ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Մկրտությունն ինչպե՞ս է կատարվում Հայաստանյայց Եկեղեցում
– Մկրտությունը մեր Եկեղեցում կատարվում է ջրով եւ քահանայության աստիճան ունեցող պաշտոնյայի ձեռքով։
Մկրտվողը գալիս է կնքահոր հետ, մկրտիչ քահանան հարցաքննում է կնքահորը, հետո վերցնում փոքրիկին եւ երեք անգամ ընկղմում Ավազանի ջրի մեջ Ամենասուրբ Երրորդության անունով՝ ասելով. «… Ծառայս Յիսուսի Քրիստոսի, եկեալ յերախայութենէ ի Մկրտութիւն, մկրտի յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. գնեալ Արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զորդեգրութիւն Հօրն երկնաւորի՝ լինել ժառանգակից Քրիստոսի եւ տաճար Հոգւոյն Սրբոյ»։
Ի՞նչ ենք հասկանում՝ երախայություն ասելով
– Երախա բառն այստեղ նշանակում է չմկրտված անձ։ Նախկինում Մկրտության եկողները որոշված ժամանակից 40 օր առաջ սկսում էին պատրաստվել սուրբ խորհուրդն ընդունելուն, այսինքն՝ սովորում էին քրիստոնեական ուղղափառ դավանությունը, քրիստոնեական ապրելակերպի սկզբունքները եւ հետո մկրտվում։ Քառասնօրյա պատրաստության այս վիճակը կոչվում է երախայություն։
Հիմա երախայություն կա՞
– Եթե մեկը ծնված է քրիստոնյա ծնողներից, սակայն իր մանկության ժամանակ չի մկրտվել եւ չափահաս է դարձել, կոչվում է երախա։ Այլ կրոններից դարձի եկող չափահասները եւ փոքրիկները նույնպես, որոնք ուզում են քրիստոնյա լինել, պատրաստվում կամ երախայանում են, ապա՝ մկրտվում։
Հավատամքի մեջ ասվում է՝ մի Մկրտություն. ո՞րն է դրա բացատրությունը
– Ինչպես որ մի (մեկ) է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, այնպես էլ մի (մեկ) է քրիստոնեական Մկրտությունը, այսինքն՝ որեւէ անձ միայն մեկ անգամ է մկրտվում՝ քրիստոնյա դառնալու համար. այլ խոսքով՝ Մկրտությունը չկրկնվող խորհուրդ է։
Ուրեմն, քրիստոնեական Եկեղեցում չկա՞ կրկնամկրտություն
– Սկզբունքորեն չկա։ Առաքյալը հայտարարում է. «Մի Տեր, մի հավատք, մի մկրտություն» [Եփես. Դ 5]։ «Չգիտե՞ք, որ մի անգամ մկրտվեցիք Հիսուս Քրիստոսով, Նրա մահով մկրտվեցիք» [Հռոմ. Զ 3]։
Հայաստանյայց Եկեղեցու մեջ Մկրտության Ավազանի անշարժությունը, ըստ սուրբ Հովհաննես օձնեցի կաթողիկոսի, նշանակն է Մկրտության խորհուրդի անհողդողդության։
Ի՞նչ է կատարվում մկրտության շնորհիվ
– Մկրտվելով՝ մարդիկ ոչ միայն սրբվում են մեղքից եւ որդեգրվում Աստծուն՝ շնորհի կյանքի մեջ, այլեւ եղբայրանում են իրար՝ որպես սուրբ Ավազանից ծնվածներ։ Քրիստոնեական Եկեղեցում մարդկային հավասարության, եղբայրության եւ արդարության խորհուրդներն իրագործվում են Մկրտության արդյունքով. այս մասին է ասում Պողոս առաքյալը. «Բոլորդ Հիսուս Քրիստոսի հավատքով Աստուծո որդիներ եք։ Բոլորդ, որ մի անգամ մկրտվեցիք Քրիստոսով, Քրիստոս եք հագել, խտիր չկա ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի, զի դուք բոլորդ մեկ եք Հիսուս Քրիստոսով» [Գաղատ. Գ 27-28]։
Ի՞նչ պարտավորություն ունի մկրտվածը
– Որպեսզի մկրտվածները կարող լինեն պահելու եւ զգալու Մկրտության շնորհը, պետք է հոգեպես արթուն լինեն, կենդանի պահեն իրենց քրիստոնեական հավատը, անհոգության կամ անտարբերության մեջ չթմրեցնեն իրենց միտքն ու հոգին։ Մկրտությամբ սրբացած հոգիները պետք է միշտ կապված մնան իրենց Փրկչին։
Այդ դեպքում ի՞նչ պիտի լինի փոքրիկ մկրտվածների վիճակը
– Փոքրիկը դեռեւս չունի չափահասի կարողությունները, նա ամբողջովին կախված է իր ծնողներից, հետեւաբար ծնողների կամքը, գիտակցությունը, հավատը, նրանց պարկեշտ կյանքն ու կենցաղը օրինակ եւ ուղեցույց են նրանց համար։ Այդ պատճառով էլ ծնողները հիմնովին պատասխանատու են իրենց փոքրիկների հոգեւոր դաստիարակության եւ զարգացման համար։
Ո՞րն է կնքահոր պարտքն ու պաշտոնը
– Ցավոք, մեր օրերում կնքահայրությունը անվանական մի պաշտոն է դարձել։ Իրականում կնքահայրն է մկրտվածի դաստիարակը։ Ծնողների չափ եւ նրանցից առավել մեծ է կնքահոր իրավունքը իր հոգեւոր սանի նկատմամբ, եւ այս է պատճառը, որ նրանք դառնում են հոգեւոր ազգականներ եւ չեն կարող խնամիություն անել միմյանց հետ։
Ցանկալի է, որ կնքահայրերն արարողական պարտականությունից զատ փորձեն հոգ տանել իրենց սանիկների հոգեւոր կրթության համար։
Որո՞նք են մկրտվածների կրոնական դաստիարակության միջոցները
– Եկեղեցում կատարված աստվածային պաշտամունքին մասնակցելը եւ նրանից անբաժան կենդանի խոսքը, քարոզությունը լսելը։
ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր