչ-որ մարդիկ փորձում են մշտապես շիկացած պահել մթնոլորտը և տուժողի հարազատներին հաղորդում են հաճախ իրարամերժ տեղեկություններ: Այդ գործողությունները ևս իրավական դաշտում իրենց գնահատականը պետք է ստանան: Անթույլատրելի է բանակում արձանագրված միջադեպերի շահարկումը և հանրության հույզերը անձնական, խմբային կամ քաղաքական նպատակների համար օգտագործելը:

Եթե նախկինում խուսափում էի ասել, ապա հիմա թերևս հարկ է նշել, որ նրանք, ովքեր տարբեր դրամաշնորհների ազդեցության տակ այսօր կուրծք են ծեծում բանակի համար, հայրենասիրության դրսևորման բացառիկ հնարավորություն ունեին Արցախյան պատերազմի ժամանակ, սակայն, չգիտես ինչու, մենք այդ մարդկանց չենք տեսել մարտի դաշտում:

– Այնուամենայնիվ, արտակարգ պատահարներ լինում են, դրանց կանխարգելման ինչպիսի՞ միջոցառումներ են ձեռնարկվում այսօր բանակում:

– Զինված ուժերում գրանցվող արտակարգ պատահարների զգալի մասը միջանձնային հարաբերությունների դաշտում է և արձանագրվում է կանոնադրական հարաբերությունների խախտմամբ: Հասարակությունը իրազեկվում է միայն արտակարգ պատահարների մասին, իսկ կանխարգելված շատ դեպքերի մասին չի տեղեկանում, քանի որ դա զինված ուժերի հրամանատարների և իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքն ու պարտականությունն է: Իրականում, տեղի ունեցող միջադեպերի մեծ մասը բնույթով արագ զարգացող իրավիճակային հանցագործություններ են, որոնք հաճախ ծագում են մանրուքից: Անկախ տեղի ունեցող արտակարգ պատահարը ծնող պատճառներից` բանակի ղեկավարությունը չի նվազեցնում իր պատասխանատվության չափը, ձեռնարկում է բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները` զինծառայողների մահվան, վիրավորման կամ խեղման դեպքերը կանխելու նպատակով և հետևողական է, որպեսզի բացառվի անպատժելիության մթնոլորտը: Կարծում եմ` հանցագործությունների կանխարգելման թերևս լավագույն ձևը հանցագործություն կատարած անձանց օրենքի ողջ խստությամբ պատժելն է: Ի դեպ, հաճախ հնչող այն հարցադրումները, թե ինչու յուրաքանչյուր միջադեպից հետո զորամասի հրամանատարական կազմը չի պատժվում, հիմնավոր չեն: Այն սպաները, որոնք անցնում են քրեական գործով, քրեական պատասխանատվության են ենթարկվում, իսկ ովքեր կատարված հանցագործությանը մասնակից չեն և մեղավոր են միայն ծառայական պարտականությունների կատարման թերացման համար, ենթարկվում են կարգապահական տույժերի: Պաշտպանության նախարարի պաշտոնում իմ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում ավելի քան 30 բարձրաստիճան զինվորականներ /վարչության պետեր, գնդի, բրիգադի հրամանատարներ/ կարգապահական տարբեր պատճառներով արձակվել են պահեստազոր կամ նշանակվել են ավելի ցածր պաշտոնի:

Սա մեր ամենօրյա աշխատանքն է, և եթե ամեն անգամ ի լուր աշխարհի այդ մասին չենք հայտարարում, դա չի նշանակում թե բարձրաստիճան զինվորականները պատիժներից զերծ են մնում: Իսկ եթե կոնկրետ այս կամ այն սպան չի անցնում քրեական գործով, անթույլատրելի է անմեղ մարդուն դատապարտելը, ինչքան էլ առանձին մարդիկ պահանջեն ազատազրկման դատապարտել: Ի դեպ, սա ևս պետք է լինի իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում:

Բանակում գոյություն ունեցող խնդիրները մենք լավ գիտենք ու ամեն օր աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ: Որպեսզի ոչ կանոնադրական հարաբերությունները բացառվեն, անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, որոնց անբաժանելի մասն են կազմում սպաների կրթության մակարդակի բարձրացումը, զինվորի իրավագիտակցության բարձրացումը և հասարակությունից բանակ ոչ առողջ բարքերի ներթափանցման արգելումը:

Սպաների կրթության և զինվորի իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ մենք բարեփոխումներ ու մեթոդական ամենօրյա աշխատանքներ ենք իրականացնում, արդյունավետ գործում են նաև օրինախախտումների մասին ահազանգման մեխանիզմները:

Իսկ հասարակությունից բանակ անառողջ գաղափարների թափանցումը կանխելը պահանջում է, որ հասարակական մյուս ինստիտուտները նույնպես` ընտանիք, դպրոց, համալսարան և այլն, երիտասարդի արժեքային համակարգի ձևավորման հարցում իրենց գործառույթները պատշաճ կատարեն:

Կանխարգելիչ միջոցառումների արդյունքում մենք ընթացիկ տարում ունենք արտակարգ պատահարների վիճակագրության նվազում, այդ մասին տարեվերջին կիրազեկենք հանրությանը: Սակայն մյուս կողմից առկա է բանակային միջադեպերի հնչեղության ավելացում, որը պայմանավորված է տեղեկատվական միջոցների զարգացմամբ ու ընդլայնմամբ:

-Կարծում եք՝ կա՞ հնարավորություն բանակի խնդիրները հասարակության հետ միասին լուծելու։

-Քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներից, այդ թվում՝ տասնյակ հասարակական կազմակերպություններից ստանում ենք համագործակցության առաջարկություններ, բանակում առկա խնդիրները համատեղ կարգավորելու գործնական ծրագրեր։ Մենք ընդունում, քննարկում եւ հավանության դեպքում կյանքի ենք կոչում հասարակական կառույցների առողջ առաջարկությունները։ Մեծապես կարեւորում ենք նաեւ պաշտպանական գերատեսչությանն ուղղված կառուցողական քննադատությունը, քանզի այն օգնում է շտկելու առկա թերությունները։ Բարձր ենք գնահատում բանակաշինությանը հասարակական աջակցություն ցուցաբերելու հարցում երկրի պաշտպանությամբ մտահոգ քաղաքացիների ու կազմակերպությունների գործնական քայլերը։ Բանակի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար ներդրվել են ահազանգման ու բողոքարկման գործուն մեխանիզմներ, որոնց շնորհիվ, օրինակ, զորակոչի ենթակա քաղաքացին կարող է զորակոչի վերաբերյալ իր մտահոգությունները մանրակրկիտ քննարկել ու բողոքարկել, իսկ զինծառայողը կարող է իր իրավունքները պաշտպանել՝ ահազանգելով շուրջօրյա գործող վստահության հեռախոսահամարներով։

Իրականում, այսօր բանակ-հասարակություն միջավայրում գոյություն ունի երկխոսության լայն դաշտ, որն ապահովում է տասնյակ հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ստեղծագործական միությունների հետ համագործակցության եւ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի միջոցով։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ի սկզբանե չեն այրում համագործակցության կամուրջները։ Պաշտպանության նախարարությունը հասարակական կառույցների հետ համագործակցության մեծ փորձ ունի, եւ նոր ի հայտ եկած մի քանի կազմակերպություններ թող մեզ չվախեցնեն իրենց աղմուկ-աղաղակով, ավելի լավ է ստեղծագործ աշխատանք կատարեն՝ փորձելով վաստակել հանրային եւ պետական աջակցություն։

– Ինչպիսի՞ն է մեր բանակի մարտունակությունն այսօր:

– Յուրաքանչյուր պետության զինված ուժերի մարտունակությունը քննության է ենթարկվում մարտական պայմաններում: Հակառակորդին որակապես գերազանցելու սկզբունքով առաջնորդվելով` մեր բանակը ամեն օր այդ քննությունը գերազանց է հանձնում և թվաքանակով իրեն գերազանցող հակառակորդին պարտադրում հարաբերական խաղաղություն: Մեր զինվորները հերոսաբար են իրենց ծառայությունն իրականացնում հակառակորդի հետ շփման գծում: Նրանց նվիրումի ու մարտական ոգու շնորհիվ անառիկ են մեր պետության սահմանները:

Խորագիր՝ Ուշադրության կենտրոնում


02/11/2011