ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Նրանց գնալով աղքատանում ենք մենք,
հարստանում է մեր պատմությունը:
Արցախյան պատերազմը ալեկոծեց հայ հասարակությանը, և հենց այդ պահին էր, երբ առաջ եկան մարդիկ, որոնք իրենց ուսերի վրա վերցրին Շարժում-Ազատամարտը` հատկապես առաջին գծում, որտեղ որոշվում էր Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Այդպիսի մարդկանցից էր նաև Արմենակ Արմենակյանը:
Կյանքի մեծ ճանապարհ անցած մարդու անունը որոշակի գործի հետ է կապվում: Արմենակի կյանքի գործը երկու բառերի մեջ կարելի է ամփոփել` Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ: Երկուսի մեջ էլ հսկայական իմաստ կա: Մեկում մեր ժողովրդի պատմության ու հոգևորի հանդեպ նրա ունեցած խոր հավատը, խոնարհումն ու սերն է, մյուսում` իր ժողովրդին ոսոխից պաշտպանելու, նրան պարտության մատնելու անսասան կամքը: Այն, ինչը նա արել է խոնարհված եկեղեցու հառնումի և «Մեծն Տիգրանի» հաղթանակի համար, թերեւս պետք է բխեցնել իր գերդաստանի՝ անցյալ դարում կրած տառապանքներից…
…Արմենակի մեծ պապը` Նադոն, 1915թ. իր բազմանդամ գերդաստանի ու հազարավոր հայ ընտանիքների հետ, թուրքական յաթաղանից մազապուրծ, Մուշից գաղթում է Արևելյան Հայաստան: Շուրջ մեկ տարի թափառելով գավառից գավառ, ռուսական զորքերի՝ Մշո դաշտի և Մուշ քաղաքի ազատագրումից հետո, 1916թ. Նադոն իր հարազատներով նորից վերադառնում է Երկիր` Մշո Բուլանըխի Բլուր գյուղ: Բայց այնպես եղավ, որ շուտով Նադո պապը, չար բախտի թելադրանքով, երկրորդ անգամ և արդեն ընդմիշտ, լքեց Մուշն ու եկավ հաստատվելու Նորքի բարձունքում: Արմենակի Լևոն պապը պատմում էր, որ 1916թ. ֆիդայի Նադոն իր հետ բերել էր Մշո Առաքելոց վանքի Սուրբ Ավետարանը ու հանձնել ի պահ Էջմիածնի Մայր տաճարին: Ինչ էլ որ լիներ, կյանքն առաջ էր ընթանում, և Նորքում բնավորված մշեցի Նադոյի թոռ Մանասի ընտանիքում 1955 թվականին լույս աշխարհ եկավ մի մանչ, որին ծնողները կնքեցին Արմենակ անվամբ: Նա համեստ, աշխատասեր և ավանդապահ մեծ գերդաստանի երրորդ` նախավերջին զավակն էր: Երևանի հնագույն թաղերից մեկում` Նորքում են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Թիվ 124 միջն. դպրոցն ավարտելուց հետո, 1974-1977թթ. ծառայել է խորհրդային զինված ուժերի հյուսիսային նավատորմում` արժանանալով բազմաթիվ խրախուսանքների. հիշենք՝ խորհրդային նավատորմում ծառայության համար ընտրում էին հոգեպես ու ֆիզիկապես ուժեղներին ու դիմացկուններին:
Նա այն սակավաթիվ հավատավորներից էր, որ խորհրդային անաստվածության օրոք դրեց Նորքի ավերված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնաքարը. նախ՝ ճշտեց հնի տեղը, ապա որոշեց, որ, ինչ էլ լինի, պիտի վերականգնի, կառուցի մի նոր, ավելի վսեմաշուք տաճար: 1988թ. լինելով «Նորք-Մարաշ» հայրենակցական-բարեգործական միության նախագահը` Արմենակը իրականացրեց Սուրբ Աստվածածնի կառուցումը: Անձամբ մասնակցելով շինարարական աշխատանքին՝ եկեղեցու ամեն քարը դնելիս կնքեց մի նահատակի անունով:
1988թ. փետրվարյան փոթորկալից օրերին նա դարձյալ այն քչերից էր, որոնք քաջ գիտակցում էին, որ Արցախյան շարժումն անխուսափելիորեն հանգեցնելու է զինված պայքարի, որին ինքը վաղուց հոգեպես պատրաստ էր…
«Նորք» ջոկատը 1989-90թթ. նոր-նոր ստեղծվող առաջին կամավորական ջոկատներից էր, որը կազմավորեց և մարտի դաշտ առաջնորդեց Արմենակը: Ամիսներ անց պատերազմ մեկնելուց առաջ նա և իր ջոկատի տղաները երդվեցին հավատարիմ մնալ նախնյաց մարտական ավանդներին ու վերադառնալ միայն հաղթանակով. որոշվեց, որ հայրենիքի համար զոհված առաջին նորքեցու շիրիմը կամփոփվի եկեղեցու բակում: Ի՞նչ իմանար, որ ճակատագիրը իր համար էլ է տեղ նախապատրաստել այնտեղ…
