Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ»



«ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ»(հատվածներ)

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

 

…2 000 000 մարդ ի խաչ բարձրացավ,

2 000 000 խաչ չտնկվեց հողում,

2 000 000 խաչ տապանաքարին չփորագրվեց,

քանզի … հասարակ տապան-դագաղը

կարծես թե դարձավ Աստծու պես մի բան.

մա՜րդ չարժանացավ նրան տեսնելու եզակի բախտին…

 

Ինքը երկիրն էր մի անկափարիչ դագաղ վիթխարի,

մինչ նրա բոլոր բնակիչները՝ անդագաղ դիեր…

 

…Եվ եղավ … կյանքի ճոխ տոնավաճառ,

բարբարոսության աճուրդ մեծագին

և մարդկայնության փակ գրավատուն…

Եվ եղավ… մի նոր՝ երկրո՛րդ ջրհեղեղ,

որ իր տակ առավ- առաջի՜ն հերթին–

ա՛յն երկիրը հենց, որ Նոյին փրկեց:

Եվ իր տակ առավ այն ժողովրդին,

որ 15 դար

սրտով ու շրթով հայցեց իր Աստծուն՝

«Արձակեա՜ զմեզ»,

բայց Տերն արձակեց նրա ոսոխի՛ն՝

միայն սաստումի թելով ձերբակալ

ու սուտ խոստումի մազով թևակապ

ոսոխի՛ն նրա…

…Եվ եղավ, օ ոչ, եւ եղավ… խավար,

այսինքն՝ սկիզբ,

այսինքն՝ մարդու տարեգրության նո՛ր դարագլուխ,

հիմնադրումը գիտությա՜ն մի նոր.

– առաջին դեպքը ո՛չ կոտորածի,

առաջին դեպքը … ազգասպանությա՜ն…

 

.Մենք հաջորդներն ենք Սուրբ Նահատակաց,

սակայն բնավ էլ սուրբ չենք ինքներս,

մա՜րդ ենք հասարակ

և… հավատում ենք, որ պիտի դառնա

մեր յուրաքանչյուր խլյակը՝ ալյակ միատեղումի,

և յուրաքանչյուր փշուրը՝ պաշար մոտալուտ վաղվա,

մնացորդն՝ աճորդ,

մասունքը՝ մսուրք,

սփյուռքը՝ սպառք,

նշխարը՝ աշխարհ….

 

Եվ այս ասում եք ո՛չ դուք, ո՛չ նրանք,

այլ ե՜ս եմ ասում,

ես՝ Սիս-Մասիսըս,

անդո՛ւլ-անդադա՛ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:

Գողթան երգերի չափով այլազան,

բամբ բամբիռների հնչումով պես-պես,

ամենատարբեր ելևէջումով շարականների

Սիսն ու Մասիսն են զրնգում անվե՛րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.

ով ականջ ունի

բլթակ հավատո՝

նա պիտի՛ զգա

Իմ եռաղողանջ զանգի ասմունքը,

Իմ եռաբանյա ասքի ղողանջը,

Իմ եռամատնյա խաչակնքումի շնչող ստվերը.

-ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց…

-ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր…

-ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց…

 

1965թ., փետրվար

Երեւան

Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Հոգևոր-մշակութային


23/04/2020