Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ 55–ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ 55--ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- սրանք Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի խոսքերն են, որոնք մարմնավորում են ոչ միայն նրա հավատամքն ու հերոսաբար ապրած կյանքի խորհուրդը, այլև մեր ազատագրական պայքարն ու Արցախյան գոյամարտը հաղթած սերնդի գաղափարախոսությունը:

Թաթուլ Կրպեյանը Արցախյան շարժման ամենավառ դեմքերից էր: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողը առաջիններից մեկն էր, որ անդամագրվեց Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջին, դարձավ «Միացում» կազմակերպության անդամ՝ ուսանողության գաղափարական առաջամարտիկը:

Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, Թաթուլ Կրպեյանի պայքարը շարունակվեց զենքով: Նա ղեկավարեց Գետաշենի ենթաշրջանի զինված ինքնապաշտպանությունը:

Թաթուլ Կրպեյանը զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելուն զուգընթաց պատմություն էր դասավանդում Գետաշենի դպրոցներում, բանաստեղծություններ գրում ու ապրում էր հզոր, արդար ու պաշտպանված Հայաստանի երազանքով:

Թաթուլ Կրպեյանը զոհվեց 1991 թվականի ապրիլի 30-ին, փլուզվող Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրագործված տխրահռչակ «Կոլցո» գործողության ժամանակ:

Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը հայոց գալիք սերունդներին թողեց հայրենիքի փրկության նժարին ամենաթանկը դնելու պատգամն ու ազգային միասնության մեծ խորհուրդը: Հերոս-մտավորականի նրա առինքնող կերպարը ոգեշնչելու և արիացնելու է հայոց բազում սերունդների:

Խորագիր՝ Նորություններ


21/04/2020