1990թ. «Նորք» կամավորական ջոկատն ընդգրկվում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում: 1992-ին, գնդի ռազմական խորհրդի (նախագահ` Խաչիկ Գալստյան, փոխնախագահ` Վլադիմիր Առաքելյան) որոշմամբ՝ Արմենակ Արմենակյանը նշանակվում է «Մեծն Տիգրանի» հրամանատար: Զինակիցների վկայությամբ, նա անփոխարինելի հրամանատար էր: Ամեն ինչ սիրում էր ամբողջության մեջ տեսնել և մարտական գործողություններին նախապատրաստվել հիմնավորապես: Եթե պլան չունենար, կռիվ չէր գնա: Ապշեցուցիչ դիտողունակություն և կանխազգալու հատկություն ուներ: Իր ծանր քաշով շատ թեթև էր քայլում և ոտքի տակ զգում էր ականը:
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հիմնադրման տարեթիվն ընդունված է համարել 1990թ. փետրվարի 15-ը: Այդ օրը Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղում 200 ազատամարտիկների ներկայությամբ ընդունվեց գնդի հռչակագիրը: «Գնդի մարտական սուրբ դրոշի և Ավետարանի առաջ մարտիկները երդվեցին իրենց հոգևոր, մտավոր և ֆիզիկական կարողությունները, բարոյական և կամային հատկանիշները ծառայեցնել հայ ժողովրդի գոյապայքարի սուրբ գործին»: Դրանով սկսվեց և հետագայում ՀՀ սահմաններով ու Արցախ աշխարհի տարբեր շեներով ու քաղաքներով շարունակվեց աշխարհազորային փառապանծ գնդի մարտական ուղին՝ Կոռնիձոր, Երասխ, Բարձրունի, Շուռնուխ, Պառավաքար, Շահումյան, Լաչին, Մարտակերտ, Ղուբաթլու, Քարվաճառ, Եղնիկներ: Արցախյան ռազմաբեմի որ կետում ասես չի ծածանվել «Մեծն Տիգրանի» մարտական դրոշը: Գրքեր կարելի է գրել ոչ միայն աշխարհազորային այս գնդի, այլ նաև նրա փառքը իրենց արյամբ սրբագործած հերոսների` Տիգրանների, Գուսանի, Դևի, Սոսի, Կամոյի, Ժորայի, Գնդապետի (Դնեպրիկ Բաղդասարյան) և էլի շատ ուրիշների մասին:
«Մեծն Տիգրանի» կազմում եղել է մոտ երեք տասնյակ կամավորական ջոկատ՝ Երևանից, ՀՀ տարբեր շրջաններից, ինչպես նաև Արցախից. գնդի կորիզը կազմել է «Ազատություն» ջոկատը (հրամանատար` Նորիկ Սարգսյան): «Մեծն Տիգրանի» միաժամանակյա կազմը հասել է մինչև 4-5 հարյուրի, իսկ նրանով անցած հոսքը` ավելի քան 1500 հոգու: Գնդի մարտական հաշվարկում կան հակառակորդի ոչնչացված մեծաքանակ զրահատեխնիկա, կենդանի ուժ: Իսկ այդ ամենի համար վճարվել է շատ թանկ գին` 40 զոհված և ավելի քան 100 վիրավոր:
Այս փաստերի մեջ Արցախյան պատերազմի անասելի դժվարություններն են ու հաղթանակի բերկրանքը: Այս ամենի մեջ… նաև Արմենակի հերոսական կերպարն է: 1992-ից «Մեծն Տիգրանի» հրամանատար Արմենակ Արմենակյանը շատ էր հպարտանում իր գնդով, իր մարտական ընկերներով, իսկ վերջիններս էլ՝ իրենց հրամանատարով:
Պատերազմից հետո Արմենակը դարձյալ իր ժողովրդի, իր համայնքի հետ էր, ուժերի ներածին չափով օգնում էր մարդկանց: Նա լավ գիտեր ավանդույթի արժեքը: Ժողովուրդն էլ շատ էր սիրում նրան:
Նորք-Մարաշի ազգաբնակչության միահամուռ կամքով 1997թ. Արմենակ Արմենակյանն ընտրվեց համայնքապետ, իսկ 1999թ.` Ազգային ժողովի պատգամավոր: Հայրենիքի ու ազգի հետ էր միահյուսել իր երազանքները, ժողովրդի հետ էր կապել իր ծրագրերն ու կյանքի իմաստը. «Ամեն ինչ գործով է երևում, ամեն մարդ իր գործն է անում»:
Բայց, ինչպես ասում են, «Մարդը նախատեսում է, իսկ Աստված՝ տնօրինում»: Մեր պատմության ամենասեւ ու ամենաամոթալի օրերից մեկը` 1999-ի հոկտեմբերի 27-ը, եկավ ու իր հետ տարավ նաև Արմենակին:
Այդ ճակատագրական օրից անցել է տասնմեկ տարի, և յուրաքանչյուր հոկտեմբերի 27-ին նրա հարազատները, մարտական ընկերները, բնակչությունը սրտի պարտադրանքով այցելում են Նորքի բարձունքում հանգչող իրենց հրամանատարին և առաջին համայնքապետին:
Հայ մեծ պոետն ասել է` «Գործն է անմահ, լավ իմացեք»: Արմենակ Արմենակյանի հիշատակի անմահացման համար Նորքի թիվ 124 միջնակարգ դպրոցը անվանակոչվեց նրա անունով: Հետմահու նրան շնորհվեց «Արիության մեդալ», «Մարտական 1-ին աստիճանի խաչ»: Բայց նրա գործի ամենամեծ գնահատականն այն է, որ նրա զինակիցներն ու մարտական ընկերները առ այսօր իրենց համարում են Արմենակի ջոկատի զինվորները:
ԱՐԵՎԻԿ ԳԱՓՈՅԱՆ
Հ.Գ. – Այս հոդվածը ես չուզեցի գրել նրա մահվան առթիվ, որովհետև Արմենակը կյանքի ու պայքարի մարդ էր: Դրա համար էլ գրում եմ նրա ծննդյան օրվա կապակցությամբ. դեկտեմբերի 11-ին լրանում է նրա ծննդյան 55 տարին։ Ծնունդդ շնորհավոր, հրամանատա՛ր:
Խորագիր՝ #49 (864) 15.12.2010 – 22.12.2010, Ճակատագրեր