ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՇՈՏ ԱՄԱՏՈՒՆԻ
Խորհրդային Միության մինչև վերջերս ողջ հայազգի հերոսը՝ Աշոտ Հաբեթի Ամատունին, երկար (շուրջ մեկ դար) և բովանդակալից կյանք ապրեց եւ մահկանացուն կնքեց հեռավոր Սիմֆերոպոլում, որտեղ հաստատվել էին որդիներն ու կայացել որպես սիրված բարերարներ, հայանպաստ բոլոր ձեռնարկումների նախաձեռնողներ ու իրականացնողներ՝ գործարարությամբ վաստակած միջոցները առատաձեռն ներդնելով դրանցում:
Նրանք 106-ն էին։ 106 քաջազուն հայորդիներ, որոնք միահամուռ ոչ ասացին ֆաշիզմին, մեկ մարդու նման զենք վերցրին` պաշտպանելու հայրենիքը` Խորհրդային Միությունը, և արժանացան այդ հաղթանակած կայսրության ամենամեծ պարգևին` Հերոսի կոչմանը։ Այդ տարիներին կայսրության մի մասնիկն էր նաև փոքրիկ Հայաստանը, որի ոչ լրիվ մեկուկես միլիոն բնակչությունից հայրենիքը պաշտպանելու մեկնեցին ավելի քան 400 հազարը, իսկ պատերազմում թշնամու դեմ պայքարող հայորդիների ընդհանուր թիվն անցնում էր 600 հազարից. ռազմադաշտ էին մեկնել Ռուսաստանում ու Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, աշխարհի բազմաթիվ երկրներում ապրող հայեր, որոնցից ավելի քան 60-ը գեներալներ ու ծովակալներ էին։
…Պատերազմն սկսվելու հաջորդ օրը` հունիսի 23-ին, կամավոր բանակ մեկնելու խնդրանքով Լենինականի (այժմ` Գյումրի) զինկոմիսարիատ մտավ 18-ը դեռ չբոլորած, Լենինականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող Աշոտ Հաբեթի Ամատունին։ Որպես գնդացրորդ մասնակցեց Ուկրաինայի, Մոլդովայի համար մղված մարտերին, Ստալինգրադի մատույցներում ծանր վիրավորվեց։ Կարճատև բուժումից հետո Սարատովի տանկային ուսումնարանում սովորեց տանկիստների պատրաստման արագացված կուրսերում և կրտսեր լեյտենանտի առաջին սպայական ուսադիրներով իրեն վստահված դասակը հասցրեց Օմսկ` տանկեր ստանալու և ռազմաճակատ մեկնելու համար։ Այնուհետև տանկային վաշտի, գումարտակի, գնդի հրամանատարը պարբերաբար նոր նշանակումներով մասնակցեց Կրիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օդեսա, Տիրասպոլ, Նիկոլաև, Մարիուպոլ, Մազովեցա, Դեմգլինա, Լյուբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը: Միայն Սոխաչևի շրջանում նրա տանկային դասակը ոչնչացրել է 3 շոգեքարշ, 110 ավտոմեքենա, 2 հրանոթ, 2 զենիթային թնդանոթ, 6 ականանետ, 8 զինապահեստ և գերությունից ազատել 250 զինվորի և 150 քաղաքացու: Լյուբեն քաղաքի համար մղվող մարտերում Ամատունու դասակը օդանավակայանում ոչնչացրել է 17 ինքնաթիռ, իսկ Ինովրացլավում գրավել է 3 էշելոնացված շարժակազմ, ոչնչացրել 3 շոգեքարշ, 2 հրանոթ, 2 տանկ, օդանավակայանում` 10 ինքնաթիռ, ավելի քան 250 զինվորի: Լեհական Սոխաչև, Լյուբեն և Ինովրացլավ քաղաքների ազատագրման ժամանակ հրամանատարության հատուկ առաջադրանքների հաջող կատարման ու ցուցաբերած արիության և հերոսության համար 3-րդ տանկային գումարտակի հրամանատար, գվարդիայի լեյտենանտ Ա.Հ.Ամատունուն ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունը 1945թ. փետրվարի 25-ի հրամանագրով շնորհել է Խորհրդային Միության հերոսի կոչում` պարգևատրելով Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Բեռլինի գործողության ժամանակ՝ քաղաքի մատույցներում պատերազմի հաղթական ավարտից տառացիորեն ժամեր առաջ, Ամատունին նորից ծանր վիրավորվեց…
Պատերազմից հետո՝ 1951թ., Ամատունին ավարտեց զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան: 1952-1958թթ. ծառայեց որպես տանկային գնդի Տիրասպոլի, 1958-63թթ.` Բելցիի տանկային դիվիզիայի հրամանատար, 1963-73թթ.` Սիմֆերոպոլի կորպուսի հրամանատարի տեղակալ, 1973-84թթ.` Երևանում տեղակայված 7-րդ բանակի հրամանատարի տեղակալ: 1984թ. գեներալ-մայորի կոչումով Ամատունին զորացրվել է պահեստազոր: 1984-1995թթ. եղել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի տնօրեն, այնուհետև` թանգարանի՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգ անցնելուց հետո` որպես գլխավոր խորհրդական և գիտական խորհրդի քարտուղար։
Ուկրաինայի կառավարության հրավերով 2010 թ. Ամատունին բնակվելու տեղափոխվեց Սիմֆերոպոլ, բնակարան ստացավ, նաեւ՝ Ուկրաինայի բանակի գեներալ-լեյտենանտի կոչում: Հերոս գեներալն ակտիվորեն մասնակցում էր ինչպես տեղի պատանիների և աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության, այնպես էլ հայկական համայնքի գործունեությանը: Նա Ղրիմի պատերազմի վետերանների կոմիտեի նախագահն էր:
Գյումրեցի հերոսը մահկանացուն կնքեց 2018 թ. հոկտեմբերի 9-ին և կառավարական բարձր պատիվներով ու խոնարհումով թաղվեց Սիմֆերոպոլի գերեզմանոցում: Սիմֆերոպոլում նրա անունով փողոց է անվանակոչվել և միջնակարգ դպրոց:
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #14 (1334) 8.04.2020 - 14.04.2020, Պատմության էջերից