Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍԱ՝ ԿԱՐՈ՛Ղ ԵՄ, ՈՒ ԱՌԱՋ ԳՆԱ



ԱՍԱ՝ ԿԱՐՈ՛Ղ ԵՄ, ՈՒ ԱՌԱՋ ԳՆԱՊատերազմի սերունդ ասելով՝ մենք անմիջապես պատկերացնում ենք Արցախյան ազատամարտի բովով անցած այն երեխաներին, որոնք պատսպարվեցին ապաստարաններում, որոնց ականջները սովորեցին ռումբերի ոռնոցին, որոնց հայրերը դարձան քարե հուշարձան կամ մնացին անհայտության ճամփաներին: Ու եթե անգամ տուն վերադարձան հաղթանակած ու փառքով, միևնույն է, պատերազմը դաջվեց նրանց հիշողության մեջ՝ իբրև տրոփող վերք, չսպիացող ցավ: Բայց Հայաստանում կա մի սերունդ, որը նույնպես պատերազմի սերունդ է՝ Հայրենական մեծ պատերազմի: Նրանք չեն շնչել վառոդի հոտը, բայց հաղթանակի համար վճարել են իրենց հոգսաշատ մանկությամբ ու անհատնում զրկանքներով: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզե Ղազարյանը մեկն է նրանցից: ,Իմ կյանքը երկու կես ունի՝ պատերազմը և խաղաղությունըե,- ասում է Ֆրունզե Ղազարյանն ու անցյալի գզրոցներից հանում իր երկփեղկված կյանքի առինքնող պատմությունը:

 

ՊԱՏԵՐԱԶՄ

 

Հայրս գալիս էր ձի հեծած: Նա բարձրահասակ էր ու լայնաթիկունք, հայացքը՝ հպարտ ու պինդ: Ձին մեծ էր, սև, փայլուն բաշ ուներ: Հայրս իջնում էր ձիուց, քայլում էր ձիգ՝ ոտքը ամուր զարկելով հողին: Ու զինվորական համազգեստի կրծքին մեդալները մեղմ զնգզնգում էին: Բայց մի օր հայրս հետ չեկավ գործից: Իսկ մենք Հեռավոր Արևելքի փոքրիկ քաղաքից վերադարձանք Հայաստան. մայրս, ես ու փոքրիկ եղբայրս: Ես լավ եմ հիշում այդ ուղևորությունը: Նախ՝ եկանք սայլով, նավով, ապա՝ մեքենայով, գնացքով: Քառասունութ օր եկանք, հասանք Կիրովական՝ տատիս տուն: Դա մի փոքրիկ խրճիթ էր՝ աղքատիկ կահ-կարասիով: Մայրս աշխատում էր երաժշտական թեքումով դպրոցում, բակում կարտոֆիլ էր ցանում, փայտ էր հավաքում ձմեռվա համար, ջուր էր կրում, իսկ երեկոյան քնելուց առաջ ինձ պատմում էր հորս մասին: ,Հայրդ նախիջևանցի է, Չանաբադ գյուղից: Նա շատ փոքր էր, երբ մայրը մահացավ: Ընտանիքն աղքատ էր, ու չորս մանկահասակ եղբայրները ստիպված էին աշխատել, որ ցամաք հացի փող վաստակեն: Հայրդ հովիվ էր բատրակի մոտ: Մի օր էլ նա որոշում է փախչել տնից ու գալիս է Գյումրիե: Մայրս պատմում էր հեքիաթի պես: Հետո ասում էր. ,Ոչ մի դժվարություն չի կարող ծնկի բերել իսկական տղամարդուն: Հայրդ դպրոցում լավ է սովորել: Հետո ուսումը շարունակել է ռազմական բարձրագույն ուսումնարանում: Այսօր նա իր երկու եղբայրների հետ հերոսաբար պաշտպանում է հայրենիքըե:

