Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒՑՈՒՄ



ՀԱՏՈՒՑՈՒՄԽորհրդային բանակի կենտրոնական տուն: Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիայի 40-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո էր: Նախագահությունում էին փառաբանված զորապետներ՝ ոսկեզօծ ուսադիրներով, շքանշաններով, մեդալներով: Նրանց հետ նստած էր նախապատերազմյան զինվորական համազգեստով մի մարդ, մերակներին՝ երեքական շեղանկյուն, կրծքին՝ մեր օրերում հազվադեպ շքանշաններ:

-Ո՞վ է այդ օտարը յուրայինների մեջ,- հարցրի կողքիս նստած գնդապետ Լեոպոլդ Ալտգովզենին՝ ռազմարվեստի պատմության ամբիոնի պետի տեղակալին:

-Ընդհակառակը, նա է յուրային օտարների մեջ… Մանավանդ, ձեր հայրենակիցն է:

-Ի՞նչ է նրա անունը:

-Յակով Արկադևիչ Մելքումով, կամ ինչպես նախկինում՝ ասիական Մյուրատ…

Հանդիսավոր մասից հետո տրվեց համերգ: Իր նոր երգով հանդես եկավ նաև իմ մեծ բարեկամ Ալեքսանդր Դոլուխանյանը: Պրեմիերան ակնհայտորեն հաջողվեց. նրան մի քանի անգամ բեմ հրավիրեցին: Գոհ, ուրախ Ալեքսանդր Դոլուխանյանը ծաղկեփնջերը ձեռքին հեռացավ բեմից: Ես շտապեցի բուֆետ, հաստատ իմանալով, որ արդեն այնտեղ է Դոլուխանյանը: Չսխալվեցի: Բայց… նա մենակ չէր, «օտարների մեջ յուրայինի» հետ էր: Ես մոտեցա, շնորհավորեցի, և մենք ամուր գրկախառնվեցինք: Նա ինձ ներկայացրեց Յակով Մելքումովին.

-Յակով Արկադևիչ, այս երիտասարդ կապիտանը պատիվ ունի լինելու իմ հայրենակիցը  և  մեծ բարեկամը: Իսկ այս լեգենդար մարդը նախկին կորպուսի հրամանատար է, նախկին ժողովրդի թշնամի, իսկ հիմա՝ վանդակից ազատված լեռնային արծիվ: Խնդրում եմ՝ սիրել և հարգել միմյանց:

Այդպես ծանոթացա Յակով Մելքումովի, կամ՝ Հակոբ Արշակի Մելքումովի հետ:

Նա գեղեցիկ տղամարդ էր, լայն ճակատով, ոչ մի սպիտակ մազ չուներ: Աչքերն աշխույժ էին, մուգ շագանակագույն: Պետք էր կամքի ուժ ունենալ այդ խորաթափանց հայացքին դիմանալու համար: Դոլուխանյանի հրավերով գնացինք նրա տուն, որը մոտիկ էր, մետրոյի «Բուսաբանական այգի» կայարանի մոտ: Կանգ առանք.

-Գնանք, իմ նախկին կինը, նույն ինքը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Զարա Դոլուխանովան, կարողանում է հյուր ընդունել, այն էլ՝ իմ հաղթահանդեսից հետո:

Բայց… Ժողովրդական արտիստուհին տանը չէր: Սեղանին  երկտող էր թողել՝ «Հյուրախաղերի եմ մեկնել Ռիգա: Մի տխրիր՝ երեխան Խաչատրյանների մոտ է…»:

-Նստեք, ես հիմա կգամ,- ասաց Դոլուխանյանն  ու դուրս եկավ:

Օգտվելով առիթից՝ ես ուղղակի զինվորավարի հարցրի.

-Քանի՞ տարեկան եք, Յակով Արկադևիչ:

-Հիմա 1958 թվականն է: Հին տոմարով ես ծնվել եմ 1885թ. վերջին, նորով՝ 1886թ. սկզբին: Ուրեմն, կամ 71 եմ կամ 72: Հանիր պատերազմի քսան տարին…:

-Ինչպե՞ս: Ամբողջ քսա՞նը:

-Այո՛: Պատերազմն սկսել եմ 1914-ին եւ ավարտել 1934-ին, երբ Միջին Ասիայում լռեցին թնդանոթները: Հանեցի՞ր: Հիմա հանիր ստալինյան ճամբարներում անցկացրած 19 տարին: Ստացվում է 39: Կլոր՝ 40: Եվ եթե 72-ից հանենք այդ նզովյալ 40-ը, մնացորդը կլինի 32: Այնպես որ՝ ես երիտասարդ եմ, կապիտան: Իսկ դո՞ւք քանի տարեկան եք:

-Երեսուն:

-Լավ է: Մենք համարյա հասակակիցներ ենք…

Դոլուխանյանը ներս մտավ մի գեղեցիկ կնոջ հետ.

-Հարևանս է՝ Նադեժդա Յակովլևնան: Նա կփոխարինի մեր տանտիրուհուն:

Տանտերը նստեց դաշնամուրի մոտ, իսկ Նադեժդա Յակովլևնան արագ սեղան գցեց:

-Սիրելինե՛րս, խնդրեմ, սեղանի մոտ: Դոլուխանյանը բացեց շամպայնի շիշը եւ սկսեց լցնել:

Յակով Արկադևիչը գավաթը հեռացրեց իրենից եւ հարցրեց.

-Նադեժդա Յակովլևնա, թանկագինս: Ինձնից հեռու տարեք այս ազնիվ խմիչքը, բերեք մի մեծ գավաթ ավելի թունդ խմիչք, որ միանգամից այն ընդունեմ:

-Ինձ մոտ մի շիշ սպիրտ կա մերսումների համար: Մաքուր, բժշկական սպիրտ է, բայց… Ի սեր Աստծո, մի վիրավորվեք իմ առաջարկության համար…

-Ի՞նչ,- իր խռպոտ ձայնով որոտաց Յակով Արկադևիչը: -Ե՞ս վիրավորվեմ: Սպի՞րտ: Բժշկակա՞ն: Թանկագին Նադեժդա Յակովլևնա, բե՛ր, եւ ինչքան շուտ՝ այնքան լավ: Նախկին կալանավորի համար սպիրտը խիստ դեֆիցիտ բան է:

Երբ սեղանին դրվեց դարչնագույն արծնապատ գավաթը, Յակով Արկադևիչը սպիրտը թափահարեց եւ լցրեց գավաթի մեջ, ապա ծիծաղեց եւ վառեց սպիրտը: Մանուշակագույն կրակի լեզվակները սկսեցին խաղալ գավաթի վերևում:

-Տեսա՞ք: Իսկ հիմա մեկ, երկու, երեք և …

Նա այրվող սպիրտով գավաթը մոտեցրեց շուրթերին ու միանգամից դատարկեց:

-Ա՛յ քեզ բան,- միաձայն բացականչեցինք:

Յակով Մելքումովը մեզ վրա հառեց իր քիչ մշուշապատ աչքերը.

-Ներկայացումն ավարտված է… Ձեզ մոտ լավ է, բայց տանն ավելի լավ է: Պատի՛վ ունեմ:

Մենք սկսեցինք առարկել, թե ինչ կարիք կա շտապելու, դեռ խոսելու շատ բան կա: Բայց հին զինվորն անդրդվելի էր…

Հաջորդ օրը ակադեմիայում մեր կուրսի համար հայտարարվել էր ինքնանախապատրաստման օր. այսինքն՝ ունկնդիրը այդ ժամանակն անցկացնում է իր հայեցողությամբ: Ոմանք աշխատում են կուրսային աշխատանքի, ուրիշները՝ ռեֆերատի, մյուսները՝ դիպլոմային աշխատանքի վրա: Իսկ ես որոշեցի զբաղվել հայրենակցիս կենսագրության ուսումնասիրմամբ: Գրադարանում պատվիրեցի «Քաղաքացիական պատերազմի հերոսները» գրքի բոլոր չորս հատորները: Հենց այդ գրքերում էին այն ժամանակվա միակ՝ «Կարմիր դրոշի» շքանշանի ասպետների սխրանքների նկարագրությունները: Յակով Մելքումովը երեք անգամ էր պարգևատրվել այդ շքանշանով: Թերթում եմ այդ գրքերը: Հրամանները հաջորդում են միմյանց: Ահա գտա մի հրաման, որն ստիպում է խորամուխ լինել այդ սեղմ, բայց տարողունակ բառերի էությանը. «Առաջին առանձին Թուրքեստանյան հեծյալ բրիգադի հրամանատար ընկ. Յակով Արկադևիչ Մլեքումովը երկրորդ անգամ պարգևատրվում է «Կարմիր դրոշի» շքանշանով՝ 1921թ. Գիսարի արշավանքի ժամանակ ցուցաբերած մարտական գերազանցության  և  1922թ. Էնվեր փաշայի ավազակախմբի ջախջախման համար»: Հրամանի տակ ստորագրությունը. Հանրապետության ռազմախորհուրդ,  թիվ 82, 31 մարտի 1924 թվական:

