ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ
Զրույց զորամասի հրամանատար, գնդապետ ՍԱՐԳԻՍ ՏԻՏԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն գնդապետ, ինչպե՞ս է կանխարգելվում նոր թագավարակի (կորոնավիրուս) տարածումը Ձեր զորամասում, ի՞նչ լրացուցիչ սանիտարահիգիենիկ միջոցառումներ են իրականացվում:
-ԶՈւ գլխավոր շտաբի պետի և ԶՈւ ՌԲ վարչության պետի և ԲԿ հրամանատարի հրամաններն ու հրահանգները՝ կապված թագավարակի տարածումը կանխարգելելու հետ, կատարվում են լիովին: Զորամաս մտնող բոլոր սպաները, ենթասպաները՝ ամբողջ անձնակազմը, հսկիչ-անցագրային կետում ջերմաչափվում են, զորամասի բուժծառայության աշխատակիցները շնչառական հիվանդությունների որևէ ախտանշան հայտնաբերելիս անմիջապես զեկուցում են ինձ, և տվյալ աշխատակիցը ազատվում է ծառայությունից, գնում է տուն և ծառայության է վերադառնում միայն ապաքինվելուց և բոլոր ախտանշանները վերանալուց հետո: Հավելեմ, որ հիվանդ զինծառայողը տանը բուժվում է զորամասի բուժծառայության անձնակազմի հսկողությամբ: Ամեն օր բուժծառայության զինծառայողը այցելում է նրան, ջերմաչափում, հսկում բուժման ընթացքը:
Անձնակազմը հսկիչ-անցագրային կետում ախտահանում է ձեռքերը, նոր միայն մտնում զորամաս: Հսկիչ-անցագրային կետում աշխատող անձնակազմը ծառայությունը տանում է դիմակներով: Զորամաս մտնող բոլոր մեքենաները նախապես ախտահանվում են: Իսկ զորամասի ամբողջ տարածքը ախտահանվում է օրը երկու անգամ: Զորամասում զինծառայողները ձեռքերը լվանում ու ախտահանում են ոչ միայն ուտելուց առաջ, այլև որոշակի պարբերականությամբ: Զինվորներին օրվա ընթացքում մի քանի անգամ թեյ ենք տալիս, քանի որ տաք հեղուկը որոշ չափով կանխարգելում է շնչառական վարակները: Արգելված են զինվորների տեսակցությունները ծնողների կամ հարազատների հետ: Վերջիններիս միջոցով սնունդ կամ որևէ այլ իր չի մտնում զորամաս: Չեղարկված են զինվորների արձակուրդները: Նրանց կապը դրսի աշխարհի հետ հասցված է նվազագույնի:
-Իսկ ինչո՞ւ չեք ասում՝ լիովին վերացած է:
-Որովհետև զինվորները շփվում են սպաների, ենթասպաների և մյուս զինծառայողների հետ: Նաև՝ այն քաղաքացիական անձանց հետ, որոնք կազմակերպում են զինվորների սնունդը: Վերջիններս ջերմաչափվում են և՛ իրենց հիմնարկներում, որտեղից բերում են սնունդը, և՛ զորամասում: Զորամասի տարածքում նրանք դիմակ են կրում:
-Ինչպե՞ս արձագանքեցին զինվորներն ու հատկապես նրանց ծնողները առկա սահմանափակումներին:
-Ես պիտի շնորհակալություն հայտնեմ մեր զինվորների ծնողներին՝ քաղաքացիական բարձր գիտակցության և փոխըմբռնման համար: Նրանք անվերապահորեն ենթարկվեցին սահմանված կարգուկանոնին, ոչ մեկը չփորձեց խախտել այն, իրենց որդիների հետ տեսակցելու կամ նրանց սնունդ ուղարկելու համար ինչ-ինչ ճանապարհներ չփնտրեցին:
-Ի տարբերություն զինվորների, պայմանագրայինները սերտ շփում ունեն դրսի հետ, քանի որ մարտական հերթապահությունն ավարտելուց հետո գնում են տուն…
-Մարտական հենակետերը ախտահանվում են օրը երկու անգամ, պայմանագրայինները ամեն օր ջերմաչափվում են, օրվա ընթացքում ձեռքերը բազմիցս ախտահանում են համապատասխան լուծույթով, շնչառական հիվանդության չնչին ախտանշան ունենալու դեպքում ազատվում են ծառայությունից: Սկզբնական շրջանում վարակի տարածման մեծ օջախներում բնակվող պայմանագրայինները առհասարակ ազատվեցին ծառայությունից: Պայմանագրայինների գումարտակները տեղակայված են զորամասի տարածքից դուրս: Նրանք զորամաս չեն մտնում, հավաքները կազմակերպվում են դրսում: Սրանք թագավարակի տարածումը կանխարգելող լրացուցիչ միջոցառումներ են:
-Սթրեսը, կապված թագավարակի տարածման և դրա ծանր հետևանքների հետ, բնորոշ է ամբողջ մարդկությանը: Այսօր տարբեր երկրների համապատասխան մասնագետները հատուկ ծրագրեր են մշակում՝ մարդկանց հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար: Ծառայությունը, ռեժիմը ինքնաբերաբար հոգեկան լարվածություն են առաջացնում, եթե սրան հավելենք նաև թագավարակի հետ կապված ապրումները, ապա զորքերում հոգեբանական ապահովման ոլորտում նոր միջոցառումների անհրաժեշտությունն ակնհայտ է:
-Մենք առաջին հերթին փորձում ենք անձնակազմին, հատկապես՝ զինվորներին, զերծ պահել չստուգված աղբյուրների տեղեկատվությունից և ներկայացնել ճշմարտությունը: Միևնույն ժամանակ, բացատրում ենք, որ ճիշտ կենցաղավարությունը, սանիտարահիգիենիկ հրահանգների պահպանումը հնարավորություն կտա խուսափել վարակից: Զինվորները ավելի շատ անհանգստացած են ոչ թե իրենց, այլ իրենց ընտանիքի անդամների ու հարազատների համար: Նրանք տեսնում են, որ զորամասում արվում է հնարավորը՝ վարակից խուսափելու համար: Մենք նրանց թույլ ենք տալիս պարբերաբար զանգել ծնողներին, տեղեկություն ստանալ ընտանիքի անդամների առողջության մասին: Սա էապես մեղմում է լարվածությունը:
Զորամասում բարոյահոգեբանական ապահովման աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի, պարզապես մեծացել է հսկողությունն ու ուշադրությունը, ավելի շատ ժամանակ ենք տրամադրում անհատական աշխատանքին: Փորձում ենք վանել հոռետեսական տրամադրությունը, մեծացնել պայքարի ոգին, հաղթելու հավատը: Մենք վստահ ենք, որ այս փորձությունից նույնպես դուրս ենք գալու պատվով և ավելի ուժեղ, հավաք ու դիմացկուն: Այս վստահությունը փոխանցում ենք մեր զինվորներին: Զինվորների տրամադրությունը բարձր է, նրանք պատրաստ են կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք:
-Պարոն Տիտանյան, ինչո՞վ է պայմանավորված սմարթֆոնների գործածության արգելումը զորամասում ու դիրքերում:
-Ի դեպ, ոչ միայն զինվորներին է արգելված օգտվել սմարթֆոններից, այլև սպաներին, ենթասպաներին և ամբողջ անձնակազմին: Սմարթֆոնները կապի արդիական միջոցներ են և հնարավորություն են տալիս գաղտնալսելու խոսակցությունը ոչ միայն հեռախոսով խոսելիս, այլև սարքն անջատված ժամանակ: Այն տեղեկության հարուստ աղբյուր է հակառակորդի համար: Այդ պատճառով էլ սմարթֆոնների գործածումը արգելվել է, անձնակազմը կարող է օգտվել ավելի հասարակ հեռախոսներից:
-Տեսեք, եթե զինվորների ծնողները անվերապահորեն ենթարկվեցին թագավարակի տարածումը կանխարգելող կարգուկանոնին, ապա սմարթֆոնների արգելմանը լուրջ չվերաբերվեցին: Եղան դեպքեր, երբ ծնողները զարտուղի ճանապարհներով սմարթֆոն հասցրին նույնիսկ մարտական հերթապահություն կատարող իրենց որդիներին՝ ուղղակիորեն վտանգելով նրանց կյանքը: Ըստ իս՝ սմարթֆոնների արգելման հետ կապված բացատրական աշխատանքը արդյունավետ չի եղել:
-Չեմ կարծում, որ բանակում թագավարակի հետ կապված բացատրական աշխատանքը ավելի լավ էր կազմակերպված, քան սմարթֆոնների…Պարզապես, թագավարակի մասին ամբողջ աշխարհն էր խոսում, դրա ծանր հետևանքները բացահայտ էին, այդ պատճառով էլ ծնողները անմիջապես ենթարկվեցին սահմանափակումներին: Սակայն, պիտի ասեմ, որ սմարթֆոնների խնդիրը լուծված է: Բացը լրացվեց հետևողականությամբ ու հսկողությամբ:
-Այս շրջանում ավելանում են շնչառական վարակիչ հիվանդությունները ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ բանակում, պարզ ասած՝ սեզոնային գրիպը ակտիվանում է: Այդ առումով ինչպե՞ս է վիճակը զորամասում:
-Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ սեզոնային գրիպները նվազել են, դա բացատրվում է սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումով ու շփման սահմանափակումներով: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 75 տոկոսով բարելավվել է նաև կարգապահության մակարդակը:
-Որո՞նք են կարգապահության մակարդակի բարելավման ցուցիչները:
-Խոսքը հիմնականում վերաբերում է զանցանքներին ու հանցանքներին: Դրանք էապես նվազել են: Թվում էր՝ թագավարակի հետ կապված սահմանափակումներն ու սթրեսները պետք է բազմապատկեին լարվածությունը՝ դրանից բխող հետևանքներով: Բայց, բարեբախտաբար, հակառակ պատկերն է: Եվ մենք գոհ ենք կատարված աշխատանքի արդյունավետությունից:
-Ինչպե՞ս է իրավիճակը սահմանին:
-Ադրբեջանցիները միշտ էլ սադրում են կրակոցներով: Ոչ մի հորդոր, ոչ մի թագավարակ ու աղետին դիմակայելու ոչ մի կոչ չի կարող զսպել դրանց ցնորամիտ նկրտումները: Մերձակա զորամասերում նույնիսկ դիվերսիոն ներթափանցման փորձեր են եղել, ինչին մեր զինուժը պատասխանել է արժանի հակահարվածով: Մի քանի անգամ ստիպված ենք եղել ուժեղացնել մարտական հերթապահությունը: Բայց ես սա համարում եմ առօրյա ընթացք և ուզում եմ ասել, որ ծառայությունն ընթանում է բնականոն հունով:
-Որպես զրույցի ավարտ՝ որևէ ասելիք ունե՞ք զինվորներին կամ նրանց ծնողներին:
-Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել զինվորներին ու նրանց ծնողներին՝ սահմանափակումներին ըմբռնումով արձագանքելու ու մեր բոլոր հրահանգները կատարելու համար: Մենք միասին, իրար օգնելով կհաղթենք ոչ միայն մեր դեմ ելած ոսոխին, այլև թագավարակ կոչվող թշնամուն:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Ազգային բանակ