Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ 



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԳԱՐԵԳԻՆ ՇԵԿՈՅԻ ԲԱԼԱՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Գարեգին Շեկոյի Բալայանը ծնվել է 1912թ. փետրվարի 28-ին Գյուլիստան գյուղում (Շահումյանի շրջան, Հյուսիսային Ղարաբաղ, այժմ՝ Ադրբեջան), գյուղացու ընտանիքում:

Գարեգին Շեկոյի Բալայանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, կապիտան:

Ավարտել է թերի միջնակարգ դպրոցը: Աշխատել է կոլտնտեսությունում:

1939թ. եղել է Կարմիր բանակում: 1941թ. հուլիսի 20-ին ավարտել է Մոսկվայի զինվորական օկրուգի Վիշնե Վոլոչկի Կալինկովիչյան ռազմահետեւակային ուսումնարանը:

1934թ. ժամկետային ծառայությունից հետո մնացել է բանակում եւ դարձել կադրային զինվորական: 1939թ. ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացները: Մասնակցել է 1939-1940թթ. Խորհրդա-ֆիննական պատերազմին:

1941թ.-ից Գ.Շ.Բալայանը եղել է Մեծ հայրենականի ռազմաճակատներում ընթացող մարտերի գործուն մասնակիցը:

Նրա ղեկավարած ստորաբաժանումն ակտիվորեն մասնակցել է Ստալինգրադի  պաշտպանությանը, Արեւմտյան եւ Վորոնեժյան ռազմաճակատների կռիվներին:

Աչքի է ընկել Դնեպրը գետանցելիս եւ Բուկրինսկի պլացդարմում մղված մարտերում:

Գարեգին Բալայանի արիությունն ու հրամանատարական տաղանդը լիովին բացահայտվել են Մերձափնյա Ուկրաինան ազատագրելիս Դնեպրի մոտ ընթացող մարտերում:

1943թ. սեպտեմբերի 22-ին Վորոնեժյան ռազմաճակատի 3-րդ գվարդիական տանկային բանակի մեքենայացված կորպուսի 69-րդ մեքենայացված բրիգադի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, կապիտան Բալայանը առաջինների հետ գումարտակի 2 վաշտով գետանցել է Դնեպրը Կանեւ քաղաքի (Չերկասի մարզ, Ուկրաինա) շրջանում: Գետի աջ ափին կոտրելով հակառակորդի համառ դիմադրությունը՝ նրա հրամանատարությանը ենթակա վաշտերը գրավել են Զարուբենցի գյուղը եւ ապահովել բրիգադի զորամասերի գետանցումը:

Սեպտեմբերի 25-ին Գարեգին Բալայանը բացառիկ խիզախություն է ցուցաբերել Բուկրինյան պլացդարմում թշնամուց անանուն բարձունքը խլելիս: Այդ մարտը տեւել է մինչեւ երեկո, եւ թշնամին ստիպված նահանջել է: Բայց գումարտակի մարտիկներին իր հետեւից հանդուգն հարձակման տարած արիակամ հրամանատարը մի քանի ժամ անց զոհվել է՝ անմնացորդ կատարելով իր զինվորական պարտքը:

1943թ. հոկտեմբերի 23-ին կապիտան Գարեգին Շեկոյի Բալայանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Պարգեւատրվել է նաեւ «Կարմիր աստղ» շքանշանով ու մեդալներով:

Նրա աճյունը հողին է հանձնվել Կիեւի մարզի Կանեւի շրջանի Զարուբենցի գյուղում, ավելի ուշ վերահուղարկավորվել է Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքում:

Հերոսի անունն են կրում Զարուբենցի գյուղի մի փողոց եւ դպրոցը:

Հավետ գրանցված է զորամասի անձնակազմի անվանացուցակում: Բալայանի սխրանքը պատկերված է թանգարանում՝ «Ճակատամարտ Դնեպրի համար» դիորամում:

Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքի փողոցներից մեկը կրում է Հերոսի անունը:

Հայրենի Գյուլիստան ավանում նրա անունով էր կոչվում դպրոցը, իսկ Շահումյան ավանում կանգնեցված էր կիսանդրին:

Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Ճակատագրեր


23/04/2020