ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ
Համազգեստի հանդեպ սերն ու նվիրումը փոխգնդապետ Ռուդիկ Հակոբյանը ժառանգել է հորից՝ պահեստի ավագ լեյտենանտ Էդիկ Հակոբյանից, որը երկար տարիներ անբասիր նվիրումով ծառայել է համակարգում, Արցախյան ազատամարտի ժամանակ կռվել մահապարտների ջոկատում:
…Միջնակարգն ավարտելուց հետո Ռուդիկն ընդունվեց և գերազանց առաջադիմությամբ ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Սահմանային զորամասերից մեկը սպասում էր ակնարկիս հերոսին:
Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Ռուդիկի զորամասը կռիվների կիզակետում էր: Ինքն այդ ժամանակ գումարտակի շտաբի պետն էր:
Ապրիլյան այդ օրն էլ նման էր մնացած սովորական օրերին, գումարտակը հերթափոխը հանձնել, իջել էր մշտական տեղակայման վայր, օրվա ավարտին էլ տուն էր շտապել: Զորամասից այդքան էլ հեռու չէին սպայական բնակարանները:
Մութը գնալով թանձրանում էր, մեկումեջ հրետակոծության ձայներ էին լսվում. առհասարակ, այդ տարածքում մշտական էին կրակոցի ձայները: Սակայն այս անգամ դրանք հաճախակիանալով՝ ուժգնանում էին: Շենքի սպաներով շտապեցին զորամաս:
Դիրքերից եկող լուրերը հուսադրող չէին՝ հակառակորդի ուժի և տեխնիկայի շարժ էր նկատվում:
Հրամանատարության ցուցումով ամեն մեկը շտապեց իր ստորաբաժանում՝ նախապատրաստվելու համապատասխան գործողության:
Լուսածիր փամփուշտները թրատում էին երկինքը, կրակի տարափ էր: Միտքը տենդագին երկու ուղղությամբ էր անընդհատ աշխատում՝ հայրենիքի հանդեպ պարտքի, պատասխանատվության եւ ընտանիքի …Սիրտը քիչ էր մնում անհանգստությունից դուրս թռչեր՝ տան ուղղությամբ ևս արկակոծում էր: Տեսնես՝ հասցրի՞ն դուրս գալ, փրկվել, ճանապարհին հո չմնացի՞ն. ամբողջ ճանապարհային ցանցը խոցելի էր հակառակորդի կողմից: Միայն ութ-ինը ժամ հետո տեղեկացավ, որ տնեցիները անվտանգ վայրում են, այդ անորոշության մի քանի ժամերն այնքա՜ն երկար թվացին, այնքա՜ն ծանր ու հոգեմաշ…
….Արցախաադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը լայնածավալ հարձակման էր անցել: Գործի դնելով իր ողջ զինանոցը՝ ինչ տրամաչափի զինատեսակից ասես չէր կրակում՝ թիրախավորելով թե՚ մարտական հենակետերը, թե՚ խաղաղ բնակավայրերը:
-Պետք է տեսնեիք, թե մեր 18-20 տարեկան տղաները ինչ ճիշտ ու գրագետ էին հակազդում թշնամու գործողություններին, ամեն մեկը հստակ գիտեր իր խնդիրն ու գերազանց էր կատարում: Էնպես էին կռվում, ասես՝ հազար տարի կռիվների մեջ էին թրծվել: Ճիշտ է, մեր ծառայավայրը առաջնագծի ամենավտանգավոր հատվածներից մեկում է՝ սեպի պես խրված հակառակորդի տարածքում, ու հաճախ էին մեր զինվորները հակառակորդի դիվերսիաներ կանխել, անօդաչու սարքեր խոցել, բայց ոչ այդ մասշտաբի: Զորամասն իր առջև դրված առաջադրանքը փառքով կատարեց,- հպարտությունը չի թաքցնում փոխգնդապետը:- Ցավոք, մարտական գործողությունները առանց կորուստների չեն լինում, թշնամու վայրագ «ձեռագիրը», հրեշավոր էությունը ևս մեկ անգամ բացահայտվեց: Անպատմելի ցավ է, երբ տեսնում ես մարտական ընկերոջդ խոշտանգված մարմինը…
Ժամանակի ընթացքում թշնամին փոխել է իր զենքն ու զինամթերքը, բայց էությամբ նույնն է մնացել՝ նույն արյունոտ մարդասպանը:
Ամեն ընկերոջ մահ կռվողների հոգին լցնում էր վրեժխնդրությամբ, ու ո՜նց էին կռվում տղաները՝ մահից չէին վախենում, բայց ուզում էին չմեռնել, որ զոհված ընկերների վրեժը լուծեն: Կռվում էին ինքնամոռաց նվիրումով, հաղթելու վճռականությամբ:
-Հակառակորդը մեծ թվով եկավ, ցանկացավ հերթական անգամ քիթը խոթել հայկական տարածք, բայց արժանի դաս ստացավ, հաջորդ անգամ նման քայլ ձեռնարկելիս ավելի խորը կմտածի,- ասում է Ռուդիկն ու շարունակում:- Այս կռիվը մեծ, ոգեղեն սնունդ տվեց, ավելի կոփեց մեր ազգային ինքնագիտակցությունը, մենք հիմա կրկնակի պատրաստ ենք՝ էս սերունդն էլ պատերազմ տեսավ, փորձառություն ձեռք բերեց, առավել բազմապատկվեց վստահությունն ու հավատը. աշխարհում ոչ մի ուժ չի կարող կոտրել հայի միասնական ոգին: Ու թե Արցախյան պատերազմի ժամանակ միավորվում էին կամավորական ջոկատները, ապրիլյան պատերազմի ժամանակ ժողովուրդը մոբիլիզացրել էր իր բոլոր ուժերը. ազգը բանակ էր դարձել….
18-20 տարեկան զինվոր տղերքի կողքին էին նաեւ Արցախյան թոհուբոհն անցած ազատամարտիկները: Ռուդիկի հայրն էլ էր այդ ժամանակ առաջնագծում, մարտական ընկերների հետ Հադրութում էր:
♦♦♦
Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ռուդիկ Հակոբյանը ներկայումս հրամանատարաշտաբային ակադեմիայում դասընթացների է մասնակցում, բայց, խոստովանում է՝ ուշքն ու միտքը զորամասում է, զինվորների հետ:
-Ես խիստ սպա եմ,- անկեղծանում է,- պատահել է՝ շատ կոշտ եմ եղել զինվորի հետ, բայց, կարծում եմ, խստությունս զինվորը հասկացել է, գիտակցել, որ իր անվտանգության համար է: Ճիշտն ասած, երբ ես պետք է տեղափոխվեի քաղաք՝ դասընթացների, մտածում էի՝ գումարտակիս տղերքը մի լավ կուրախանան, կասեն՝ մի խիստ սպայից էլ գլուխներս ազատվեց, բայց այդպես չէր, նույնիսկ տխրել էին զինվորներս….
Երկու ապագա զինվոր էլ փոխգնդապետի օջախում է մեծանում:
-Ընտանիքս միշտ իմ կողքին է եղել, կինս երբեք չի տրտնջացել զինվորական կյանքին բնորոշ բազում խնդիրներից, հաղթահարել է ամեն դժվարություն: Զավակներս էլ աչք են բացել, զինվորական համազգեստ տեսել շուրջբոլորը, իրենց բոլոր խաղերն էլ զինվորական բնույթի են, մեկմեկու պաշտոններ ու կոչումներ են «շնորհում», կռիվ-կռիվ խաղում: Տղաներիս մանկությունը կրակոցների տակ է անցնում, ամեն կրակոցի ձայնից էլ գիտեն, թե ինչ զինատեսակից է:
-Իսկ եթե մի օր Ձեր զավակները որոշեն զինվորական դառնալ, դեմ չե՞ք լինի,- հարցնում եմ փոխգնդապետին,-աշխարհում լիքը մասնագիտություններ կան՝ անվտանգ, հանգիստ…
-Երբ որդիներս մեծանան, արդեն հասուն լինեն, ես նրանց կբացատրեմ զինվորական կյանքի դժվարություններն ու առավելությունները, կբացատրեմ, որ զինվորական փայլուն աստղերի հետևում հպարտությունից բացի նաեւ տքնանք կա, ցավ, կորուստ, կբացատրեմ, որ զինվորականի գործը սովորական աշխատանք չէ, որ սկսվի և ավարտվի սահմանված ժամին, այն պահանջում է ինքնանվիրում եւ, որ ամենակարեւորն է՝ կյանքից առավել սեր հայրենիքի նկատմամբ:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում