Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՆԱՀԱՆՋ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՎ ԴԻՄԱԿԱՅԵԼ Է



ԱՆՆԱՀԱՆՋ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՎ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԷՀայրենական պատերազմի 100-ամյա վետերանը առաջվա նման շարքում է

 

Զոյա Տրոֆիմովնա Զինովևային պատրաստվում են շնորհավորել ոչ միայն հարազատները, մտերիմները, զինակիցներն ու տեղական իշխանությունների ներկայացուցիչները, այլև Արևմտյան զինվորական օկրուգի Պատվո պահակախմբի զինծառայողները: Դեռևս փետրվարի կեսերին Սանկտ Պետերբուրգի կայազորի մարտիկները մասնակցել են այս զարմանալի կնոջը նվիրված հանդիսավոր ընդունելությանը, նրա հարյուրամյակի տոնակատարությանը: Չնայած պատկառելի տարիքին` Հայրենական մեծ պատերազմի վետերանը շարունակում է եռանդուն աշխատել երիտասարդների հետ և պատրաստվում է նշել Հայրենական մեծ պատերազմում տարած մեծ հաղթանակի 75-ամյակը:

Բազմաթիվ պարգևների շարքում նա առանձնացնում է հատկապես «Մարտական ծառայությունների համար» մեդալը՝ ի հիշատակ մարտական ընկերների և պատերազմական տարիներին կրած դժվարությունների:

Զոյա Տրոֆիմովնան այսօր էլ հրաշալի հիշում է, թե ինչպես սկսվեց Հայրենական մեծ պատերազմը. «Մենք ապրում էինք Ռիբացկում` Լենինգրադի ծայրամասում: Հունիսի 22-ը արևոտ կիրակի էր, և մենք նույնիսկ ընտանիքով լուսանկարվեցինք: Եվ հանկարծ` մթություն: Նայեցի վերև, գլխավերևումս՝ սև ինքնաթիռներ, բազմաթիվ սև ինքնաթիռներ էին…»:

…Երկրորդ կուրսում սովորող քսանամյա ուսանողուհին հրաժարվեց տարհանվել Ալմա-Աթա, ուր տեղափոխում էին ամբողջ ինստիտուտը, և որպես կամավոր մասնակցեց Լենինգրադի պաշտպանությանը: Սկզբում Կինգիսեպպի մերձակայքում պաշտպանական շինություններ էր կառուցում, այնուհետև խնդրեց իրեն ուղարկել դիպուկահարի կամ գնդացրորդի դասընթացների: Սակայն շրջափակման սկզբում սկսեց ծառայել ռազմավերականգնողական զորքերում, հիմնականում` լեգենդար «Կյանքի ճանապարհին»: Բազմազավակ ընտանիքում մեծացած աղջկան դժվարությունները չէին վախեցնում, նա սովոր էր տքնաջան աշխատանքի: Իսկ երբ իրավիճակը շատ վտանգավոր էր դառնում, և զգացվում էր մահվան շունչը, Զոյա Տրոֆիմովնան հիշում էր հորը` Առաջին համաշխարհային պատերազմի զինվորին, Գեորգիևյան շքանշանի ասպետին:

27 կանանցից բաղկացած բրիգադը, որը ղեկավարում էր Զոյան, տեղակայված էր մի գետնատնակում: Հաճախ չէին էլ հասցնում հագուստը չորացնել, հերթապահում էին թաց շինելներով: Շրջայցեր էին կազմակերպում ամենավտանգավոր տեղերում, երբեմն նույնիսկ հակառակորդի օդուժի կրակահերթի ներքո:

Պատերազմի ընթացքում Զինովևան երկու անգամ վիրավորվել է, նրա «Մարտական ծառայությունների համար» մեդալն անձնվեր ծառայության գնահատումն է:

«Վերապրածը հիշելը դժվար է,- պատմում է Զոյա Տրոֆիմովնան: -Պատերազմն այսօր էլ է խանգարում մեզ ապրել: Երբ հիշում եմ՝ ինչ սարսափի միջով ենք անցել, արյունը սառչում է երակներումս»:

Հաղթանակից հետո ավարտել է Խորհրդային առևտրի ինստիտուտը, դրսևորել իրեն որպես գրագետ և կամային ղեկավար: Երեսուն տարեկանում ղեկավարել է «Լենմեբելտորգը», այնուհետև քաղաքի խոշորագույն «Պասսաժ» հանրախանութը: Նրա ղեկավարությամբ 25 տարի այն համարվում էր լավագույններից մեկը: Ունի դուստր, երկու թոռ:

Վաստակած հանգստի մեկնելուց հետո էլ Զոյա Տրոֆիմովնան  եռանդուն մասնակցում է վետերանների կազմակերպությունների աշխատանքներին, հանդիպում է երիտասարդների հետ, այդ թվում` զինծառայողների հետ: Մասնակցել է Լենինգրադի շրջափակման մասին պատմող ֆիլմի ստեղծմանը:

Տարեդարձի հանդիսավոր օրը նա մեկ ժամ հոտնկայս ընդունում էր շնորհավորանքները, թեև նրան խնդրում էին նստել: «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի» մեդալը Զոյա Տրոֆիմովնային հանձնեց Վոլոգդայի մարզի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը: Զոյա Տրոֆիմովնան այնտեղ է ծնվել:

«Ես միշտ շատ եմ աշխատել, հիմա` ավելի շատ պետք է աշխատել: Առջևում Հաղթանակի 75-ամյակն է, այն պետք է արժանապատիվ նշել»,- ասում է 100-ամյա վետերանը:

 

ՕԼԵԳ ՊՈՉԻՆՅՈՒԿ

Լուսանկարը` ԴԱՆԻԼ ԶԻՆՉԵՆԿՈՅԻ

Սանկտ Պետերբուրգ

Խորագիր՝ #17 (1337) 29.04.2020 - 5.05.2020, Ազգային բանակ


30/04/2020