ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՎԵԼ ԼԻՆԻ
Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա
պակասից:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Լեյտենանտ Արեն Միշայի Անդրեասյանն արդեն 15 տարի է, ինչ հայոց բանակի շարքերում է:
2003-2005թթ. ծառայել է պաշտպանության բանակում, մեծ մասամբ առաջնագծում՝ մարտական դիրքերում: Լեյտենանտ Անդրեասյանի պապը նույնպես եղել է զինվորական, ծառայել է խորհրդային բանակում: Նա նշում է, որ սերը զինվորական ծառայության նկատմամբ իրեն է փոխանցվել հենց փոխգնդապետ պապից:
Ժամկետային ծառայությունից հետո Արենն առանց երկմտելու որոշում է անցնել է պայմանագրային ծառայության: Եվ նա այսօր արդեն լեյտենանտի զինվորական կոչումով ծառայում է զինված ուժերում: Լեյտենանտ Անդրեասյանը 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի լավագույն դասակի հրամանատարներից է: Ենթակա անձնակազմի նկատմամբ հոգատար է, սրտացավ, բայց և պահանջկոտ: Անձնակազմի դաստիարակության ու ուսուցման գործում խիստ կարևորում է անձնական օրինակի մեթոդը. երբեք իրեն չի առանձնացնում ենթականերից, անհատապես յուրաքանչյուրին օգնում է լիարժեք յուրացնել զինվորական մասնագիտությունը:
Երեխաներին նույնպես է դաստիարակում. այն է՝ լինել կարգապահ, լսել ծնողներին, հարգել մեծերին և սեփական արարքի համար կրել անձնական պատասխանատվություն: Եվ լեյտենանտ Անդրեասյանի որդիներն էլ արդեն իսկ որոշել են հոր պես բռնել զինվորականի ճանապարհը:
Ակնարկիս հերոսը հաճախ է նշում, որ հարկավոր է հայրենասիրությունը մանուկ հասակից դարձնել երեխայի սնման, կրթման անբաժան մասը… Հայրենիքի հանդեպ սերը պետք է առավել լինի: Լեյտենանտ Անդրեասյանի համար ծառայության լավագույն շրջանը մարտական հերթապահությունն է, որովհետև սահմանին կանգնած նա առավել հանգիստ է ու վստահ. եթե հանկարծ հակառակորդը փորձի խախտել հրադադարը, անձամբ կկանխի ցանկացած սադրիչ գործողություն ու համածառայակիցների հետ հակառակորդին կտա արժանի հակահարված:
Լուսանկարները և նյութը`
3-րդ զորամիավորման թղթակից-օպերատոր,
ավագ սերժանտ Կարապետ Չոբանյանի
Խորագիր՝ #17 (1337) 29.04.2020 - 5.05.2020, Ազգային բանակ