Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՒԺՆ ՈՒ ՀՄԱՅՔԸ



ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՒԺՆ ՈՒ ՀՄԱՅՔԸՆրանք վճռական են ու կամային, հպարտ և ուժեղ, համարձակ ու սկզբունքային… Հայկական բանակում ծառայող աղջիկներն այսպիսին են, ոչնչով չեն զիջում տղաներին և նրանց հետ հավասար ծառայում են հայրենիքին: Թիկունքից մինչև առաջնագիծ պահում ու պաշտպանում են երկիր հայրենին: Նրանք կրում են զինվորական համազգեստ, հագնում են բանակային կիսաճտքավոր կոշիկներ ու դառնում են ավելի հմայիչ, ավելի զորեղ…

Քսանմեկամյա Անի Ծերունյանը ծնունդով Տավուշի մարզի Չինարի գյուղից է: Սևաչյա գեղեցկուհին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի չորրորդ կուրսում է սովորում, մասնագիտությամբ մոտոհրաձիգ է: Նա հազարավոր երեխաներին խաղաղ մանկություն նվիրելու ու պաշտպանված հայրենիք ունենալու համար է ընտրել զինվորականի մասնագիտությունը: Ասում է, որ ինքն այդ խաղաղությունից զուրկ է եղել, որովհետև հակառակորդի կրակի տակ է մեծացել, ու այդ կրակոցների ձայնն է, որ այսօր իրեն բերել է բանակ.

-Այն ժամանակ չէինք հասկանում՝ ինչու են կրակում մեր գյուղի վրա: Այդ չարաբաստիկ կրակոցները այնքան հաճախ էին լինում, որ սովորում էինք դրանց ձայնին և այլևս չէինք վախենում: Երևի հենց այդ տարիներին էր, որ իմ մեջ ծնվեց սեր դեպի զինված ուժերը ու վերջապես հասցրեց ինձ այստեղ,- մասնագիտության ընտրությունն այսպես է մեկնաբանում հայկական բանակի ևս մեկ աղջիկ կուրսանտ, ևս մեկ ապագա սպա:

Կուրսանտ Ծերունյանը խոստովանում է, որ ռազմական բուհում այս տարիների ընթացքում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, փորձ ու հմտություն, այլև դարձել է ավելի ուժեղ ու ինքնավստահ:

-Կկարողանամ իմ ընտրած բարդ ու պատասխանատու մասնագիտության մեջ լինել լավագույնը, լիարժեք դրսևորել ինձ ու մեր բանակի համար կդառնամ կենսունակ զարկերակ: Մասնագիտության ընտրությունը միայն իմն է եղել: Որոշեցի մոտոհրաձիգ դառնալ, որովհետև, ի տարբերություն հրետանու, որը թիկունքում է գործում, մոտոհրաձիգը միշտ առջևում է լինում՝ առաջնագծում: Իսկ ես ցանկացած վայրում ու պայմաններում սիրում եմ առջևում լինել,- վստահեցնում է Անին:

Զինակից տղաների հետ Անին ու մյուս աղջիկները սովորում ու ծառայում են նույն պայմաններում, բայց, ինչպես ինքն է ասում, փորձությունները փոքր-ինչ ծանր են ու դժվար, թեպետ դրանք էլ հաղթահարելի են աշխատանքի, համառության ու վճռականության շնորհիվ։ Անին հենց այդ վճռականության օրինակն է, որն ապացուցել է՝ կրելով գերազանցիկի կրծքանշանը.

-Չեմ կարող ասել, թե սովորելն այստեղ հեշտ է, բայց, եթե ուզում ես լավ արդյունքի հասնել, պետք է շատ աշխատես: Ինձ համար, որպես դժվար առարկա, միայն ֆիզպատրաստությունն է եղել: Իմ աշխատասիրության շնորհիվ ինձ հաջողվեց գերազանց լինել նաև այդ առարկայից ու դառնալ բուհի գերազանցիկ:

Անի Ծերունյանը զենքի հետ վարվելու լավ փորձառություն ունի, կրակելիս էլ անվրեպ է: Ու թեև նրա ուսումնական զենքն ինքնաձիգն է, բայց նրան նռնականետի ուժն ու հզորությունն է գրավում:

Կուրսանտն արդեն հաշված օրեր հետո սպայական ուսադիրներով ու լեյտենանտի կոչումով կմեկնի ծառայության: Հոգու խորքում Անին երազանք ունի՝ պաշտպանել Հայոց աշխարհի իր փորքիկ անկյունը՝ հայրենի Չինարին:

♦♦♦

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՒԺՆ ՈՒ ՀՄԱՅՔԸ-Ես Լիանա Սիմոնյանն եմ Վանաձորից: Սովորում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Մասնագիտության մասին տեղեկացել եմ  համացանցից  ու որոշել եմ դիմել, որովհետև այս ոլորտն  ինձ շատ հոգեհարազատ է:

Կուրսանտ Սիմոնյանը նույնպես չորրորդ կուրսում է սովորում, նա Անիի համակուրսեցին է, նրա զինակից ընկերը: Նրա խոսքով՝ միայն հայրենիքի հանդեպ մեծ սերը կարող է կապել աղջկա կյանքը բանակին.

-Նրանք, ովքեր ծանոթ չեն բանակային կյանքին, խոսում են միայն բանակում առկա դժվարությունների, խնդիրների մասին, բայց շատերն անգամ չգիտեն, թե այստեղ որքան սեր, ջերմություն ու նվիրում կա, ու մեզանից յուրաքանչյուրը հենց այդ սիրով ու նվիրումով է հաղթահարում բանակային կյանքի խնդիրներն ու փորձությունները,- ասում է Լիանան ու հավելում, որ հայկական բանակին ուժեղ, ինքնավստահ ու համարձակ տղաների կողքին ուժեղ  կամքով, կիրթ ու նվիրյալ կին սպաներ են պետք, որ երկիրը միասնաբար պահեն ու պաշտպանեն, դարձնեն անվտանգ ու ապահով:

-Միգուցե ես ֆիզիկապես չհասնեմ մեր տղաներին, որպես սպա, բայց, վստահեցնում եմ, որ իմ գիտելիքների, այստեղ ձեռք բերած փորձառության շնորհիվ օգտակար կլինեմ  զինված ուժերին: Համոզված եմ՝ ճիշտ ու գրագետ մոտեցում ցուցաբերելու դեպքում պատշաճորեն կղեկավարեմ ու կառաջնորդեմ ինձ վստահված անձնակազմն ու պատվով կկատարեմ հրամանատարներիս առաջադրանքները,- ասում  է Լիանան:

Զինվորականի բարդ ու պատասխանատու  մասնագիտության հարցում, ինչու չէ, համակուրսեցի տղաներին ֆիզիկապես ոչնչով չզիջելու համար Լիանան տքնաջան պարապում է և նպատակ ունի ակնառու հաջողություններ գրանցել ծառայության ընթացքում: Կուրսանտն արդեն մեկ անգամ  մասնակցել  է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթին ու զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ այս տարի նույն մրցույթում վճռել է հաղթել։

Ռազմական բուհից մինչև զորամասեր, թիկունքից մինչև առաջնագիծ զինվորական համազգեստ կրող մեր կանայք ու աղջիկները տղաների հետ միասին կիսում են զինվորական ծառայության բոլոր դժվարությունները, ու յուրաքանչյուր ժամ և օր վերահաստատում են մեր խաղաղության երաշխավորների՝ իրենց պատվավոր կոչումը։

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուս.՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/04/2020