Պարապմունքներից հետո գնացի Յակով Մելքումովի մոտ: Ինքն անձամբ բացեց դուռն ու հրավիրեց իր աշխատասենյակ: Սենյակում կիսախավար էր: Հին, մեծ սեղանին գրոտված թղթեր են, մարտերի ու գործողությունների սխեմաներ, Միջին Ասիայի հանրապետությունների քարտեզներ…

Ես միանգամից հարցնում եմ.

-Յակով Արկադևիչ, արդեն գիտեմ, որ աշխատում եք «Թուրքեստանցիներ» ընդհանուր անունով հուշերի գրքի վրա, այդ մասին ինձ շատ է պատմել Ձեր նախկին սպասյակ, ներկայումս գնդապետ Ալդգովզենը: Կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր գիրք կլինի, բայց ինձ հասկանալի պատճառներով հետաքրքրում է ոչ անհայտ Էնվեր փաշայի կործանումը:

Հին զինվորը գոհ ժպտում է: Հայացքը ջերմանում է: Նրա մոխրագույն աչքերը մեղմորեն փայլում են, եւ դրանցում որսում եմ թե՛ ուժեղ կամք և թե՛ շատ բան տեսած, ապրած, կյանքով իմաստնացած մարդու զգուշավորություն:

-Երիտթուրքերին ու նրանց պարագլուխներին կատարած չարագործությունների համար 1919 թվականին Ստամբուլում դատապարտել են մահապատժի: Միայն՝ հեռակա: Արյունարբու փոխակերպուկները հասցրին թաքնվել: Թուրքական զինվորական տրիբունալի վճիռը… ի կատար ածեցին մեր խիզախ հայ վրիժառուները: 1921թ. մարտին Բեռլինում՝ Հարտենբերգի պողոտայում Սողոմոն Թեհլերյանը սպանեց հանցագործ Թալեաթին: Մեկ տարի անց Թիֆլիսում երկու քաջ խոտորջուրցի վրիժառուներ՝ Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գեւորգյանը Պետրոս Մեծի փողոցում՝ հայկական փուռի դիմաց, մի քանի կրակոցով Ալլահի ծոցն ուղարկեցին մի այլ հանցագործի՝ ծովակալ Ջեմալին: Ինձ բաժին ընկավ Էնվեր փաշան…

Ես չեմ համբերում ու ընդհատում եմ հին զինվորին.

-Քսանմեկ  թվականի դեկտեմբերին անվեհեր Արշավիր Շիրակյանը Հռոմի կենտրոնում գնդակահարեց ոչ անհայտ Սայիդ Հալիմին, երբ վերջինս կառքով զբոսնում էր Հավերժական քաղաքի փողոցներում: Մեկ տարի անց նույն Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինի կենտրոնում ոչնչացրին երկու երդվյալ տականքների՝ Տրապիզոնի հայերի ջարդերի կազմակերպիչներ ու ոգեշնչողներ Բեհաեդդին Շաքիրին եւ Ջեմալ Ազմիին:

-Արդյոք դա այն Արամ Երկանյանը չէ՞, որ քսան թվականին Թիֆլիսում սպանեց մուսավաթական կառավարության վարչապետ Խան-Խոյսկուն:

-Հենց նա է, Յակով Արկադևիչ: Իսկ ահա մուսավաթական կառավարության ներքին գործերի նախարար Ջեվանշիր Բեհբութ Խանին մեկ տարի անց Ստամբուլում մի այլ քաջորդի՝ Միսակ Թոռլաքյանը, մահվան դատապարտեց այն բանի համար, որ այդ տականքը կազմակերպել էր Բաքվի հայերի ջարդը Կոմունայի անկումից հետո… Ներեցեք, ընդհատեցի Ձեզ…

-Հիշելով անցած օրերը, ես չգիտես ինչու միշտ հուզվում եմ: Իմ սերնդի մարդիկ թույլ են տվել շատ վրիպումներ, անչափ շատ աններելի սխալներ… Տա Աստված, որ դուք մեզնից ավելի խելացի լինեք, սովորեք մեր սխալներով…

Հիմա խոսենք Էնվերի մասին: Այդ մոլագարն ամուսնացած էր թուրքական սուլթանի աղջկա հետ, ուստի և  առանձնահատուկ դիրք ուներ մուսուլմանական Արևելքում, ուր թուրքական սուլթանը երկրպագվում էր որպես երկրային Մուհամեդ: Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո Էնվերը փախավ երկրից ու ապաստան գտավ Կրեմլի բոլշևիկների մոտ: Երկու տարի նա թափառեց Արևելքի երկրներում, իր արկածախնդրությունների համար որոնելով նոր հնարավորություններ: Նա ծրագրել էր Պարսկաստանի, Աֆղանստանի, Միջին Ասիայի ժողովուրդներից ստեղծել մահմեդական նոր պետություն: Իհարկե, իրեն պատկերացնում էր այդ պետության ղեկավարի պաշտոնում: Բոլշևիկները նրան հրավիրեցին Բաքվում տեղի ունեցող Արևելքի ժողովուրդների համագումարին, ուր Էնվերը պատգամավորներին դիմեց գրավոր հայտարարությամբ՝ իրեն համարելով բոլշևիկների ազգային քաղաքականության կողմնակից: Դա խարդախի ճարպիկ քայլ էր: Եվ բոլշևիկների պարագլուխները հավատացին նրան: Մեկ տարի անց Էնվերը դառնում է Բուխարայի զինված ուժերի գլխավոր հրամանատար և  ապստամբություն նախապատրաստում Բուխարայում…

Դուռը թակեցին: Լսվեցին բարձր ուրախ ձայներ: Յակով Արկադևիչը մատիտը նետեց քարտեզին և  գնաց դուռը բացելու: Տուն մտան ծաղկավոր խալաթներով, տյուբետեյկաներով մի խումբ տարեց մարդիկ:

-Իմ միջինասիական բարեկամներն են,- ներկայացրեց տանտերը,- ջիգիթներ, միասին ենք Էնվերին խփել:

Մարտական հին ընկերների հանդիպում էր: Ինչ հետաքրքիր իրադարձություն կհառնի նրանց հիշողության մեջ, քանի՞ դրվագ՝ շարքային և  հերոսական, կպատմեն միմյանց վետերանները: Ափսոս: Ես պետք է դուրս գամ:

Լինում է և  այդպես. պայմանավորվում ենք հանդիպել Մոսկվայում… Իսկ հանդիպում ենք հեռավոր Սամարղանդում, ուր այդ օրերին ես ծառայում էի:

Անսպասելի հեռագիր եմ ստանում. «Ձեզ մոտ է ժամանում Թուրքեստանի վետերան Յակով Մելքումովը: Դիմավորել անձամբ: Ստեղծել աշխատանքի եւ հանգստի բոլոր պայմանները»:

Յակով Արկադևիչի հետ հանդիպեցինք որպես հին բարեկամներ:

-Մի լավ վարգաձի լիներ, լեռները բարձրանայինք,- ասաց Յակով Արկադևիչը, հենց որ ոտք դրեց Սամարղանդի հողին:

-Վարգաձի չեմ խոստանում, բայց ամենագնաց կլինի, որը ձիուց վատ չի մեզ տանի լեռները:

Փոքրիկ «Գազ-69»-ը արագությամբ սլանում է լեռնային ճանապարհներով: Բարձրանում ենք Թախտա-Կարաչինի լեռնանցք: Շուրջը լեռներ են: Երկնասլաց: Ահարկու, սև  ժայռեր: Շատ ենք բարձրացել: Հավերժական ձյան շերտը շատ մոտ է:  Կողք կողքի նստած ենք գլաքարերին ու հեռադիտակով զննում ենք շրջակայքը: Երևում են Թերմեզի տրակտի ոլորանները.

