ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1919թ. նոյեմբերի 5-ին Թառաթումբ գյուղում (Եղեգնաձորի շրջան, Հայաստան):
Աղվան Նահապետի Բաբայանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, դասակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ:
1939թ. ավարտել է Երեւանի մանկավարժական տեխնիկումը:
1941թ. հուլիսից եղել է գործող բանակում: Մարտնչել է Հարավարեւմտյան, Հյուսիսկովկասյան, Հարավային, Ուկրաինական 4-րդ, Մերձբալթյան 1-ին, Բելոռուսական 2-րդ եւ 3-րդ ռազմաճակատներում: Չորս անգամ վիրավորվել է:
Մասնակցել է Կիեւի պաշտպանությանը, Կուբանի ազատագրմանը, Դոնբասի, Մելիտոպոլի, Ղրիմի հարձակողական գործողություններին, այդ թվում՝ Սեւաստոպոլի ազատագրմանը, Բելոռուսական, Մերձբալթյան, Արեւելապրուսական ռազմավարական հարձակողական գործողություններին:
1941թ. օգոստոսի 10-ից 37-րդ բանակի մի դիվիզիայի կազմում Բաբայանը մարտնչել է Կիեւից հյուսիս Դնեպրի բնագծում, Սվարոմյե-Օկունինովո շրջանում:
1943թ. ամռանը 56-րդ բանակի 216-րդ հրաձգային դիվիզիայի կազմում Հյուսիսկովկասյան ռազմաճակատում մասնակցել է դեպի Կուբան հարձակման մարտերին, 1943թ. օգոստոս-սեպտեմբերին 51-րդ բանակի կազմում Հարավային ռազմաճակատում՝ Դոնբասի հարձակողական գործողությանը եւ թշնամու պաշտպանության ճեղքմանը:
1944թ. ապրիլի 8-ից մայիսի 12-ը 51-րդ բանակի կազմում մասնակցել է Ղրիմի ռազմավարական գործողությանը եւ Սեւաստոպոլի ազատագրմանը: Եռօրյա թեժ ու անողոք մարտերից հետո Աղվան Բաբայանի դասակի գրոհային խումբը 1944թ. մայիսի 8-ին առաջինն է ներխուժել հակառակորդի դիրքեր եւ նռնակներով ոչնչացրել դօտի կայազորը: Այնուհետեւ, արդեն վաշտը ղեկավարելիս, Բաբայանը հաջողությամբ վարել է մարտը քաղաքի ծայրամասում: Իսկ երբ գումարտակի հրամանատարը զոհվել է, նա ստանձնել է հրամանատարությունը: Գումարտակը տիրել է քաղաքի մի շարք թաղամասերի՝ ոչնչացնելով 100-ից ավելի հիտլերականի:
Մայիսի 9-ին ռազմաճակատի զորքերն ազատագրել են քաղաքը: Ծովուղիով տարհանման թշնամու փորձը ձախողել են Սեւծովյան նավատորմի նավերն ու ավիացիան: Թշնամու զինուժի մնացորդները Խերսոնում մայիսի 12-ին հանձնվել են:
1945թ. մարտի 24-ին ավագ սերժանտ Աղվան Նահապետի Բաբայանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:
Պարգեւատրվել է նաեւ Կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի 1-ին եւ 2-րդ աստիճանների (1985թ. եւ 1943թ.), «Կարմիր աստղի» շքանշաններով, մեդալներով:
1945թ. 49-րդ բանակի կազմում Բելոռուսական ռազմաճակատում կրտսեր լեյտենանտ Բաբայանը մասնակցել է Արեւելապրուսական ռազմավարական գործողությանը՝ թշնամու Պսաշնիշ-Մլավյան, ապա Բելոռուսական 3-րդ ռազմաճակատի (Կալինինգրադ) հարավում ու հարավ-արեւմուտքում՝ Հայլիգսբերգյան խմբավորման վերացմանը:
1945թ. վերջին զորացրվել եւ վերադարձել է Հայաստան: Աշխատել է որպես Թառաթումբի գյուղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 1947թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ: 1955թ. ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը: Եղել է Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն:
Աղվան Նահապետի Բաբայանը մահացել է 1992թ. հունվարի 17-ին:
Խորագիր՝ #14 (1334) 8.04.2020 - 14.04.2020, Պատմության էջերից