Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ



ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ2015 թվականի մայիսի 16-ն էր: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` դարչնագույն սպայական պայուսակի կոթն ափի մեջ ամուր սեղմած, բարձրանում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի աստիճաններով: Գնում էր թանգարանին պահ տալու Շուշիի ռազմական գործողության քարտեզը: «Քարտեզն ինձ մոտ չպետք է մնա, այն ժողովրդի սեփականությունն է»,-ասել էր ու պայուսակից հանել կանաչ-դեղին  փաստաթուղթը: Քսաներեք տարի քարտեզը մասունքի պես էր պահել, բայց  հանձնել էր առանց ափսոսանքի: Մարդիկ միշտ այցելում են թանգարան սեփական աչքով տեսնելու բերդաքաղաքի ազատագրման վկայականը:

 

Արկադի Տեր-Թադեւոսյանը հրում է երկաթե դուռը: Վերակառուցվող շինությունում ենք, որտեղ մտադիր է Շուշիի ազատագրման թանգարան հիմնել: Այստեղ է գործողության «կնքահայրը» պահում հաղթական դրվագը վավերացնող բոլոր գրությունները` զենք-զինուժի հաշվարկներ, օպերատիվ պլան, հետախուզական գծագրեր, ձեռագիր գրառումներ: Ամենից աչքի ընկնողը, սակայն, սենյակի պատին ամրացված 1:50 000 մասշտաբի տեղագրական քարտեզն է` զինվորական թանգարանին հանձնված բնօրինակի պատճենը: «Գործողությունից առաջ խնդրեցինք, որ Հայաստանից քարտեզ ուղարկեն: Բայց, դժվար էր, չստացվեց: Ստեփանակերտում խորհրդային զորամաս կար, որտեղ մեծ թվով քարտեզներ էին պահվում: Տղաներն այնտեղից բերնեբերան բեռնված երկու մեքենա բերեցին: Եվ մենք ընտրեցինք այս մեկը»,-պատմում է Կոմանդոսը, ձեռքը վերցնում ցուցափայտն ու մոտենում քարտեզին: Ցույց է տալիս աջ անկյունում սեւ մուգ տառերով նշումը` «հույժ գաղտնի». «Այստեղ ներմուծում էինք վերջնական որոշումները, իսկ հարձակման պլանը մշակում էինք աշխատանքային քարտեզների վրա: Մեկը միշտ փռված էր իմ սեղանին: Ներս ու դուրս անողը կարող էր խորհուրդ տալ, ինչ-որ տարբերակ առաջարկել: Երբեք չեմ մոռանա Խոջալուի ազատագրման հաջորդ առավոտը, երբ երիտասարդ մարտիկը, որին բոլորս «Ճուտ» էինք կոչում, մատը դրեց Շուշիի վրա ու հրամայաբար հարցրեց. «Հրամանատա՛ր, ե՞րբ ենք գրոհելու»,-ժպիտը դեմքին պատմում է գեներալ-մայորը: Մյուս քարտեզները միշտ ծալված էին, բացվում էին գաղտնիության պայմաններում: Թերեւս այդ է պատճառը, որ այսօր «կնճռոտված» են. «Հարձակման պլանը մշակել ենք մարտ-ապրիլ ամիսներին: Հիմնական ուղղությունների հրամանատարներին պարբերաբար խնդիր էինք առաջադրում` ճշգրտել քարտեզի վրա առանձնացված այս կամ այն հատվածը՝ քանի՞ արահետ կա, քանի՞ ճանապարհ, քանի՞ թուփ: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրեինք թշնամու տեղակայման վայրը. զինամթերք քիչ ունեինք: Հետախուզական խմբերի ջանքերով գիտեինք Շուշիում գտնվող ադրբեջանցի բոլոր հրամանատարների անունները, նշանաբանները, սպառազինության եւ զինտեխնիկայի քանակական ու որակական տվյալները: Հրամանատարները հետախուզման արդյունքում ստացված տեղեկությունները գծագրում էին աշխատանքային քարտեզի վրա: Ռազմագործողության պլանավորման աշխատանքներում ճշգրտումներ մտցնելուց հետո նշումները տեղափոխում էինք հիմնական քարտեզի վրա»,-վերհիշում է Կոմանդոսն ու մատնանշում կապույտ շրջանակները՝ հակառակորդի հենակետերն ու կրակակետերն են: Շուշին պաշտպանում էր 2.800 հոգուց բաղկացած ադրբեջանական զորախումբը: Եվ երբ ապրիլի 10-ին Արկադի Տեր-Թադեւոսյանը քարտեզը ցույց տվեց Վազգեն Սարգսյանին, վերջինս կարծիք հայտնեց, որ գրոհի համար անհրաժեշտ կլինի առնվազն տասը հազար մարդ. «Ճիշտ էր: Ըստ ռազմական տեսության՝ հարձակման գնացող կողմը պիտի կարողանա ապահովել ուժերի եւ միջոցների եռապատիկ, իսկ լեռնային տեղանքում՝ քառապատիկ առավելություն: Այդքան ուժ, բնականաբար, չունեինք: Խորհրդակցության ժամանակ ես տղաներին ասացի, որ շատ դժվար է լինելու: Առաջարկեցի մի քիչ էլ սպասել, ավելի լավ նախապատրաստվել: Բայց թե՛ 72 հրամանատարները, թե՛ հիմնական ուղղությունների ղեկավարները պնդեցին` բերդաքաղաքը պետք է ազատագրել, այլապես՝ Ստեփանակերտից բան չի մնա: Աղդամի պահեստներից հակառակորդը օր ու գիշեր զինամթերք էր տեղափոխում Շուշի: Այնտեղից էլ անդադար ռմբակոծում էին Ստեփանակերտը: Մինչև 1992-ի մայիսի 8-ը հասցրել էին ավերել քաղաքի շուրջ երեք չորրորդը: Այսպիսով` հրամանատարները պետք է կատարեին իմ կարգադրությունը, սակայն, որքան էլ տարօրինակ թվա, ես կատարեցի նրանց հրամանը»,-անկեղծանում է Կոմանդոսը:

Եթե Հայաստանի որոշ շրջանակներում դեմ էին «խելահեղ գրոհին», «անհնար թվացող ազատագրմանը», Արցախում՝ հակառակը` վճռական էին տրամադրված: Հարձակումը պետք է սկսվեր մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը, բայց տեղացած առատ ձյունը փոփոխեց պլանները: «Հարսանիք լեռներում» գործողությունը հետաձգվեց երեք օրով. «Նվեր Չախոյանի գլխավորած ջոկատը մայիսի 5-ին եւս մեկ անգամ հետախուզեց Զառսլուի ուղղությունն ու Լիսագորի ճանապարհը: Զեկուցեց, որ ճանապարհի երկայնքով հակառակորդը մոբիլ հենակետեր է ստեղծել: Չհավատացի: Մեկ օր առաջ էինք հետախուզել տեղանքը: Մաքուր էր: Ասացի` Նվե՛ր, կարո՞ղ ես ապացուցել: Ճամպրուկ հիշեցնող մի մեծ լուսանկարչական սարք գտավ: Նկարեց ու փաստեր բերեց: Ստացված տեղեկությունների հիման վրա ռազմագործողության քարտեզում նոր ճշգրտումներ մտցվեցին»: Երբ քարտեզը պատրաստ էր, նախ՝ Կոմանդոսն ու ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ Ֆելիքս Գզողյանը վավերացրին, իսկ վերջնականապես հաստատեց այն ժամանակ Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը. «Ձախ անկյունի վերին հատվածում նախագահ Սարգսյանի ստորագրությունն է: Հեշտ որոշում չէր: Ինձ բանավոր ասել էին, որ գործողությանը հավանություն է տվել նաեւ ԼՂՀ Գերագույն խորհուրդը: Փաստաթուղթ խնդրեցի, բայց այդպես էլ չստացա: Իմ գլխավոր հրամանը դարձավ այս քարտեզը»,-պատմում է հրամանատարը:

Շուշիի մատույցները երիզող կրակակետերի շուրջ 35 կիլոմետր ձգվածությունը անհնար էր դարձնում ողջ ճակատով հարձակողական մարտերի ծավալումը: Որոշվեց քաղաքը գրոհել չորս ուղղություններով: Քարտեզի վրա յուրաքանչյուրի հրամանատարի անունն ընդգծված է. «Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2:30-ին, տրվեց հարձակման հրամանը: Չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաքի գրոհը: Ստեփանակերտի (հյուսիսային) ուղղությունը ղեկավարում էր Վալերի Չիթչյանը, Շոշ գյուղի (արևելյան) ուղղությունը՝ Արկադի Կարապետյանը, Լաչինի (հարավային) ուղղությունը՝ ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանը, իսկ Քոսալար-Ջանհասան (հյուսիսարևմտյան) ուղղությունը՝ Սեյրան Օհանյանը: Պահեստազորի հրամանատարը Յուրա Հովհաննիսյանն էր: Թշնամին հավանական էր համարում Քոսալար-Ջանհասան գրոհը եւ այդ կետը միշտ կրակի տակ էր պահում: Բացառում էր հարձակումը Շուշիի վրա. անմտություն էին համարում»: Ցուցափայտը երկար սահելուց հետո կանգ է առնում Շոշից հյուսիս գտնվող բարձունքի վրա: Կարմիր օղակի մեջ առնված այս կետից է Կոմանդոսը ղեկավարել ռազմագործողությունը. «Ամեն ինչ հարթ էր ընթանում, մինչեւ, ա՜յ, այստեղ չխոցեցին մեր տանկը: Հրամանատարական կետից շատ պարզ տեսա այդ դրվագը: Ամենածանր պահն էր: Խուճապ սկսվեց: Մի պահ թվաց` գործողությունը վտանգվել է: Իսկույն խնդրեցի, որ Ֆելիքս Գզողյանը մեկնի հյուսիսային ուղղություն: Կատարվեց ուժերի վերահաշվարկ… Գրոհը շարունակվեց: Մենք պետք է առաջին օրը հարձակվեինք, երկրորդ օրը Շուշին վերցնեինք օղակի մեջ, երրորդ օրը ազատագրեինք աջ ու ձախ կողմերը: Բայց մեր տղաները գործը կատարեցին 26.5 ժամում»: Մայիսի 9-ն էր, առավոտյան 04:30-ը: Տեր-Թադեւոսյանին հաղորդեցին` քաղաքն ազատագրված է: Նա խնամքով ծալեց քարտեզը, դրեց դաշտային պայուսակի մեջ. «Ես չգիտեի` ի՞նչ անել. ասե՞լ մարդկանց, թե՝ ոչ: Քաղաքում դեռ ականներ կային, մարդիկ կարող էին զոհվել: Ինքս ինձ հետ պայքարեցի մինչեւ առավոտյան ժամը 8-ը»,-հիշում է Կոմանդոսը: Երբ նա հայտարարեց, որ քաղաքում այլեւս հակառակորդ չկա, հրամանատարական կետում քնեց: Որովհետեւ չէր քնել արդեն մի քանի օր. «Ես շատ էի ուզում ուրախանալ իմ զինվորների հետ, բայց, ցավոք, օրգանիզմս չդիմացավ: Միայն երեկոյան գիտակցեցի` ինչ է նշանակում ազատագրել Շուշին…»:

 

Հ. Գ. Ամեն տարի, ավանդույթի համաձայն, Արկադի Տեր-Թադեւոսյանը գնում է Շուշի` տոնելու մեծ հաղթանակը: Քայլում է լեռնաքաղաքով, որտեղ ամեն քարը, ամեն ճանապարհը իրեն հարազատ է ու ծանոթ: Եվ շատ է ուզում, որ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա պատկերվի Շուշիով, որի ազատագրման համար քառասունութ մարտիկներ զոհեցին իրենց կյանքը:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` Արեգ Վարդանյանի

Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Պատմության էջերից, Ռազմական


07/05/2020