Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉ ԹԵ ՊԱՐՏՔ, ԱՅԼ՝ ՊԱՏԻՎ



ՈՉ ԹԵ ՊԱՐՏՔ, ԱՅԼ՝ ՊԱՏԻՎՀարավային սահմանագոտում ենք, գնդապետ Վազգեն Հակոբյանի հրամանատարությամբ գործող  զորամասում: Լույսը նոր է բացվել, և զորամասի նվագախումբը ոգեղեն կատարումով ճանապարհ է դնում մարտական հերթապահության մեկնողներին: Տեսնել է պետք պահի հանդիսավորությունն ու նվագախմբի տղաների անզուգական  կատարումը:

Զորամասի բոլոր միջոցառումներին նվագախումբը մշտապես յուրահատուկ «համ ու հոտ» է հաղորդում. մեկը մեկից տաղանդավոր երիտասարդներ են:

Շարքային Իվանե Եսայանը ջութակահար է, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի երրորդ կուրսից է զորակոչվել.

-Երկրում արմատական փոփոխությունները առիթ դարձան, որ ուսումս ինքնակամ կիսատ թողնեմ կոնսերվատորիայում եւ վերադառնամ հայրենիք՝ հայոց ազգային բանակում ծառայելու:

Տարբեր երաժշտական գործիքներ է նվագում Իվանեն՝  բարիտոն, փոքր թմբուկ, բայց ամենից հոգեհարազատը, իհարկե,  ջութակն է, որն իր հետ «զորակոչվել» է բանակ:

-Դժվար չէ՞ լարերի թրթռուն, զգայուն աշխարհից հայտնվել զորամասային միջավայրում, կանոնակարգված ռեժիմի պայմաններում:

-Ապրում ենք մի երկրում, որի պատմության որ էջն էլ թերթեք, թշնամու արյունոտ ձեռագիրն է: Ինքս արմատներով Նոյեմբերյանից եմ, ազատամարտիկի զավակ, այնպես որ՝ հստակ պատկերացնում եմ բանակի կարևորությունն ու առաջնահերթությունը:

-Ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, երբ հայրենիքիդ անվտանգությունն  է նժարին,- ընկերոջ խոսքը լրացնում է շարքային  Արտյոմ Մարտիրոսյանը:  Արտյոմի եղբայրը՝ Հայկն էլ է ծառայում նույն զորամասում, շեփորահար է:  Եղբայրները  հասակ են առել երաժիշտ-մանկավարժների ընտանիքում, երկուսն էլ կոնսերվատորիայի ուսանողներ են:

-Հզոր զենք է երաժշտությունը, հուզում է, ալեկոծում, ոգևորում, ոգեշնչում,- երաժշտության «հնարավորություններն» է թվարկում Հայկը:

ՈՉ ԹԵ ՊԱՐՏՔ, ԱՅԼ՝ ՊԱՏԻՎ-Արվեստն էլ զենք է,- ասում են նվագախմբի տղաները,- հայրենիքի սահմանին ամուր և հաստատուն կանգնած  ենք երկու զենքով:

Զորամասը շնորհալիների պակաս չունի: Երևանի Գրողների միության անդամ է շարքային Գարիկ Կարապետյանը, գրական կեղծանունն էլ՝ Գարիկ Արևշատ, երկու գրքերի  համահեղինակ է՝ «Գարունը սիրուց է ծնվել», «Գրական մեղեդիներ»: Ստեղծագործական բազում ծրագրեր ունի երիտասարդը, առաջիկայում որոշել է վեպ գրել, բանակային կյանքի որոշ դրվագներ էլ նախատեսել է ներառել ապագա գրվածքում:

-Ճիշտ է, դժվար է քաղաքացիական կյանքից կտրուկ  անցնել ծառայության, բայց, երբ գիտակցում ես, որ քո ծննդավայրն ես պաշտպանում, քո  նախնիների բնօրրանը, հասկանում ես, որ դա ոչ թե պարտք է, այլ՝ պատիվ:

…Բանակում տարբեր ունակություններով օժտված երիտասարդներ են ծառայում, մեկը նկարիչ է, մեկը՝ քանդակագործ, բանաստեղծ, երգիչ…: Բազմաշնորհ այս տղաների  հետագա հաջողությունների մասին, վստահ եմ, դեռ կլսենք, իսկ հիմա մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրումով նրանք կատարում են զինվորի իրենց առաքելությունը՝ ամուր ու անառիկ են պահում հայրենի բնօրրանը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ 

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Ազգային բանակ


16/04/2020