Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՓԱԿԻ ՄԱՆԱՍԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ



Ղրղզստանի նոր ընտրված նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ չի ցանկանում ներգրավված լինել իրանա-ամերիկյան հնարավոր հակամարտությանը: Նա նշել է, որ 2014թ., երբ կլրանա Մանաս օդանավակայանը ամերիկացիներին վարձակալությամբ հանձնելու ժամկետը, ինքն այլևս չի երկարաձգի պայմանագրի գործողության ժամկետը:

Նրա խոսքով, Մանասը քաղաքացիական նշանակության օդանավակայան է, որը չի կարելի օգտագործել որպես ռազմական բազա: Սակայն Վաշինգտոնի հետ կնքվել է պայմանագիր, և կողմերը պարտավոր են հարգել և կատարել պայմանագրի պահանջները: Կկատարվեն նաև մյուս միջազգային պայմանագրերը, բայց 2014թ. ամերիկյան բազան դուրս է բերվելու Մանասի տարածքից, թեև դրանով որոշակիորեն վնաս կհասցվի Աֆղանստանում ամերիկյան ծրագրերին:

Ատամբաևը չի կարծում, որ ամերիկյան բազան ապահովում է Ղրղզստանի անվտանգությունը: Ընդհակառակը, այն հնարավորություն է տալիս հավանական պատերազմի մասնակից կողմերից մեկին, մասնավորապես Իրանին, ռմբահարել հակառակորդին օգնություն ցույց տվող երկիրը և այնտեղ տեղակայված ռազմական բազան: Այդ պատճառով էլ Ատամբաևի համար սեփական ժողովրդի անվտանգությունը ավելի կարևոր է քաղաքական գործիչների շահերից:

Պենտագոնի ավիացիոն բազան տեղակայվել է Բիշքեկի Մանաս միջազգային օդանավակայանի տարածքում 2001թ. Աֆղանստանում անցկացվող ռազմական օպերացիային աջակցելու նպատակով: Հետագայում այն վերակազմավորվեց տրանզիտային փոխադրումների կենտրոնի և այժմ մեծ դերակատարում ունի ռազմական տեխնիկան և անձնակազմը Աֆղանստան հասցնելու գործում:

2009թ. Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանմբեկ Բակիևը նույնպես հայտարարել էր, որ կփակի ամերիկյան ռազմական բազան: Սակայն հետագայում հրաժարվեց իր խոստումներից` զրկվելով ռուսական աջակցությունից:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


02/11/2011