-Ով ասես չի անցել այդ ռազմական ճանապարհով… Այդտեղով Արևելյան Բուխարայի տարածքով Միջին Ասիա է ներխուժել Ալեքսանդր Մակեդոնացին: Հակառակ ուղղությամբ գնացել են Չինգիզ Խանն ու Լենկ-Թեմուրը,- ասաց Յակով Արկադևիչը, հեռադիտակը չհեռացնելով աչքերից:

Ես շտապում եմ նրան պատմության խորքերից վերադարձնել մեր անհանգիստ 20-րդ դար.

-Այդտեղով քսան թվականի վերջին դուք անցել եք ու ոչնչացրել Բուխարայի էմիրի զորքը, այդտեղով քսաներկու թվականի հունիսին ձեր հեծելազորայիններին տարել եք նզովյալ Էնվերի դեմ:

Յակով Արկադևիչը  իջեցնում է հեռադիտակը: Ամեն ինչ հասկացող, իմաստուն ժպիտը նրա հայացքից հեռացնում է կարոտախտը.

-Էնվերը բասմաչների սովորական պարագլուխ չէր: Գերմանիայում ստացած զինվորական կրթությունը, Առաջին աշխարհամարտի մարտական փորձը  և, վերջապես, ուժերի հսկայական թվական գերազանցությունը նրան լուրջ հակառակորդ էին դարձնում: Բայց ես հաստատ որոշեցի այս անգամ ձեռքիցս բաց չթողնել նրան: Բանն այն է, որ 1915 թվականի հունվարի 1-ին Սարիղամիշի մոտ Էնվերը ջախջախվեց և  փախավ մարտադաշտից: Ես այն ժամանակ հեծելավաշտի հրամանատար էի…

Էնվերն ուներ պատկառելի զորք, նրա թիկունքին ո՛չ Բեռլինն էր, ո՛չ էլ Թիֆլիսը, այլ Արեւելքը: Մոսկվան պնդում էր այդ տականքին ողջ բռնել: Մերթ Տրոցկու, մերթ Լենինի ստորագրությամբ հեռագրեր էին ստացվում. Էնվերին ողջ բռնել և  հասցնել Մոսկվա: Ո՞նց թե: Այդ հանցագործին, իմ ժողովրդի այդ երդվյալ թշնամուն գթություն չէր լինելու… Լուսաբացին իմ գնդերը հանկարծակի հարվածով մինչև  առավոտյան նամազը մտան Քոֆրուն, և սկսվեց կատաղի մարտը: Թշնամին չդիմացավ մեր հանդուգն շշմեցուցիչ հարվածին: Էնվերը առանց խալաթի ու սապոգների (նա դեռ անկողնում էր, երբ իր պատուհանի տակ փայլատակեցին մեր սրերը)  փախավ լեռները: Ո՛չ, չես փախչի, արնախում  չախկալ, իմ ժողովրդի արյունը քո խղճի վրա է ծանրացած: 25 վերստ հետապնդեցինք նրան: Հասանք Չագան մեծ ղշլաղ: Արյունալի մերձամարտում ոչնչացրինք «ուղղահավատ» մարդասպանների ամբողջ ավազակախումբը, ոչնչացրինք նաև  արնախում  փոխակերպուկ Էնվերին: Նրա անձնական մեծ, արծաթյա կնիքը, որին մակագրված էր՝ «Իսլամի բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, խալիֆի փեսա եւ Մուհամեդի փոխանորդ», հաղթողի իրավունքով անցավ ինձ, իսկ անձնական ղուրանն ու ոսկեզօծ խալաթն ուղարկեցի Մոսկվա…

-Էնվերն իր արյունարբու եղբայր Ջեմալից ընդամենը տասն օր ավելի ապրեց:

-Այո՛, ես Էնվերին սպանեցի 1922թ. օգոստոսի չորսին՝ Չագան ղշլաղում, մզկիթի մոտ:  Զինվորական տրիբունալի վճիռն իրականում ի կատար ածվեց Բեռլինում, Թիֆլիսում, Չագան ղշլաղում…

 

ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #17 (1337) 29.04.2020 - 5.05.2020, Պատմության էջերից


30/04/2020