ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՐՇԱՎԱՅԻՆ ՈՒԺԵՐ
Հարգելի՛ պարոն Նախագահ (Վուդրո Վիլսոն)
Համաձայն պարոն (Հենրի) Մորգենթաուի (Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան) հետ Ձեր խորհրդակցության և ինձ հետ մի քանի քննարկումների՝ Հայաստանի հետ կապված, մենք հանդես ենք գալիս հետևյալ համատեղ առաջարկություններով, որոնք պետք է հասցվեն պետությունների (Դաշնակից ուժերի) ղեկավարներին՝ նախքան Ձեր մեկնելը.
1) Մենք առաջարկում ենք Հայաստանում նշանակել մեկ ժամանակավոր ռեզիդենտ հանձնակատար, որը կունենա Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի լիակատար իրավասությունը Հայաստանի դե ֆակտո կառավարության հետ իրենց բոլոր հարաբերություններում՝ որպես այդ կառավարությունների համատեղ ներկայացուցիչ Հայաստանում: Իր պարտականությունների շրջանակում նա կարող է անհրաժեշտ համարել հսկողություն իրականացնելու և խորհրդատվություն տրամադրելու կառավարական տարբեր հարցերի վերաբերյալ և ռուսական, և թուրքական Հայաստանում, ինչպես նաև՝ վերահսկելու օգնության և հայրենադարձության հարցերը՝ մինչ կվճռվի այս տարածքի քաղաքական ճակատագիրը:
2) Եթե տարբեր կառավարությունները համաձայնեն այս ծրագրին, ապա անհապաղ պետք է տեղեկացնել Թուրքիայի և Հայաստանի դե ֆակտո կառավարություններին նրա նշանակման և լիազորությունների մասին: Ավելին, նա կներկայացնի Ամերիկայի օգնության վարչությունը, և Մերձավոր Արևելքի Օգնության հանձնաժողովը ռուսական և թուրքական Հայաստանում կստանձնի ամբողջ պատասխանատվությունը բոլոր աշխատանքների համար:
Այս պաշտոնի համար իդեալական մարդ կլինի գեներալ Հարբորդը, քանի որ, ենթադրում եմ, բոլոր դեպքերում ցանկալի կլիներ ամերիկացի նշանակել… Ենթադրում եմ նաև, որ այս Առաքելության անձնակազմը անպայմանորեն կազմված կլինի բանակի և նավատորմի սպաներից, որոնք կպահպանեն իրենց կոչումներն ու վարձատրությունները, և Մերձավոր Արևելքի Օգնության հանձնաժողովը պատրաստ կլինի տրամադրելու միջոցներ, որոնք պահանջվում են կողմնակի ծախսերի համար, մինչև հնարավոր լինի ձեռք բերել նմանատիպ այլ պայմանավորվածություններ:
Հերբերտ Հուվեր
Նյութը պատրաստել է Վաշինգտոնի
Հայ Ազգային Ինստիտուտը
Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Պատմության էջերից