Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐՆ Ի՛Մ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է



ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐՆ Ի՛Մ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Նոր Հայաստան՝ նոր հնարավորություններով, նոր ավյունով ու նոր շնչառությամբ: Երիտասարդ ու դեպի ապագան նայող Հայաստան. մի քանի տարի առաջ սա շատ-շատերի համար երազանքի պես մի բան կարող էր թվալ, սակայն այժմ արդեն հնարավոր է դառնում բազում նվիրյալ անհատների ջանքերով, ովքեր հավատում են իրենց ուժերին, վստահ են, որ իրենց փոքրիկ ներդրումով շատ բան կարող են անել իրենց երկրի համար: Իսկ նրանց օգնության ձեռք մեկնող կազմակերպությունների շնորհիվ ամուր ցատկահարթակ է ապահովվում իրենց երկրում ապրել ու արարել ցանկացողների համար:

Այսօր կծանոթանանք մեր նոր իրականության իրական հերոսներից մեկին: Նորիկ Դավթյանի մասին իմացանք «Armenian Arm» երիտասարդական հայրենասիրական կազմակերպությունից, որի անդամները ծանոթացել են նրա հետ, երբ դեռ նոր միայն պատրաստվում էր իր կյանքի կարևոր որոշումներից մեկը կայացնել՝ ընտանիքով Ռուսաստանից հայրենիք տեղափոխվել: Ի թիվս բազմաթիվ այլ ծրագրերի, երիտասարդական կազմակերպությունը նաև հայրենադարձության ծրագիր է իրագործում: Եվ Նորիկի համար դժվար այդ ժամանակներում այս հանդիպումն ու ծանոթությունը երկուստեք կարևոր եղավ:

 

Հայրենադարձություն՝ կարեւոր ծրագիր

 

«Armenian Arm»-ը  ինքնաբուխ շարժում էր, որ սկսեց ձևավորվել դեռևս 2011թ.,- ասում է կազմակերպության հիմնադիր նախագահ Վահան Խոռխոռունին: -Դեռ 19-20 տարեկան երիտասարդներ՝  մենք հասկանում էինք, որ մեզնից յուրաքանչյուրը ինչ-որ բանով՝ մեր ընտրած մասնագիտությամբ, հետաքրքրությունների շրջանակով կարող է և պետք է օգտակար լինի մեր երկրին: ԱՄՆ-ից, Լոնդոնից, Մոսկվայից, այլ երկրներից մեզ միացան նաև այդ երկրներում ուսանող և Հայաստանի անվտանգության խնդիրներով մտահոգ մեր մյուս ընկերները՝ ամենատարբեր ոլորտների մասնագետներ: Համագործակցել ենք նաև պաշտպանության նախարարության հետ, ներգրավված ենք եղել բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված և  մի շարք այլ ծրագրերում: Մեր նախագծերից մեկն էլ շատ կարևոր՝ հայրենադարձության այս ծրագիրն է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ կարճ ժամանակամիջոցում հաջողվել է օժանդակել և իրականություն դարձնել հայրենադարձվելու ցանկություն ունեցող 12 հայ ընտանիքների երազանքը: Նրանցից մեկն էլ մեր Նորիկի ընտանիքն է: Նա այժմ  «Armenian Arm»-ի անդամներից ու գաղափարախոսներից մեկն է և իր օրինակով շատ-շատերին է ոգևորում: Ռուսաստանում իր բարեկեցիկ կյանքը թողնելով (Նորիկը պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցումներ էր կազմակերպում ու անցկացնում Մոսկվայում, իսկ  նրա եղբայրը մարզական հանդերձանք արտադրող աշխարհահռչակ բրենդներից մեկի ռուսաստանյան ներկայացուցիչն է), երեսնամյա երիտասարդը որոշեց վերադառնալ ու հաստատվել հայրենիքում: Այժմ այստեղ է կնոջ՝ Մարգարիտայի և որդու՝ Յուրայի հետ: Հայաստանում ապրած երկու տարիների ընթացքում տարբեր ծրագրեր է նախաձեռնել ու իրագործել: Բավականին մեծ գյուղմթերքի տնտեսություն է հիմնել: Նրա համար սկզբունքային էր, որ իր ջերմոցը սահմանից՝ հակառակորդի հետ շփման գծից հեռու չլիներ: Նա իր օրինակով ուզում է ցույց տալ, որ սահմանը մենք ենք… Բայց հայրենիքում իր նոր կյանքի ու գործունեության մասին թող ինքը՝ Նորիկը պատմի:

 

ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐՆ Ի՛Մ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷԵրջանկություն է, երբ գիտես՝ հանուն ինչի…

 

-Գյուղի վերջին տներից մեկն է մերը: Բարձունքի վրա է: Քիչ հեռու փռված են մեր ջերմոցները: Վերևից և՛ մեր գյուղն է շատ լավ երևում, և՛ կողքի հայկական գյուղերը, և՝ Ադրբեջանն է երևում: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, սուրճ եմ խմում բակում, նայում եմ հենց դիմացս՝ երևացող սահմանին, հասկանում եմ, թե ինչ կարևոր է մեր այստեղ լինելը…

Երկու տարուց մի փոքր ավելի է, ինչ Հայաստան տեղափոխվելու մեծ ցանկություն առաջացավ իմ մեջ: Դրանից առաջ երբևէ չէի մտածել այդ մասին: Գրեթե ամբողջ կյանքս Մոսկվայում է անցել: Ծնվել եմ Գյումրիում՝ 1989թ. հունվարի 6-ին… երկրաշարժից հետո: Մեր տնից միայն փլատակներ էին մնացել: Երկրաշարժի ժամանակ ընտանիքս ծանր կորուստներ էր կրել, զրկվել էր ամեն ինչից: Որոշ ժամանակ անց՝ երբ ես երկու տարեկան էի, տեղափոխվեցինք Մոսկվա: Շատ ապահովված կյանքով էի ապրում Ռուսաստանում: Բայց երբ տարիքդ մոտենում է երեսունին, սկսում ես մտածել ոչ միայն աշխատանքի, ապրուստդ հոգալու մասին, այլև՝ թե ինչ ես թողնելու քեզնից հետո: Առաջին անգամ Հայաստան վերադառնալու մասին սկսեցի մտածել, երբ որդուս աշխարհ գալուն էինք սպասում: Մտածում էի՝ եթե երեխաս մեծանա Ռուսաստանում, Մոսկվայում… Զգում էի, որ ինքս արդեն բավականին հեռացել եմ արմատներիցս: Հասկանում էի, որ որդիս ավելի էր հեռանալու, իսկ նրա երեխաները, պարզ է՝ ընդհանրապես կարող է չհիշեին իրենց հայ լինելը:

Քառօրյա պատերազմի օրերին վախ կար մեջս… Մտածում էի. կարո՞ղ է՝ 20 տարի հետո ստիպված լինեմ երեխաներիս պատմել մեր երկրի մասին՝ որպես  անցյալի փաստ, հիշողություն… Սա ամենասարսափելին էր ինձ համար:

Հետո հասկացա, որ պարտք ունեմ այն բոլոր հերոս տղաների առջև, որոնք զոհվեցին մեր երկրի համար…

Հիշում էի նախնիներիս, մայրական տատիս, որ իր երեխաներին, թոռներին  միշտ շուրջն էր հավաքում ու պատմում իր ընտանիքի պատմությունը: Նրա նախնիները հարուստ հողատերեր են եղել Արևմտյան Հայաստանում: 1915թ. ընտանիքի մեծ մասին կոտորել են… Իսկ հորս թե՛ տատիկի և թե՛ պապիկի ընտանիքներն ամբողջությամբ սրի են մատնվել: Նախապապս  և մեծ տատիկս որբանոցում են մեծացել… Նախնիներիս կրած բոլոր տանջանքները, նրանց չիրականացված երազանքները ես հիմա կրում եմ իմ արյան մեջ… Ռուսաստանում կամ մի այլ օտար երկրում հիմա մեր շատ հայրենակիցներ ինչ-ինչ պատճառներով հայրենիք վերադառնալու հնարավորություն չունեն: Իսկ ես ունեմ: Հողին պետք է տեր կանգնել…

 

ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐՆ Ի՛Մ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷՈչ թե կառուցել, այլ արարել

 

Ծնողներս սկզբում դեմ էին մեր վերադառնալուն. միշտ իրենց հետ, իրենց կողքին ենք եղել: Հիմա հարազատներս, ընկերներս, որ այնտեղ են, տեսնում են, որ հնարավոր է երջանիկ կյանք կառուցել հայրենիքում:

Երջանկությունը նախ և առաջ կյանքի նպատակ ունենալն է: Երբ նոր էինք վերադարձել, մեզ զարմանքով էին նայում, չէին հասկանում՝ ի՞նչ ենք կորցրել այստեղ: Հիմա արդեն հարգանքով են վերաբերվում մեր ընտրությանը: Չէի ուզենա լինել մեկը, որ իր աշխատանքով պարզապես իր ընտանիքի ապրուստն է հոգում: Մի լավ պատմություն կա: Երկու բանվոր աշխատում են շինարարությունում: Նրանցից մեկին հարցնում են. «Ի՞նչ ես անում», պատասխանում է՝ «Աղյուս եմ կրում»: Մյուսին են հարցնում «Դո՞ւ ինչ ես անում», պատասխանում է. «Եկեղեցի՜ եմ կառուցում…»: Շատ կուզենայի, որ յուրաքանչյուրս մեր Հայրենիքում մեր նույնիսկ ամենափոքր գործին այսպես վերաբերվենք: Հիմա ես ամեն առավոտ արթնանալով զգում եմ, որ կյանքս ուղղություն, իմաստ ու հեռանկար ունի: Սա՛ է երջանկությունը:

Հայաստան եմ տեղափոխվել 2018թ. նոյեմբերի 1-ին՝ հեղափոխությունից հետո: Եկա այն համոզմունքով, որ հինգ տարուց այստեղ ամեն ինչ շատ լավ է լինելու: Կնոջս դժվար էր համոզելը: Նրա ծնողները, քույրը Մոսկվայում են:  Բացի այդ՝ հեշտ չէր, իհարկե, միանգամից միջավայրը, կենսակերպը փոխելը… Բայց հիմա կինս այստեղ լիովին երջանիկ է, իր կյանքն ուրիշ տեղ այլևս չի պատկերացնում:

Հայաստան գալով՝ մի քանի նախագծեր մտածեցի: Ընտանիքս հիմնականում ծննդավայրումս՝ Գյումրիում է մնում: Իմ առաջին նախագիծը «Triple C»-ն էր. սա սոցիալական բիզնես-նախագիծ էր՝ ուղղված Գյումրի քաղաքի ավտոբուսային կանգառների նորացմանը: Իրենց դարը վաղուց ապրած կանգառները վերացրինք, 32 նոր՝ ապահով ու հարմարավետ կանգառներ տեղադրեցինք: Այս տարի էլ ծրագրում ենք դրանք վերասարքավորել և այսպես կոչված՝ սմարթ՝ խելացի, ինքնավար կանգառներ դարձնել: Դրանք կաշխատեն արևային վահանակներով, վերալիցքավորման կետ կունենան և «Wi-Fi»-ի հասանելիություն: Անգլիական մի ընկերության օգնությամբ այս ամենը թեստավորեցինք, այս տարի մարտին մտադիր էինք սկսել, սակայն կորոնավիրուսը մի փոքր ետ գցեց:

Երկրորդ և ինձ համար շատ կարևոր նախագիծը գյուղմթերքի տնտեսությունս է Տավուշի մարզում, որ կոչվում է «Ֆարմենիա»: Այն ծովի մակերևույթից 900 մետր բարձրության վրա է: Նպատակն ի սկզբանե այսպես կոչված՝ բարձրարժեք բերք ստանալն էր, որը նաև կարտահանվեր: Քանի որ Ռուսաստանն ինձ համար ավելի ծանոթ միջավայր է, իհարկե սկզբում արտահանումը հենց դեպի Ռուսաստան սկսեցինք իրականացնել:

Մենք այստեղ՝ մեր երկրում, չենք գիտակցում, թե ինչ հարուստ ենք: Երկիր կա՝ նավթով է հարուստ, մեկ ուրիշը՝ գազով, այլ հանածոներով, իսկ մենք հարուստ ենք մեր հողերով, մեր չքնաղ բնությամբ, մեր ջրով, արևով, և սրանք՝ առանց չափազանցության, մեծ հարստություն են: Աշխարհում քիչ երկրներ կան, որ բնական պայմանների այսպիսի համադրություն ունեն: Ինչպես այն ժամանակ, երբ նոր էի սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ, հիմա էլ շատ մեծ հնարավորություններ եմ տեսնում, ինչպես բիզնեսի, այնպես էլ իմ երկրին օգտակար լինելու առումով:

Սկզբունքորեն հենց սահմանին մոտ տեղանք ընտրեցի տնտեսության համար: Եկանք, տեսանք այստեղի բնությունը, հողերի որակը: Սահմանին մոտ ենք: Եվ, եթե պատերազմ լինի, առաջին հարվածը այս տարածքի բնակիչներն են ստանալու: Երբ անցնում էինք գյուղերով, հասկացանք, թե որքան կարևոր է տեղաբնակների այստեղ մնալը, որ նրանք աշխատանքով ապահովված լինեն: Հայտնի փաստ է. սահմանն ամուր է ինչպես բանակով, այնպես էլ թիկունքում ապրող ու արարողներով:

Մեր օրինակը կարող է ոգևորող լինել և նորանոր ներդրողներ բերել այստեղ: Մտածում եմ նաև էկոտուրիզմի ուղղությամբ, հնարավոր է՝ բերքահավաքի շրջանում զբոսաշրջություն կազմակերպեմ: Կգան, կտեսնեն մեր չքնաղ բնությունը, կմասնակցեն բերքահավաքին, կզգան այս հողի ջերմությունը:

Ինձ շատ էին ասում, մի՛ փորձիր, չի՛ լինի, վնաս կկրես: Դժվարություններ շատ են եղել, բայց ինձ օգնում էր այն հավատը, թե՝ ամեն ինչ ստացվելու է: Գյուղմթերքի տնտեսությունն արդեն գրեթե տարի ու կես է, ինչ աշխատեցնում եմ: Հիմնականում՝ բրոկոլի, նեխուր, պեկինյան կաղամբ, ռեհան, սպանախ ենք աճեցնում: Սրանք արտասահմանում բարձրարժեք բնամթերք են համարվում: Այն, ինչ արտադրում ենք, դեռևս Հայաստանի մասշտաբով քիչ է: Սակայն այսօր Հայաստանում մենք առաջին ընկերությունն ենք, որ ամենամեծ ռուսական ընկերության հետ պայմանագիր ունի և մթերք է մատակարարում: Շատ կարևոր է, որ ապրանքի դիմաց գումարը դրսից մտնի մեր երկիր: Հուսով եմ՝ հաջորդ փուլը լինելու է ներքին սպառման շուկայում ներկայանալը:

 

ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐՆ Ի՛Մ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷՃիշտ հարթակ ընտրել

 

Երբ հայրենիք վերադառնալը դեռևս ընդամենը ցանկություն էր, Հայաստան կատարած հերթական այցելությանս ընթացքում ծանոթացա «Armenian Arm» կազմակերպության երիտասարդների հետ: Ես այդ ժամանակ դեռ ո՛չ գործնական կապեր ունեի, ո՛չ Հայաստանում ապրելու փորձ: Նրանց հետ շփվելով՝ քիչ-քիչ ամրացավ վստահությունս: Հետագայում կազմակերպությունն ինձ մեծ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան տեղափոխվելու և նախագծերս իրագործելու ամենատարբեր խնդիրներ լուծելիս: Գյուղատնտեսության ոլորտն ինձ համար բոլորովին նորություն էր: Երբ նպատակ, երազանք  ունես, օգնությունն անսպասելի է գալիս: Պատկերացրեք, ասես ընտանիքի մոտիկ անդամներ ունենաս այստեղ, որոնք պատրաստ են քո հաջողության համար ամեն ինչով աջակցելու, խորհուրդներ տալու: Ես գիտեմ մարդկանց, որ տեղափոխվել են, բայց հաջողության չհասնելով՝ հուսահատվել ու ետ են դարձել: Իսկ այս հարթակը վստահելի է ու իրական օժանդակություն է ինձ նմանների համար:

Կարծում եմ՝ անչափ կարևոր է սփյուռքի հետ աշխատանքը: Ես՝ որպես «Armenian Arm»-ի անդամ և որպես հայրենադարձ, պատրաստ եմ իմ փորձը փոխանցելու ուրիշներին: Շատ ուրախ կլինեմ, որ իմ օրինակը վարակիչ լինի, մարդիկ վերադառնան, շենացնեն մեր երկիրը:

…Իսկ ամենամեծ երազանքս այն է, որ որդիս կարողանա հպարտանալ իր երկրով, երջանիկ ապրի այստեղ: Ուզում եմ, որ նա, չափահաս դառնալով, ասի՝ ամենալավ երկիրն ի՛մ հայրենիքն է՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի և

Նորիկ Դավթյանի ընտանեկան ալբոմից

Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


07/05/2020