ԿՐԱԿԱԴԱՇՏՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ
Սահմանամերձ զորամասում վաղ առավոտից մեկնարկել է ուսումնական օրը: Կրակային պատրաստության դասաժամն է. ժամկետային զինծառայողները հրամանատարների ղեկավարությամբ ջանք չեն խնայում կրակի վարման իրենց հմտությունները հղկելու, կատարելագործելու համար, ձգտում են անվրեպ խոցել բոլոր թիրախները, գերազանցել սեփական արդյունքները: Տղաներից յուրաքանչյուրը զինվորական որոշակի մասնագիտություն ունի, իր խնդիրն ունի սահմանի պաշտպանությունն ամրացնելու գործում, և նրանցից յուրաքանչյուրը որոշակի ճանապարհ է անցել…
Կրակադաշտի մի հատվածում կրտսեր սերժանտ Պետրոս Մինասյանն իր զինանձնակազմին ցույց է տալիս յուրաքանչյուր վարժության ճիշտ կատարման կարգը, ուղղորդում է զինվորների գործողությունները: Ժամկետային զինծառայության 20-րդ ամիսը բոլորած դիրքի ավագը լավ է գիտակցում մարտական պատրաստության յուրաքանչյուր տարր լավագույնս հղկելու կարևորությունը: Նրա համար դիրք պահելը նախևառաջ մեծ պատասխանատվություն է: «Երբ կանգնում ես սահմանին ու գիտակցում, որ քեզ վստահված սահմանահատվածը պաշտպանելով՝ երկրիդ, ընտանիքիդ, հարազատներիդ անվտանգությունն ես ապահովում, բոլորովին նոր զգացողություններ ես ունենում և հասկանում ես, որ քո գործը պետք է միայն պատվով, համարձակությամբ ու մեծ նվիրումով կատարես»:
Պետրոսը երբեք չի մոռանում իր առաջին հերթափոխը, երբ գիշերը դիտակետում կանգնած՝ բարձունքից հայացքով ընդգրկեց իր պահպանության տարածքը, զգաց սեփական ուժերով ապահովվող խաղաղության գինը…
«Կարծում եմ՝ հայրենասիրությունը զինվորականի ամենակարևոր մղումն է: Երբ գիտես պատմությունդ, նախնիներիդ արած գործն ու գիտակցում ես, որ այդ ամենի շարունակողն ես, հասկանում ես, թե ինչ պատվաբեր գործ է դիրք պահելը: Դիրքը համախմբում, նոր որակ ու իմաստ է հաղորդում ընկերությանը: Ընտանեկան յուրահատուկ մթնոլորտ է ստեղծվում. տարբեր բնավորություններով, խառնվածքներով, տարբեր միջավայրերից եկած մարդիկ միավորվում են մի ընդհանուր գաղափարի ու նպատակի շուրջ: Զինծառայությունը նաև ինքնաճանաչման մի հետաքրքիր շրջան է: Հեռու ես ծնողներիցդ, ընկերներիցդ, բարեկամներիցդ, և ինքդ պետք է լուծես քո բոլոր խնդիրները: Սա լիովին փոխում, ամրացնում ու կոփում է քեզ, միտքդ դարձնում ավելի ճկուն: Մի խոսքով՝ բանակում մտածելակերպդ հասունանում է, դառնում ես լիարժեք անհատականություն»:
Պետրոսը մինչև ծառայությունը ճանաչել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին: Նրա հիշողության մեջ Ռոբերտը տպավորվել էր որպես համարձակ, ուրախ ու շատ ընկերասեր մարդ: Նրա սխրանքը անջնջելի հետք է թողել երիտասարդի հոգում. «Մեր հերոսների սխրանքով ծառայությունն է՛լ ավելի է իմաստավորվում,- ասում է Պետրոսը:- Նույնիսկ մեկ քայլ հետ գնալու տեղ չունենք: Պատվով մեր դիրքը պետք է պաշտպանենք ու հանձնենք մեզնից հետո եկողներին: Իսկ ծառայությունից հետո էլ, եթե Աստված չանի, հակառակորդի կողմից շարժ լինի մեր ուղղությամբ, բոլորս էլ պատրաստ ենք գալու, կանգնելու մեր զինակից ընկերների կողքին…»:
Կրակադաշտի մեկ այլ հատվածում իր զինատեսակից կրակի է նախապատրաստվում Կարապետ Փոլադյանը: Զինվորը վստահ է, որ այս անգամ էլ է անվրեպ խոցելու թիրախը: Եվ նա չի վրիպում: Կարապետը նռնականետորդ է: Անթաքույց հպարտությամբ ասում է. «Մեկ տարի է՝ այս զենքից կրակում եմ ու ոչ մի անգամ չեմ վրիպել»: Ծառայությունն ավարտելուց հետո Կարապետը կշարունակի ուսումը, ֆինանսիստ է դառնալու: «Սահման պահելը մեծ ոգևորություն է հաղորդում բոլորիս, սեփական ուժերին ապավինելու, միշտ առաջ շարժվելու կամք»: Կարապետը վստահ է, որ այն ամենը՝ ինքնավստահություն, խիզախություն, պատասխանատվության բարձր զգացում, որ այս ընթացքում իրեն տվել է բանակը՝ անհրաժեշտ է լինելու նաև քաղաքացիական կյանքում: Նրան տանը սպասում են փոքր եղբայրը, մայրը, հայրը: «Թող մեր ծնողները հանգիստ լինեն. ուժեղ ենք և ամուր կանգնած մեր բաժին սահմանին»,- վստահեցնում է քաջ սահմանապահը:
Զորամասի շարահրապարակում ընթացող պարապմունքին մասնակցում է նաև Երվանդ Ղազարյանը: Նա ծնվել ու մեծացել է Ռուսաստանի Դաշնության Կիրովսկ քաղաքում: Ընտանիքի հինգ երեխաներից միակ արու զավակն է: Երբ տարիքը եկել է, հայրը կանչել է որդուն ու ձեռքը դնելով ուսին՝ ասել. «Տղա՛ս, ժամանակն է, որ գնաս Հայաստան, պարտքդ կատարես»: «Ու եկա: Արդեն մի տարի և երեք ամիս ծառայում եմ հայրենիքիս»: Լավ արհեստավոր է Երվանդը: Ասում է՝ Ռուսաստանում լավ գործ ունի, ծառայությունից հետո կաշխատի, գումար կվաստակի ու կգա հետ՝ այստեղ ընտանիք կազմելու:
«Բանակն ինձ շատ բան է տվել: Նաև ֆիզիկական ուժս է բազմապատկվել, մկաններս ավելի են պնդացել: Եթե բանակ գալուց առաջ պտտաձողի վրա մեկ մոտեցումով 12 անգամ էի ձգվում, հիմա՝ 17 անգամ: Շատ եմ սիրել վազել, բայց քաղաքացիական կյանքում ժամանակ չէի ունենում, իսկ հիմա դա մեր առօրյա ֆիզպատրաստության մասն է: Մարզվում ենք նաև սարերը բարձրանալ-իջնելով, բնական արգելքներ հաղթահարելով:
Բանակը տղամարդու համար շատ կարևոր շրջան է… Հակառակորդը նենգ է, երբեք չես իմանա, թե որ պահին սադրանքի կդիմի, այդ պատճառով միշտ պետք է պատրաստ ու զգոն լինենք: Ըստ իս՝ մինչև բանակ զորակոչվելը, մեր երկրի յուրաքանչյուր երիտասարդ պետք է զենք բռնել, կիրառել սովորի: Միայն այսպես մենք կկարողանանք ամրացնել մեր պաշտպանունակությունը»:
…Զորամասի մեկ այլ հատվածում մեկնարկում են հրետանավորների պարապմունքները: Հակառակորդի թիրախների խոցման համար անհրաժեշտ մաթեմատիկական հաշվարկները ճշգրտում ու ստացված տվյալներն անհապաղ հրանոթի անձնակազմին է փոխանցում Էդգար Համբարձումյանը:
Էդգարը բժշկի մասնագիտությունն է ընտրել, սովորում է բժշկական համալսարանում: Իսկ այստեղ՝ ծառայավայրում, հրետանավոր-հաշվարկող է: Ժամկետային ծառայության ավարտին 3 ամիս է մնացել: «Շատ գոհ եմ, որ հենց հրետանավորի գործն ինձ բաժին հասավ: Ճիշտ է՝ սկզբում հետախուզությունն էր ձգում, բայց հրետանին էլ շատ սիրեցի: Հատկապես հաշվարկողի իմ մասնագիտությունը շատ կարևոր է հրետանու կառավարման գործում: Հաշվարկներ անելիս հստակ գիտակցում ես, թե որքան կյանքեր են կախված քո ճշգրտությունից ու արագությունից: Մենք՝ հրետանավորներս, խմբով ենք գործում. մեկս մյուսին թև ու թիկունք լինելով՝ կատարում ենք մեր խնդիրը: Մասնակցել ենք զորավարժությունների, զգացել ենք հրետանու զարկի զորությունը, հրանոթի կրակի ուժը, կարծես՝ մեր երակներով էր անցնում:
Հիմա, որքան որ իմ ուժերին ու արհեստավարժությանն եմ վստահ, այդքան էլ՝ ընկերներիս: Կարելի է ասել՝ փորձառու մասնագետներ ենք: Մեր մեջ նորակոչիկներ էլ կան, որոնք մեզ հետ համաքայլ առաջ են գնում:
Իհարկե, լավ կլիներ, որ հրետանու այս հզոր ու ավերիչ կրակը գործի դնելու կարիքը չլիներ, խաղաղություն լիներ, բայց, անհրաժեշտության դեպքում, պատրա՛ստ ենք ցույց տալու դրա ամբողջ զորությունը:
Բանակում իսկական ընկերներ եմ ձեռք բերել: Մի բան կարող եմ ասել. հակառակորդի ցանկացած դավադիր քայլի, սադրանքի դեպքում յուրաքանչյուրս մեր տեղում և բոլորս միասին կգործենք հստակ ու մի ամուր բռունցքի պես հուժկու հարված կհասցնենք»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆԻ
և ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Խորագիր՝ #15 (1335) 15.04.2020 - 21.04.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում