Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԳՐԻԳՈՐԻ (ԳՐԻԳՈՐ) ԿԱՐԱՊԵՏԻ ԲԱՂՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1912թ. մարտի 31-ին Խաչակապ գյուղում (Հյուսիսային Ղարաբաղ, այժմ՝ Ղուշչի, Դաշքեստանի շրջան, Ադրբեջան), գյուղացու ընտանիքում:

Գրիգորի Կարապետի Բաղյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գեներալ-մայոր (1963թ.):

Նախակրթվել է հայրենի գյուղում, ապա սովորել է Բաքվի Հովհ. Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում: Աշխատել է որպես շինարար, պատմության ուսուցիչ, դպրոցի տնօրեն, Մարտակերտի (ԼՂԻՄ) ժողկրթբաժնի վարիչ:

1941թ. փետրվարից ծառայել է Կարմիր բանակում՝ որպես պրոպագանդիտ, ապա՝ 136-րդ հրաձգային դիվիզիայի 387-րդ հրաձգային գնդի կոմիսար:

1941թ. սեպտեմբերի 14-ից եղել է Մեծ հայրենականի ռազմաճակատներում: Նրա գունդը մարտնչել է 18-րդ բանակի կազմում՝ Հարավային ռազմաճակատում: Նրա գունդը մարտնչել է 18-րդ բանակի կազմում՝ Հարավային, Հյուսիսային Տագրիայում, Դոնբասում ու Դոնում մղված պաշտպանական կռիվների մասնակից է: Առանձնահատուկ խիզախություն է ցուցաբերել Ստալինգրադի ճակատամարտի պաշտպանական ու հարձակողական փուլերում, Հարավարեւմտյան եւ Դոնի ռազմաճակատներում: 1942թ. հունիսի 12-ի մարտում վիրավորվել է ու ցնցահարված ստացել, սակայն շուտով վերադարձել է մարտաշարք: 1943թ. հունվարից եղել է 15-րդ հրաձգային դիվիզիայի 47-րդ գվարդիական հրաձգային գնդի հրամանատարի տեղակալ՝ քաղաշխատանքի գծով:

1943թ. մայիսից սովորել է «Վիստրել» հրաձգատակտիկական ինստիտուտում: Այն ավարտելուց հետո 1944թ. սկզբին վերադարձել է ռազմաճակատ ու նշանակվել Ուկրաինական 1-ին ռազմաճակատի 30-րդ հրաձգային դիվիզիայի (1944թ. աշնանից՝ Ուկրաինական 1-ին ռազմաճակատի կազմում) 71-րդ հրաձգային գնդի հրամանատարի տեղակալ՝ շարային գծով, եւ շուտով դարձել հրամանատար: Մասնակցել է Պրոսկուրովսկ-Չեռնովիցյան, Լվով-Սանդոմիրյան, Հարավկարպատյան, Մորավսկ-Օստրավյան գործողություններին: Առանձնահատուկ արիություն ու հերոսություն է ցուցաբերել 1945թ. հունվար-ապրիլին Չեխոսլովակիայի  ազատագրման համար մղված մարտերում:

1945թ. ապրիլին Ռատիբոր քաղաքի (այժմ՝ Ռատիբուջ, Լեհաստան) ու Ռոգուվ բնակավայրի մոտ գունդը ճեղքել է թշնամու պաշտպանությունը, գետանցել Օդերը, պահպանել եւ զգալիորեն ընդարձակել դրա հարավում ստեղծված պլացդարմը:

1945թ. հունիսի 29-ին փոխգնդապետ Գրիգորի Կարապետի Բաղյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ: Պարգեւատրվել է նաեւ Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի, Ալեքսանդր Նեւսկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով ու մեդալներով:

Պատերազմից հետո՝ 1948թ., ավարտելով Մ.Վ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան՝ ծառայել է որպես գնդի հրամանատարի տեղակալ: 1955թ. ավարտել է Կ.Ե.Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիան:

Եղել է դիվիզիայի հրամանատար, հետո նշանակվել Սիբիրի զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ:

Մահացել է 1965թ. Գրոդնոյում (Բելառուս), հանգչում է Երեւանի քաղաքային պանթեոնում:

Երեւանում Հերոսի պատվին կանգնեցված է հուշարձան, նրա անունն են կրում մայրաքաղաքի փողոցներից մեկը եւ 141-րդ դպրոցը:

Խորագիր՝ #17 (1337) 29.04.2020 - 5.05.2020, Պատմության էջերից


30/04/2020