Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻՑ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻՑ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն

Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին, երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին:

Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց. 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական՝ զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց, այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ամբողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:

Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ամբողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետև այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան:

Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան: Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում «ջերմացման ժամանակաշրջանի», այլև այն փաստի հետ, որ 1946-49 թվականներին շուրջ հարյուր հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան, դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը:

Խորհրդային Հայաստանի իշխանությունն ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու և Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու որոշում կայացրեց: Եվ այս վեհաշուք կոթողը դարձավ մեր ժողովրդի հավերժության ամենապերճախոս խորհրդանիշներից մեկը:

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻՑ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲԱյդ նույն ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժում սկսվեց նաև Սփյուռքի գաղթօջախներում: Այդ շարժումը, որը տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ղեկավարում են Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցները, հետևողական և անխոնջ քայլերի շնորհիվ բազմաթիվ երկրներում պսակվեց հաջողությամբ:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ, և մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը:

Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:

Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օրն է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությունը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր:

Եվ, այնուամենայնիվ, ապրիլի 24-ն առաջին հերթին մեր ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենահարմար պահը:

Ո՞րը պետք է լինի, ուրեմն, ապրիլի 24-ից մեր հետևությունը:

Առաջինը. 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել:

Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը, և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը:

Երկրորդ և նույնքան կարևոր հետևությունը հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Եվ այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայելու անվտանգության բոլոր սպառնալիքներին:

Այո՛, պետք է մենք ջանք չխնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻՑ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲԱյո՛, պետք է մենք ջանք չխնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր դաշնակիցների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր է միայն համահայկական ներուժի համախմբմամբ: Համահայկական ներուժի Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր:

Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս՝ վաղվա աշխարհի պայմաններում է՛լ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի:

Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման…:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը երկար տարիներ մեր ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել, և այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի, և համոզված եմ՝ այդպես էլ կլինի:

Եվ ուրեմն, կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ հայկական Սփյուռքը,

Եվ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում:

Հիշում ենք և պահանջում»:

Խորագիր՝ #17 (1337) 29.04.2020 - 5.05.2020, Հոգևոր-մշակութային


30/04/2020