ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՎԻԱԿԻՐ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԸՆԴԼԱՅՆԻ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը ավիակիր խմբավորումներ ձևավորելու մասին որոշում է ընդունել: Դա թույլ կտա ընդլայնել ռուսական ռազմական նավատորմի ազդեցության գոտին Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում:
Այժմ ռուս զինվորականները կազմում են նոր ավիակրի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները: Նախատեսվում է, որ 2027թ. երկու օվկիանոսներում արդեն կգործեն առանձին ավիակիր խմբավորումներ: Նոր ռազմանավը ամենայն հավանականությամբ կօգտագործի ատոմային էներգիա:
Ավիակիրը ջրարկելուն զուգահեռ պետք է պատրաստ լինեն նաև ուղեկցող 15 նավերը` հրթիռային հածանավեր, ականակիր նավեր, բազմակի նշանակության սուզանավեր, պահականավեր, դեսանտային և ապահովման նավեր: Կկառուցվեն նաև դրանց ապահովման ցամաքային նոր բազաներ:
Ներկայումս ՌԴ ռազմական նավատորմն ունի մեկ ավիակիր նավ` «Խորհրդային միության ծովակալ Կուզնեցով»: Այն կառուցվել է 1985թ. և սպառազինության ընդունվել 1991թ.: ՌԴ Հյուսիսային նավատորմի կազմի մեջ մտնող նավի ավիախումբը բաղկացած է 12 Կա-27 ուղղաթիռից և 33 Սու-33 տախտակամածային կործանիչներից: 2012թ. այն կկանգնի նորոգման և արդիականացման և շարք կվերադառնա միայն 2017թ.:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական