ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ԼԻԲԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Լիբիայում զենքի տարածումն արգելելու վերաբերյալ: Ռուսաստանի ներկայացրած բանաձևի օգտին միաձայն քվեարկել են Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:
Փաստաթղթում Լիբիայի նոր իշխանություններին կոչ է արվում ոչնչացնել երկրի տարածքում պահվող քիմիական զենքի բոլոր պաշարները, ինչպես նաև թույլ չտալ սովորական սպառազինության, հատկապես դյուրակիր զենիթահրթիռային համալիրների տարածումը հարևան պետություններ:
Հոկտեմբերի 30-ին լիբիական իշխանությունները հայտարարեցին Քադաֆիի ռեժիմից մնացած քիմիական զենքի պահեստներ հայտնաբերելու մասին: Ազգային անցումային խորհրդի վարչապետ Մահմուդ Ջիբրիլը նշեց, որ իրենք նման սպառազինություն պահելու անհրաժեշտություն չունեն, և պատրաստ են ոչնչացնել դրանք միջազգային համապատասխան կառույցների օգնությամբ:
Սակայն հայտնի է, որ քաղաքացիական պատերազմի հետևանքով բազմաթիվ զինապահեստներում հսկողությունը զգալիորեն թուլացել է, և միջազգային հանրությունը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ չպահպանվող սպառազինությունը, հնարավոր է նաև քիմիական, անցած լինի ահաբեկչական խմբավորումների ձեռքը:
Մինչ այդ Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ հայտնաբերված իպրիտ գազի պաշարները հիմնականում վաղուց կորցրել են իրենց մարտական հատկությունները:
1970-ական թթ. Լիբիան ուներ շուրջ 23 000 տոննա իպրիտ: Միջազգային ճնշման ներքո պարբերաբար իրականացվում էր որոշակի քանակի ոչնչացում: Սակայն քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչները լքեցին երկիրը` դադարեցնելով ոլորտի վերահսկողությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական