ԱՆԱՆՈՒՆ ՀԵՐՈՍՆԵՐ
2016թ. ապրիլն սկսվեց պատերազմով: Թշնամին Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողություններ ծավալեց՝ օգտագործելով իր ռազմատեխնիկայի ամբողջ կարողությունը: Անսպասելի հարձակումից տուժեց նաև Արցախի խաղաղ բնակչությունը՝ դպրոցականներ ու ծերունիներ, կանայք ու երեխաներ, մարտիրոսվեցին տասնյակ զինվորականներ՝ անառիկ պահելով Հայրենիքի սահմանը: Ապրիլյան կռվի առաջին օրվանից Քաշաթաղի շրջանի հազարից ավելի կամավորներ ցանկություն հայտնեցին կանգնելու հայրենի սահմանին ու զորավիգ լինելու առաջնագծում պայքարող զինվորներին: Արդեն չորս տարի է անցել, բայց հիշողությունները վառ են ու անմոռաց: Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանի, Մոշաթաղ համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանի, «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի կառույցի ղեկավար Վիլեն Սիմոնյանի և Քաշաթաղի շրջվարչակազմի տնտ. բաժնի վարիչ Դավիթ Մուսայելյանի հետ ապրիլի 16-ին մեկնեցինք հանրապետության հյուսիսային պաշտպանական գոտի: Զորամասի ռմբակոծության ենթարկված տարածքը համարյա նորոգված էր: Բարեբախտաբար, այստեղ զինվորներ չէին զոհվել՝ շնորհիվ սպաների ճիշտ մարտավարության: Քաշաթաղցի կամավորականները մարտական հենակետեր էին բարձրանում: Զինվորների կողքին նաև հոգևորականներ կային. ասացին՝ իրենց պարտքն է օգնել հայրենիքի պաշտպաններին: Դիրքերում տեսանք ազատամարտիկ-երգիչ Մկրտիչ Մկրտչյանին, որին ճանաչում էինք դեռ Արցախյան առաջին գոյամարտից:
Ես ուզում եմ հիշել բոլոր այն տղաներին, որոնց հանդիպեցինք մարտական դիրքեր մեր այցելության ժամանակ, երբ ապրիլյան կռիվը նոր էր ավարտվել: Անանուն հերոսների մասին պատմությունը կլռի, բայց առանց նրանց մենք չէինք հաղթի ապրիլյան պատերազմը ու չէինք պաշտպանի մեր սահմանները:
Բուժակ Դանիել Վարդանյան: Շվեդիայի բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող, սերժանտ: 21 ամիս էր, ինչ ծառայում էր այդ զորամասում: Արարատի մարզի Լուսաձոր գյուղից էր. մարտական գործողությունների օրերին 7 վիրավորի էր հանել մարտադաշտից:
Կրտսեր սերժանտ Էրիկ Մովսիսյան: Իջևանից էր: Արդեն 21 ամիս ծառայության մեջ էր, երբ սկսվեց կռիվը: Ապրիլի մեկին իր ջոկով բարձրացել էր հենակետ և ընկել ռմբակոծության տակ: Մարտական ընկերների հետ հերոսաբար դիմակայել էին թշնամուն, պատճառել մարդկային կորուստներ ու հետ շպրտել:
Շարքային Սևակ Գրիգորյան: Ստեփանավանից էր: Մեկ տարվա ծառայող: Նրանց մարտկոցը մեծ վնաս էր հասցրել թշնամուն:
Գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական, ավագ լեյտենանտ Գաբրիել Գաբրիելյան: Ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը և 3 տարի է, ինչ ծառայում էր: Մարտերի օրերին լավ էին աշխատել, գոհ էր. թշնամին հասկացել-զգացել էր՝ ովքեր են մեր հրետանավորները, քանի որ կրել էր մարդկային ու տեխնիկայի մեծ կորուստներ:
Հենակետի պատասխանատու, սերժանտ Գրիշա Խաչատրյան: Վարդենիսի Կարճաղբյուր գյուղից էր: Ծառայության ավարտին դեռ 8 ամիս կար: Իր ջոկով դիմակայել էր թշնամու հարձակումը: Տանկերից ու ականանետներից ռումբեր էին թափել ադրբեջանցիների հենակետի վրա և, բարեբախտաբար, զոհեր չէին ունեցել: Ավագ լեյտենանտ Տարոն Հարությունյան: Նրան ճանաչում եմ դեռ 2014-ից: Քաջորդին մարտերի ընթացքում կարողացել էր իր զինվորների հետ մեծ վնաս հասցնել թշնամուն:
Զինվոր Իշխան Գրիգորյան: Արալեզ գյուղից էր, մնացել էր 50 օր, որ ավարտեր ծառայությունը: Զինակից ընկերների՝ Սերգեյ Աբրահամյանի՝ Ազատավան գյուղից, Ավետիս Հովհաննիսյանի՝ Այնթապից, Մասիս Ներսիսյանի՝ Գավառից, Խորեն Հարությունյանի՝ Արծվանիստ գյուղից և այլոց հետ քառօրյա մարտերի ընթացքում թշնամուն հետ էին շպրտել, պայքարել էին քաջաբար ու դեռ առաջնագծում էին:
Վաշտի հրամանատար, կապիտան Վաչագան Մովսիսյան: Ստեփանավանից էր: Ավարտել էր Վ.Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը և 6 տարի էր, ինչ առաջնագծում էր: Լավ ծանոթ էր տեղանքին, գիտեր՝ որտեղից կարող է ներս սողոսկել ադրբեջանցին: Եվ մեր զինվորները նրա հրամանատարությամբ քառօրյա մարտերի ընթացքում թշնամու մի քանի դիվերսիոն-հետախուզական խմբերի էին հետ շպրտել, հակառակորդին պատճառել մարդկային կորուստներ:
Դիրքի պատասխանատու, լեյտենանտ Գևորգ Գևորգյան: Աբովյան քաղաքից էր, 8 ամիս էր, ինչ այստեղ էր, արդեն լավ գիտեր տեղանքն ու հակառակորդին: Ասաց՝ ազատամարտիկների հետ ավելի վստահ են և հավելեց՝ մեր սահմանն ամուր ձեռքերում է, տղերքը պատրաստ են դիմակայելու թշնամուն և տալու հակահարված, որը շատ ցավոտ է լինելու:
Ահարոն Գրիգորյան: Վերջերս էր զորացրվել, սակայն ծանր օրերին նորից համազգեստ էր հագել և դիրքապահ էր դարձել:
70-ամյա Խաչիկ Թադևոսյան: Փոխգնդապետ: Երիտասարդական ավյունով էր առաջնագիծ եկել Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկը:
Սերժանտ Ալեքսեյ Օհանջանյանը տեղեկացրեց, որ քաշաթաղցի կամավորականների՝ Անդրանիկի, Արմենի, Յուրայի, Գևորգի, Ռոբերտի, Վոլոդյայի, Մուրադի և այլոց հետ զինվորներին են միացել նաև Ստեփանակերտից եկած ազատամարտիկները: Նրանք հսկում են ամենավտանգավոր դիրքերը, որոնցից մեկում զոհվեց Աղավնատուն համայնքի բնակիչ, կամավորական, 4 զավակների հայր 46-ամյա Համլետ Հաջոյանը:
Զինծառայողները գոհ են կամավորականներից, գիտակցում են՝ իրենք մենակ չեն, հայ ժողովուրդն իր զինվորի թիկունքին է: Ժողովուրդն ու բանակը միասին են, ուրեմն՝ անպարտ են:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Բանակ և հասարակություն