ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։
Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում և եղանակային բարդ պայմաններում՝ ապահովելով իրականացվող ստուգումների 99% ճշգրտություն: