Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԱշխատանքային սեղանին պլանն է՝ պայմանական մարտական գործողությունների խաղարկման սցենարով:

Վրանային ավանում՝ մարտական կառավարման կետում, սպայական կազմը տեղագրական ու մարտավարական կողմնորոշումներով  ճշգրտում է պայմանական հակառակորդի հավանական գործողությունները, որոշումներ կայացնում և այդ մասին զեկուցում վերադաս հրամանատարությանը:

-Անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ «Պաշտպանողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով։ Կատարելագործում ենք հրամանատարական կազմի մասնագիտական ունակությունները,- նշում է զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Պողոս Պետրոսյանը։

Հակառակորդի հավանական գործողությունների բնույթին ու բովանդակությանը քաջատեղյակ, ինչպես թիկունքում, այնպես էլ առաջնագծում ուսումնական մարզումները երբեք չեն դադարում՝ մեկ տարբերությամբ. այստեղ հակառակորդը պայմանական չէ. իրական ոտնձգություններ ու հարձակումներ կարող են լինել ամեն պահի:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ-Մարտական հաշվարկով խնդիր կատարելիս բոլորը  գործում են գերազանց։ Հիմնականում հին ծառայողներ են ու շատ լավ գիտեն, որ իրավիճակում ինչպես գործել,- վստահեցնում է դիրքի ավագ Արթուր Աղաջանյանը։

Այս դիրքերում պայմանագրայիններն են: Անձնակազմի գերակշիռ մասը մոտակա համայնքներից է, ինչն ավելի է պարտավորեցնում: Թիկունքում իրենց  ընտանիքներն են, դիմացը՝ հակառակորդը, որը ջանք չի խնայում անկանոն ու անհեռանկար քայլերով խաթարելու փխրուն խաղաղությունը:

-Ոչ մի թիզ հող չունենք  թշնամուն տալու։ Պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման,- նշում է դիրքի ավագը։

Զգոն և աչալուրջ ծառայությունը հենակետում օրինաչափություն է բոլորի համար: Այս փաստը դիրքապահներն ամրագրել են նաև լավագույնի կոչմանն արժանանալով: Նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ստորաբաժանումը բանակում ճանաչվել է լավագույնը:

Գումարտակի հրամանատար Հովսեփ Մինասյանը մեզ ներկայացնում է հաջողության գրավականը.

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ-Համախմբվածություն կա, կոլեկտիվ կա ստորաբաժանումում։ Վերադաս հրամանատարությունից է շատ բան կախված։ Կայացած տղերք են բոլորը ու քաջ գիտակցում են թե՛ իրենց անելիքը և թե՛ իրենց գործի լրջությունը։

Զինվորական կարգապահությամբ և առավելագույն զգոնությամբ դիրքապահները օրը 24 ժամ հետևում են հակառակորդի շարժին: Դիտորդներն իրենց տեղերում են՝ դիտակետերում, խրամաբջիջներում ու համակարգչի առջև. սահմանից այն կողմ տեղի ունեցող զարգացումներին հսկում են նաև տեսադիտարկման սարքերի օգնությամբ:

-Մեր ունեցած սպառազինությունը լիովին բավարարում է, որ առաջադրված խնդիրները հստակ   ու լիարժեք կատարենք,- ընդգծում է գումարտակի հրամանատարը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (1337) 29.04.2020 - 5.05.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/04/2020