Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԸ՝ ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ…



ԿՅԱՆՔԸ՝ ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ...Պատերազմը միայն հակամարտող կողմերի զինվորների կռիվ չէ, հազար դեմք ունի պատերազմը՝ զոհված, վիրավոր զինվորներ, որդեկորույս ծնողներ, անհայր մեծացած երեխաներ, երեխաներ, որոնց կյանքն անցել է ռումբերի տարափի տակ…

-Երբ գերմանացիները ռմբակոծում էին Կիեւը, մայրս Վանից բերված  մաշված մի կարպետով ծածկում էր մեզ, հավատալով, որ այդ հնամաշ կարպետը գերբնական  զորություն ունի,- հիշում է մանկավարժ Աստղիկ Սաղայանցը, որի մանկությունն անցել էր փշալարերի հետևում՝ համակենտրոնացման ճամբարում:

Տիկին Աստղիկը պատերազմական օրերից շատ բան չի հիշում՝ երկու-երեք տարեկան էր, երբ ծնողների հետ որպես գերի տարվեց Գերմանիա: Համակենտրոնացման ճամբարում անցկացրած կյանքի մասին ավելի շատ հիշում է մոր պատմածներից և մանկական հիշողության մեջ մնացած խամրած պատառիկներից:

Աստղիկի ծնողները ցեղասպանությունից հրաշքով փրկված հայեր էին՝  ամեն մեկի կյանքը մի ոդիսական:

Էրզրումցի հայրը 1915թ. եղբոր փոխարեն ներկայանում է թուրքական բանակ՝ ծառայության (եղբայրը երեխա ուներ) և պատերազմի ժամանակ գերի է ընկնում ռուսներին: Գերությունից ազատվելուց հետո հաստատվում է Կիևում: Այստեղ էլ համագյուղացիներից մեկին պատահականորեն հանդիպելով՝ տեղեկանում է, որ իրենց մեծ գերդաստանից ոչ մեկը ողջ չի մնացել, բոլորին թուրքերը կոտորել են…

Տխուր էջերով լցված է նաև Աստղիկի մոր կյանքը: Մայրական պապը Վանում մեծ համբավ ուներ՝ գյուղապետ էր՝ պատվով, հարգանքով: Ծանոթ քուրդը մի օր նախազգուշացնում է նրան՝ գերդաստանդ վերցրու, փրկվիր, ձեզ մեծ վտանգ է սպառնում: Այստեղից-այնտեղից արդեն լուրեր էին հասնում հայերի հանդեպ թուրքերի աննկարագրելի ոճրագործություններից: Պապն ընտանիքն առած՝ գնում է Բաղդադ: Բաղդադում մեծ տղան՝ 14-ամյա Սահակը,  հորը խնդրում-պաղատում է իրեն հանձնել ամերիկյան որբանոց: Անորոշությունից, անհուսությունից  պապը ճարահատ համաձայնում է:

-Հետո հանգրվանեցին Արտաշատում, այստեղ էլ սովը, հիվանդությունը խլեցին մորս երկու քույրերի կյանքը,- անհուն դառնությամբ պատմում է տիկին Աստղիկը:- Կրտսեր մորեղբայրս զինվորական դարձավ, 35 տարեկանում արդեն գնդապետ էր: Բայց խառը ժամանակներ էին, գեներալներից մեկը, որ շատ էր սիրում ու գնահատում քեռուս, զգալով, որ նրան հետեւում են, խորհուրդ է տալիս հեռանալ երկրից եւ ծառայությունը շարունակել Կիեւում: Այդ ժամանակ,  մորս պատմելով, Ադիս Աբեբայից ավագ մորեղբորիցս դեռ նամակներ էին հասնում, բայց քանի որ անկանխատեսելի  ժամանակներ էին, գնդապետ քեռին գրում է ավագ եղբորը. «Այստեղ եղանակները ցուրտ են», ցանկանալով հասկացնել, որ վտանգավոր է նամակագրությունը: Ու այդպես կապն ընդհատվում է (հետագայում, երբ երկաթե վարագույրը բացվեց, ավագ քեռուն գտնելու բոլոր փորձերն անպտուղ անցան):  Մեկ տարի անց մահանում է նաեւ զինվորական  քեռիս:

-Հայրս ու մայրս  Կիևում են իրար հանդիպել,- շարունակում է տիկին Աստղիկը,- ամուսնացել  են, ու մեկտեղվել է   երկու տարաբախտ հայերի  ճակատագիրը:

Իրենց ընտանիքը Կիեւում հայտնի էր հյուրընկալությամբ, դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց օգնելու պատրաստակամությամբ, հայրը հացի չորս փուռ ուներ, ապահով, բարեկեցիկ ապրում էին: Թվում էր՝ այսքան տառապանքի միջով անցած մարդկանց համար կյանքն այսուհետ սահուն պետք է անցնի, բայց ճակատագիրը նոր փորձություն էր պահել. սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, գերմանացիները գրավում են Կիեւը, եւ շատերի հետ նրանց էլ որպես գերի տանում են Գերմանիա: Մինչ գերի ընկնելը հայրը կապ է պահպանել տեղի պարտիզանների հետ, վտանգելով կյանքը, իր օջախում թաքցրել  էր  հինգ հայ գերու  եւ մեկ հրեա ընտանիքի, վերջիններիս  գերմանացիները գնդակահարել են, փրկվել է միայն նրանց աղջիկը, որն էլ հետագայում իրենց հետ գերի է ընկել:

Գերմանացիները գերիներին ուղարկում էին  հարկադիր աշխատանքի: Բեռլինի խոնավ հանքերում  էր աշխատում հայրը, իսկ մայրը՝ երկաթուղում, սակայն, որոշ ժամանակ անց, առողջական լուրջ խնդիրների պատճառով աշխատում  է խոհանոցում:

-Մայրս խաշած կարտոֆիլը թաքցնում էր փեշի տակ և հասցնում ճամբարի սովահար հարևաններին:

Հետագայում ծնողները գերության օրերից տարբեր դեպքեր ու դրվագներ էին պատմում, բայց դրանցից ամենատպավորիչը Աստղիկի համար մոր անձնազոհ արարքն է: Ճամբարի պետի՝ Շուլցի սիրուհին տեսնելով փոքրիկ, աշխույժ Աստղիկին, որոշում է մոր ձեռքից վերցնել, խլել երեխային, բայց մայրն ընդդիմանում է, աղաչում-պաղատում ՝ միակ երեխաս է: Սիրուհին զայրանում է ու որոշում պատժել իրեն հակաճառող կնոջը՝ հրամայում է օրուկես  անշարժ կանգնել  դրսում, ձյան վրա ու պահակին էլ կարգադրում՝ թե շարժվի կամ նստի՝ կգնդակահարես: Միակ երեխային կորցնելու ահից մայրը ժամերով անշարժ-քարացած կանգնած է մնում ցրտին: Հետո երևի սիրուհու մարդկային գութն է արթնանում, փոխում է որոշումը, ասելով՝ երեխան ամբողջ օրը ինձ մոտ կմնա, երեկոյան քեզ կտամ…

ԿՅԱՆՔԸ՝ ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ...-Երբ պատերազմն ավարտվեց, աննկարագրելի էր մարդկանց ուրախությունը, արցունք-ժպիտ խառնվել էր: Մեզ ազատագրեցին ամերիկացիները,- վերհիշում է Աստղիկ Սաղայանցը:-Ամերիկացիները ռազմագերիներին առաջարկում էին  իրենց հետ մեկնել Ամերիկա: «Մենք հայ ենք, Հայաստան պիտի գնանք»՝ հոր խոսքը անսակարկելի էր:

Հայրենիք կորցրած ծնողների միակ բաղձանքը հայոց հողում հաստատվելն էր, սակայն հետպատերազմյան Հայաստանը շատ հեռու էր երազանքներում փայփայած հայրենիքից:

Օրերից մի օր էլ ծնողներին կանչեցին ՊԱԿ: Գերությունից ազատվածներից շատերին՝ որպես անբարեհույս տարրերի, աքսորում էին Ալթայի երկրամաս, և ով իմանա՝ նույն բախտին չէին արժանանա, եթե  երջանիկ պատահականությամբ հարցաքննության սենյակ չմտներ մի զինվորական, որը  վաղամեռիկ քեռու զինվորն էր եղել եւ իրենց տանը հաճախ հյուրընկալվել: Հենց նրա շնորհիվ էլ ընտանիքն ազատվեց վերահաս վտանգից:

-Ու չնայած վերջ չունեցող  դժվարություններին ու փորձություններին,  հայրս մի օր չտրտնջաց, չբողոքեց,- ասում է տիկին  Աստղիկը:- Անսահման էր հորս հայրենապաշտությունը,  նա միշտ  ասում էր՝ հայությունը չկորցնելու միակ խարիսխը  հայրենիքն է ….

Աստղիկը գերազանց գնահատականներով ավարտեց դպրոցը, երազում էր համալսարանի քիմիական ֆակուլտետում ուսանել, սակայն անսալով հոր խնդրանքին՝ ընդունվեց համալսարանի պատմության ֆակուլտետ: Հայրը հայերեն գրել-կարդալ չգիտեր, ու դուստրը սիրով, ջերմությամբ նրա համար կարդում էր Հայոց պատմությունը, հայ ժողովրդի անցած պատմությունը, որի դառը ճակատագրի բաժնեկիցն էին նաև իրենք:

…Երկու մեծ գերդաստանների  միակ շառավիղն է Աստղիկ Սաղայանցը:

Աստղիկն ամուսնացել է հոր փրկած գերիներից մեկի քրոջ որդու հետ., երեք հրաշալի աղջիկ ունի, արժանավոր թոռներ…

ԱԼԻՍ  ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Ճակատագրեր, Պատմության էջերից


07/05/2020