Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՄեր ազգի պատմության կերտողներից մեկն էլ հայ զինվորն է՝ իր քաջությամբ, տոկունությամբ եւ անձնազոհությամբ: Նա տարբեր ժամանակներում եղել է ֆիդայի, երկրապահ, ազատամարտիկ, բայց միշտ կատարել է մի սուրբ առաքելություն՝ պահպանել  եւ  պաշտպանել է հայրենիքն ու հայ ազգին:

Հայաստան աշխարհի սահմանները նրա արյամբ է գծվել, ուստի հայրենիքը պահելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է:

 

Հովհաննես Գուսամիրյան

Ք. Երեւան, N125 հիմն. դպրոց, 5-րդ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԳիտեմ, զինվոր ջան,  հիմա կարդում ես նամակս, բայց, ցավոք,  չեմ տեսնում քո դեմքի  լուսավոր ժպիտը:

Պատկերացնում եմ, ինչքան հպարտ ու ձիգ ես քայլում ծածանվող եռագույնի ներքո ու ինչ հպարտությամբ  կրում հայոց փառապանծ բանակի համազգեստը: Դու մեր հայրենիքի ամուր վահանն ես ու հենարանը:

 

Լիդա  Տեր-Մեսրոպյան

 Ք. Երեւան, N125 հիմն. դպրոց, 5-րդ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՍիրելի՛ զինվոր, գիտեմ, շատ դժվար է տնից, ընտանիքից հեռու լինելը: Ավելի դժվար է զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելը, երբ թշնամին այդքան մոտ է: Իմացիր, զինվո՛ր ջան, որ մենք՝ քո կրտսեր եղբայրները, հպարտ ենք քեզնով եւ շնորհակալ ենք քո անսահման կարեւոր առաքելության համար:

 

Դավիթ Պողոսյան

Ք. Երեւան, N125 հիմն. դպրոց, 5-րդ դասարան

 

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, սիրելի՛ եղբայր: Ճիշտ է, դու իմ արյունակից եղբայրը չես, բայց միշտ անհանգստանում եմ քեզ համար՝ ինչպես քո հարազատ քույրը: Անընդհատ մտածում եմ՝ ինչպե՞ս ես այդտեղ՝ սահմանին: Թեեւ գիտեմ, վստահ եմ, որ սահմանին կանգնած ես հզոր առյուծի նման՝ հպարտ ու անսասան:

 

Մանե Պողոսյան

Ք. Երեւան, N125 հիմն. դպրոց, 5-րդ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՀայոց բանակի քաջարի զինվորներ, հպարտ եմ, որ ձեզ նման հզոր պաշտպաններ ունի մեր հայրենիքը: Այնքան եմ ուզում, որ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի,  հարատեւ խաղաղություն լինի  նաեւ  մեր   հողում: Դուք էլ խաղաղ ծառայեք ու տուն վերադառնաք: Զինվորներ ջան, դուք թանկ ու հարազատ եք բոլորիս համար:

 

Նատալի Հովհաննիսյան

 Ք. Երեւան, N125 հիմն. դպրոց

5-րդ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՈղջույն, սիրելի՛ եղբայր

Ես շատ եմ կարոտում քեզ: Սպասում եմ, երբ կվերադառնաս, ու մենք նորից կգնանք զբոսանքի, որ ես հպարտանամ իմ զինվոր եղբորով:

Գիտեմ, որ բանակում դժվար է։ Երևի ավելի դժվար է, քան տանը քեզ սպասելը։ Ժամանակն այնքան դանդաղ է անցնում, բայց ես անելիք ունեմ: Գիտեմ՝ ում հետ խոսել քո մասին։ Երբ մամայի հետ վերհիշում ենք քո պատմությունները, դիտում  քո լուսանկարները, շատ ավելի հեշտ է դառնում։ Մայրիկն ասում է, որ բանակը կյանքի մեծ դպրոց է, և նա հպարտ է քեզնով: Ամեն  քույր  չէ, որ ունի հերոս եղբայր, որը քաջաբար պաշտպանում է հայրենիքը։

Հայրիկն էլ ասում է, որ բանակը շատ բաներով փոխում է մարդկանց, նրանց ավելի ուժեղ է դարձնում։ Դու միշտ ինձ համար մեծ ու ուժեղ ես եղել:  Հիմա ես միայն ուզում եմ, որ քեզ ու քո ընկերների համար խաղաղ լինի,  ժամանակն էլ ավելի  արագ անցնի։

Ես ձեզ ուղարկում եմ իմ ձեռքի նկարները և հուսով եմ, որ դրանք ձեզ դուր կգան:

Համբուրում եմ ու ամուր-ամուր գրկում:

Քո քույր՝ Աննա:

Աննա Առուստամյան

Երևան, Ներսես Մեծի 124 հիմնական դպրոց,

2-րդ դասարան

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև՛, մեր քաջ, ուժեղ, բարի և միշտ պատրաստակամ զինվորներ։ Ես երախտագիտության զգացումով եմ գրում այս խոսքերը,  հպարտ եմ, որ ունենք նման նվիրված զինվորներ, որոնք պատրաստ են անգամ իրենց կյանքը նվիրել հանուն հայրենիքի խաղաղության, հանուն մեզ… Ես շնորհակալ եմ ձեզ ու ձեր հրամանատարներին, որ օր ու գիշեր սահմանին կանգնած հսկում ու անվրդով պաշտպանում եք մեր երկրի անդորրը, մեր խաղաղ քունը։

Երբ մեծանամ, ես նույնպես կլինեմ ձեզ նման քաջ եւ ուժեղ զինվոր եւ ինչպես դուք՝  ամուր եւ անսասան կպահեմ հայրենիքի սահմանները։

 

Աշոտ Միրզոյան

Ք. Աբովյան, Վ. Համբարձումյանի անվան N 10 դպրոց

 

♦♦♦

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲարև, մեր քաջ զինվորներ

Ես ինձ պաշտպանված եմ զգում ձեր շնորհիվ ու նաեւ քաջածանոթ եմ ձեր բոլոր դժվարություններին։

Իմ հայրն էլ զինվորական  է, նրա    օրը  եւս  սկսվում և վերջանում է բանակով։ Զինվեք համբերությամբ  և  միշտ հիշեք՝  տանը սպասող ունեք:

Սիրելի՛ զինվորներ, ձեզ համարում եմ իմ եղբայրները:  Ձեզ ուժ և եռանդ, հաստատուն քայլերով միշտ առա՛ջ։

Աստված պահապան բոլորիդ:

 

Գայանե Կարապետյան

Ք.Երևան, Գրիգոր Նարեկացու անվան N137 դպրոց

Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Բանակ և հասարակություն


23/04/2020