105 ՏԱՐԻ ԱՆՑ
Զրույց բանահավաք-բանագետ, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի հետ
-Տիկին Սվազլյան, Դուք Ձեր գիտական գործունեության ամբողջ ընթացքում Հայաստանում և Սփյուռքում հավաքել, գրի եք առել, ձայնագրել ու տեսագրել եք ոչ միայն ժողովրդական բանահյուսության տարբեր բնույթի ստեղծագործություններ, այլև Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների հաղորդած հուշերն ու երգերը: Ի՞նչ ժառանգություն է հավաքվել մինչ այժմ:
-Այո՛, ես իմ կյանքի շուրջ 60 տարիները նվիրել եմ Հայաստանի տարբեր շրջաններում, Սփյուռքում՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան, Ֆրանսիա, Կանադա, Թուրքիա և ԱՄՆ կատարած իմ աշխատանքային ուղևորությունների ընթացքում մշտապես որոնել, հայտնաբերել ու գրի եմ առել ոչ միայն ժողովրդական բանահյուսության տարաբնույթ նյութեր, այլև Հայոց ցեղասպանությունից վերապրած ականատեսների հուշերը, որոնք լույս են տեսել առանձին գրքերով, սակայն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին լույս տեսած «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքում ամփոփված են 700 միավոր հուշ, զրույց և երգ-վկայություններ: Այդ ստվար հատորը լույս է տեսել նաև անգլերեն (թարգմանիչներ՝ Անահիտ Պողիկյան-Դարբինյան և թարգմանիչ, խմբագիր Տիգրան Ծուլիկյան), ապա նաև՝ թուրքերեն (թարգմանիչներ Տիգրան Տեր-Ողորմիաճյան և Պետրոս Չավիկյան): Թուրքերեն հատորը լույս է տեսել Ստամբուլում 2013 թ., այլախոհ մտավորական Ռագիբ Զարաքոլուի «Belge» (Փաստարկ) հրատարակչությունում: Ի դեպ, Ռ. Զարաքոլուն առաջինն էր, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ծնկաչոք ներողություն խնդրեց հայ ժողովրդից՝ իրագործված ոճրագործության համար:
Ականատես-վկաները գերազանցապես ավագ սերնդի ներկայացուցիչներն են: Նրանցից ամենաավագը` Մարիցա Փափազյանն է (ծնվ. 1874թ., Սամսուն): Նա պատմել է, որ թուրք հեծյալ ոստիկանը Դեյր էլ Զորի անապատում մոտեցել է իրեն և փորձել է խլել իր քսանամյա աղջկան: Մայրն ամբողջ ուժով պայքարել է և չի թողել, որ նա փախցնի աղջկան: Ոստիկանը մեղմանալով՝ սկսել է համոզել մորը, որ ինքը հավանել է աղջկան, և եթե նա իր կինը դառնա, ապա ինքը շատ հոգատար կլինի: «Եթե աղջկաս քեզ տամ, նրա հետ նաև 25 հայ աղջիկ պիտի ազատես, համաձա՞յն ես», -ասել է մայրը: Թուրք ոստիկանը համաձայնել է: «Ես կորցրի իմ մեկ աղջկան, բայց 25 հայ աղջիկների ազատեցի այդ գեհենից»:
Հայ մայրերն արցունքով են ճանապարհել իրենց ամուսիններին ու որդիներին թուրքական բանակում ծառայելու, որտեղ հայ զինվորներին զենք չեն տվել, նրանց ուղարկել են «Ամելե թաբուր» (աշխատանքային գումարտակ – թուրք.) ծանր աշխատանքներ կատարելու: Նրանք կամ ծանր աշխատանքից մահացել են, կամ սպանվել: Այնուհետև, հայ կանանց ստիպել են թողնել իրենց տունն ու այգին, ունեցվածքը և իրենց երեխաների, անկարող ու ծեր ծնողների հետ բռնել աքսորի ճամփան: Նրանք արյունոտված ոտքերով, կիզիչ արևի տակ, սոված ու ծարավ, թուրք ոստիկանների մտրակների հարվածների ներքո ամիսներով քայլել են դեպի Դեյր էլ Զորի, Ռաս ուլ Այնի, Ռաքքայի, Մեսքենեի և Սուրուճի անապատները: Ականատեսները նկարագրում են թուրք ոստիկանների, քուրդ հրոսակների, չեչեն ու չերքեզ ջարդարարների ավարառություններն ու թալանը, հայ աղջիկների առևանգումն ու սպանությունը, աներևակայելի դաժանություններն ու խոշտանգումները:
-Կնշե՞ք մի քանի առավել ուշագրավ վկայություններ:
-Իրադարձություններին ականատես Մկրտիչ Կարապետյանը (ծնվ. 1910 թ., Տիգրանակերտ) պատմել է. «…Վերջապես էկանք, հասանք Դեր Զորի անապատի վերևի մասը` Մերդին քաղաքը, որտեղ գնացքը կուգար, Հալեպ կերթար։ Անտեղ մեզ իջեցուցին. կանաչ դաշտ էր։ Ներքևը ձոր կար։ Մեզ` փոքրերիս ջոկեցին, իսկ մեծերին` տարին ձորի կողմը հերթ կայնեցրին. 300-400 հոգիի չափ մեծեր էին, այդքան ալ երեխաներ էինք։ Ուրեմն մեզ` էրեխեքիս կանաչ դաշտի վրա նստեցրին. մենք չգիտեինք` ինչ պիտի ըլլա։ …Մայրս իր հերթը խախտելով՝ գալիս էր մեզի համբուրում, համբուրում, գնում էր։ Մենք` ես, մեծ եղբայրս և փոքր եղբայրս, որը մեկ տարեկան էր, հեռվից տեսնում էինք մի շարան կանայք, մեր մայրը անոնց մեջն էր։ Տունեն երբ էլանք, մեր մայրը ազգային տարազներով էր` թավիշ, ոսկեկար հագուստներով, գլուխը զարդարված էր ոսկեդրամներով, վիզը ոսկե շղթա կար, հագուստներուն մեջը երկու կողմը 25-25 ոսկի էր կարած` գաղտնի: Վերջին անգամ, երբ մեր մայրը էկավ մեզի խենթի պես համբուրեց, կհիշեմ, արդեն միայն ճերմակ ներքնազգեստով էր. ո՛չ զարդ կար, ո՛չ ոսկի կար, ո՛չ ալ թավիշե հագուստները: Մենք` էրեխեքս, բանից անտեղյակ էինք։ Էնտեղ բաներ մը կատարվում էին, բայց չգիտեինք ի՞նչ: Դու մի ըսեր բոլորին հերթով հագուստները հանում էին, մի կողմի վրա շարում, բոլորին մերկացնում էին, կացինով գլուխը կտրում էին, նետում էին ձորը…»:
Շատ կարևոր տեղեկություններ են պարունակում նաև վերապրողների պատմական բնույթի երգերը: Օրինակ՝ կոտորածն սկսվել է ապրիլին` Զատիկի կիրակիին, որպեսզի հայերը ևս Քրիստոսի չարչարանքներին արժանանան և իրենց արյունով ներկեն Զատիկի հավկիթները.
Զատիկ-կիրակի վրանները քանդեցին,
Բոլոր հայերին անապատը լցրին,
Այծերի պես հայերին մորթեցին,
Հայերն են զոհվում հանուն հավատքի:
Մերսինցի Սողոմոն Եթենեկյանը (ծնվ. 1900թ.) նույնպես վերհիշել է իր տեսածները. «…Թշնամիս թող չտեսնա ան, ինչ որ մեր աչքերը տեսան Դեր Զորի ճամփին: Սիրտս կանգ կառնե, որ կհիշեմ ադ բոլորը: …Աղջիկ-կնիկ, 300-400 հոգի գոտիներնին հանած, իրար կապված, իրար հետևից, եալա՜, Եփրատ գետը կնետվեին, որ թուրքի բաժին չդառնան: Ջուրին երթալը չէիր տեսնար, լեշերը դուրս ելած էին, բերդի պես իրար վրա դիզված էին, շուները կատղած էին մարդու միս ուտելեն…»։
Երիտթուրքերի կազմակերպած համատարած սպանդի պայմաններում արևմտահայերը երկրի մի շարք շրջաններում անհավասար կռիվ մղեցին թշնամու գերազանց ուժերի դեմ: Սակայն այդ ինքնապաշտպանական մարտերը մղվում էին առանց ծրագրի, տարերայնորեն, մեկը մյուսից անջատ։ Բայց, այնուամենայնիվ, հերոսական պայքարի շնորհիվ Վանում, Շատախում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռում, Ուրֆայում, ավելի ուշ նաև Մարաշում, Այնթապում, Հաճընում և այլուր տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցին երիտթուրքական դաժանություններից։
…Պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը իր «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքում նշել է, որ ըստ 1919թ. հուլիսի 13-ի «Նյու Յորք թայմզի» հրապարակման՝ Թուրքիան դատապարտել է ռազմական պարագլուխներին. զինվորական տրիբունալը մահվան է դատապարտել Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաներին: «…Դատարանի նիստերը շարունակվեցին ամիսներ: …Երիտթուրք ղեկավարներին ներկայացվել էր երկու մեղադրանք. Թուրքիայի ներքաշումը պատերազմի մեջ և հայ ժողովրդի բնաջնջումը: Սա արդեն պաշտոնական ճանաչումն էր հրեշավոր ոճրագործության, որ կատարել էին երիտթուրքական պետական մարմինները»,- եզրակացրել է Ջոն Կիրակոսյանը:
Այնպես որ՝ 1919թ. պաշտոնական Թուրքիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այժմ հատուցման ժամանակն է:
Եվ հայ ժողովուրդը հատուցում է պահանջելու…
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Հոգևոր-մշակութային