ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆԸ
Սիրելի՛ զորահրամանատարներ և զորականներ Հայոց բանակի
Ահավասիկ վերստին կանգնած լինելով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի թափուր գերեզմանի իրականության առջև՝ անսասան ու բոլորանվեր հավատքով Քրիստոսի պատգամների խորհրդի մեջ մտնելու կարիքն ունենք։ Համընդհանուր համավարակի առիթով առանձնացումի այս օրերին առիթն ունենք մտորելու Աստվածային ճշմարտությունների և իրողությունների շուրջ, որոնք շուրջ երկու հազար տարի առաջ հեղաշրջեցին մարդկային փորձառությունն ու իրականությունը՝ «ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ» ավետիսով։ Քրիստոսի Սուրբ գերեզմանից ծագած և առաքյալների ձեռամբ Հայաստան աշխարհը լուսավորած հարության ու անմահության հույսն ամրացրել է հավատավոր մեր ժողովրդի զավակների հոգին՝ վանելով անգիտության խավարն ու մահվան երկյուղը:
Սիրելինե՛ր, մեր հավատն է, որ մարդկային գիտությունն ու փորձառությունը՝ լցված Քրիստոսի հրաշափառ Հարությամբ, իմաստությամբ և ազգային միասնականությամբ՝ համավարակով պայմանավորված երևելի և աներևույթ թշնամիների դեմ պայքարում կպսակվի հաղթական հրաշքով։
Առ Աստված ապավինությամբ հավատում ենք, որ Հայոց բանակի զորահրամանատարներիդ ու զորականներիդ Քրիստոսի Հարության հավատով կենսավորված անսասանությունն ու նախանձախնդրությունը կպսակվեն անձնդիր նվիրումով ծառայասիրությամբ ու Աստծու հետ հաղորդության պահպանմամբ։
Ի խորոց սրտի միասնական աղոթքով է լցված մեր հոգին, որպեսզի համավարակի դարձակետային այս դժվարին օրերին Փրկչի հարության զորությունն անկոտրում ու անսասան պահի ոգին ու բազուկը հայրենյաց պաշտպան մեր զավակներիդ՝ շնորհելով Իր աստվածային զորությունն ու անսպառ եռանդով լեցուն քաջառողջ կյանքի արևշատ տարիներ։
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Օրհնությամբ՝
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ
Խորագիր՝ #14 (1334) 8.04.2020 - 14.04.2020, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում