Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆԳԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ



ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆԳԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԸՀնաբույր գրքերն ու լուսանկարները, բացիկներն ու վկայականներն, ինչ խոսք, մի ինչ-որ այլ աշխարհի մասին պատմող անգին պատառիկներ են, որ հեռու-հեռավոր անցյալից իրենց հետ բերել են անցած դարի բույրն ու շունչը: Տիկին Ռոզալիան դժվարանում է իր 97-ամյա անձնական արխիվից մեզ համար լուսանկարներ առանձնացնել, ասում է՝ հիշարժան դրվագների պակաս իր կյանքում չի եղել, բայց լուսանկարվելու հնարավորություն ոչ այնքան հաճախ է ընձեռվել: Այնուամենայնիվ, շուտով արդեն մեկդարյա պատմություն ունեցող կենսագրության ամենաթանկ դրվագները ռազմաճակատային լուսանկարներում են անմահացել:

-Ռազմաճակատից նկարներ քիչ ունեմ, որովհետև հնարավորություն չունեինք նկարվելու, ավելի շատ աշխատում էինք,- ասում է տիկին Ռոզալիան:

Թբիլիսիից Ստալինգրադ, Նովոռոսիյսկից Չեխոսլովակիա, ու վերջին կանգառը Հայաստանն է: Ամուսնուն՝ ավագ լեյտենանտ Նալբանդյանին հանդիպել էր Չեխոսլովակիայում, հետո ամուսնացել էին ու որոշել հաստատվել իրենց հայրենիքում: Ասում է՝ հայրենիքի հանդեպ սերը զգացում է, որ ուղեկցել է իրեն ամբողջ կյանքի ընթացքում: Առ այսօր հիշում է վրացի մեծ արվեստագետներ Խորավայի եւ Վասաձեի հետ հանդիպումը, որն իր կյանքի կտրուկ շրջադարձերից մեկը եղավ:

-Նրանք ասում էին, որ պետք է մեր ճանապարհը գտնենք կյանքում, որ մարդու ամենամեծ առաքինությունը հայրենասիրությունն է, հայրենիքը միակն է, հանուն որի կարելի է զոհել ամեն ինչ: Մինչև ուշ երեկո ջերմ զրույց ունեցանք և վերադարձանք տուն, իսկ առավոտյան իմացանք, որ պատերազմ է սկսվել:

Առավոտյան ռադիոն գուժեց` պատերազմ է սկսվել: Դստեր կամավոր ռազմաճակատ մեկնելու որոշմանը հայրենիք, ընտանիք, տունուտեղ կորցրած ղարսեցի հայրը չընդդիմացավ: Առավոտյան Ռոզալիա Աբգարյանի համար նոր օրվա հետ բացվեց կյանքի մի նոր էջ:

-Մենք երեք քույր էինք, մտածում էինք, եթե տղա չկա ընտանիքում, ու ես եմ մեծ քույրը, ուրեմն ես էլ պետք է գնամ պատերազմ: Այդպես սկսվեց մեր զինվորական ճանապարհը՝ 1418 օր տևողությամբ:

Ընկերուհիների հետ լուսանկարն իր համար ամենաթանկ մասունքներից է: …Սկզբում այնքան էլ լավ չէր պատկերացնում՝ ինչ ասել է պատերազմ, բայց ամեն ինչ փոխվեց, երբ մի անգամ Ու-2 ինքնաթիռն անակնկալ հայտնվեց գլխավերեւում: Վայրկյաններ անց սարսափելի դղրդյուն լսվեց: Ընկերուհին զոհվեց, իսկ ինքը վիրավորվեց, ապաքինվելուց հետո ուղարկեցին ուրիշ ճակատ՝ Վորոշիլովգրադ:

-Մասնագիտությամբ կապավոր էի, աշխատում էի տարբեր տեսակի կայանների վրա, առաջնագծում օգնում էինք մեր օդաչուներին ճիշտ ռմբակոծել թշնամու դիրքերը: Լեհաստանում ազատագրեցինք Սասնավեց քաղաքը, լուսանկարվեցինք բնակիչների հետ:

Այս լուսանկարներն էլ Չեխոսլովակիայում են արվել: Պատահաբար էր որսացել մերոնց տագնապահար հաղորդագրությունը, թե՝ Պրահային վտանգ է սպառնում: Անմիջապես հաղորդել էր հրամանատարին, նա էլ վերադաս ղեկավարությանը, ու մերոնք ոչնչացրել էին Պրահայում դիրքավորված գերմանացիներին՝ փրկելով քաղաքի բնակիչներին: Դա պատերազմի վերջին օրն էր:

-Հիմա, որ հիշում եմ, զարմանում եմ՝ 18 տարեկան աղջիկ, ուսապարկը մեջքիս, շինելով, սառնամանիքին ոնց եմ մտել վագոն, հասել Վորոշիլովգրադ: Ոտքերս այնպես էին ուռել, որ կոշիկները  հնարավոր չէր հանել: Պատերազմը ոչ ոքի չի խղճում, բոլորին հավասարեցնում է:

Անկեղծանում է՝ հիմա, երբ նայում է պատերազմական տարիների իր մի քանի լուսանկարները, նոր է գլխի ընկնում, որ դրանք ծանր մարտերի, բայց մեծ հաղթանակների ընդմիջումներում արված լուսանկարներ են: Մեկը՝ Վորոշիլովգրադում, մյուսը՝ Հունգարիայում… Այսօր արդեն այս լուսանկարները մեծ հաղթանակի մասին պատմող անգին վկայագրեր են, մեծ հաղթանակի պատմության այն կարևոր դրվագները, որ նաև Ռոզալիա Աբգարյանն է կերտել…

 

 ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


07/05/2020