Ես լսում էի մորս պատմությունը, երազում էի հորս պես իսկական տղամարդ դառնալ ու սպասում էի նրա վերադարձին: Հայրս եկավ 1943-ի փետրվարին: Կեսգիշերին դուռը թակեցին, հետո հայրս մտավ ներս՝ զինվորական շինելով ու գլխարկով: Նա այնքան խոշոր էր, որ մեր փոքրիկ տունը աչքիս ավելի փոքրացավ: Երբ հայրս գրկեց ինձ, նրանից գնացքի հոտ եկավ: Այդ հոտը մինչև հիմա ռունգերիս մեջ է: Պատերազմի հոտը: Հայրս մի քանի օր մնաց ընդամենը: Գնաց նույնքան անսպասելի, ինչպես եկել էր: Այդ տարի ես դպրոցական դարձա: Հայրս ռազմաճակատից ամեն ամիս իր աշխատավարձն էր ուղարկում: Մայրս այդ փողով մի կիլո յուղ էր առնում: Բայց մի անգամ յուղի փոխարեն ջութակ առավ: Ես զուրկ էի երաժշտական լսողությունից, առհասարակ, սովորելու հետ սեր չունեի, ու ջութակը ծառայում էր որպես դարպաս՝ ֆուտբոլի բակային խաղերի ժամանակ: …Հաղթանակը մեր սպասածի նման չեկավ: Ես հորս համար ջութակ չնվագեցի: Ոչ էլ հայրս բերեց հաղթանակի լուրը: Մի խումբ զինվորականներ շարվեցին մեր պատի մոտ ու սկսեցին օդ կրակել: Հետո բոլորի շուրթին նույն բառն էր՝ հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ:

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

 

Իմ հաղթանակը մի քիչ ուշ եկավ՝ հորս վերադարձի հետ: Երկու հորեղբայրներս զոհվեցին պատերազմում, իսկ հայրս վերադարձավ՝ կրծքին նոր շքանշաններ ու մեդալներ: Ես արդեն մեծ տղա էի ու կարող էի ինքնուրույն կարդալ հորս թղթերը ու իմանալ, որ նա   ավարտել է Թբիլիսիի ռազմական ուսումնարանը և սկզբում ծառայել Լենինականում, իսկ հետո Հեռավոր Արևելքում՝ որպես 26-րդ հրաձգային դիվիզիայի 19-րդ հրետանային գնդի մարտկոցի հրամանատար: Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, հայրս նույն գնդի կազմում փոխադրվել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատ և մասնակցել Լենինգրադի պաշտպանության համար մղվող մարտերին: 1941թ. վերջին ուղարկվել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատ, ուր եղել է հրետանային գնդի շտաբի պետ և գնդի հրամանատարի տեղակալ: Այդ թղթերի մեջ նաև գրված էր, որ հայրս ավարտել է հրետանային տեխնիկական ուսումնարանը և Լենինգրադի հրետանային բարձրագույն դպրոցը: Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր դրոշի երկու շքանշաններով, Կարմիր աստղի երկու շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: Ես այդ տեքստը էնքան էի կարդացել, որ անգիր էի արել: Հայրս իմ հերոսն էր: Նա արթնանում էր առավոտ ծեգին, հագնում էր անթերի զինվորական համազգեստը, փայլեցրած կոշիկները ու գնում էր զորամաս, որտեղ ինքն էր հրամանատարը: Զորամասում հայրս խիստ էր, չէր հանդուրժում ամենաչնչին թերությունը, նա հեղինակություն էր բոլորի համար ու մեծ հարգանք էր վայելում: Տանը դառնում էր իմ ընկերը, մեղմ էր, ժպտադեմ….Սիրում էր զրուցել ինձ, եղբորս ու քրոջս հետ: Ասում էր. ,Դժվարության հետ մենամարտելիս երբեք մի քննիր քո հնարավորությունները, մի համեմատիր, հավաքիր ամբողջ ուժերդ, ասա՝ կարող եմ, ու առաջ գնաե: ,Լավությունն այնպես արա, որ ինքդ էլ չնկատես: Այնքան թեթև արա, ասես՝ ոչինչ չես արել: Ու հատուցման մի սպասիր: Ապրիր՝ լավություն անելով, դա երջանիկ լինելու միակ ձևն էե: ,Լավ ընկերոջից լավ բան չկա: Ընկերը հարստություն է: Շատ ընկերները մեծ հարստություն են: Ամբողջ կյանքում հարստություն դիզիր: Ու նեղ օր չես ունենաե: ,Մի՛ ուշացիր: Կանգ մի՛ առ: Երբեք մի՛ բավարարվիր ձեռքբերածով: Ժամանակը մի հաղթաթուղթ ունի՝ չի հոգնում… ու թող չտեսնի քո հոգնությունըե: Այս պատգամները հղկեցին ոչ միայն հորս զավակների, այլեւ նրա թոռների հոգին, մտածելակերպը, վարքն ու կենսագրությունը:

…Ես սպորտ էի սիրում: Հայրս ուշիուշով հետևում էր իմ ընթացքին: Ես կոփվում էի բակային կռիվներում, ,թուրքի մայլայիե տղաներին արգելում էի մոտենալ իմ սիրած աղջիկներին, մարմինս մարզելու հետ մարզում էի նախ կամքս ու տղամարդկային արժանապատվությունս, մեծ նվիրումով թեթև աթլետիկա էի պարապում, իսկ դպրոցում… հազիվ ձգում էի միջակի: Այդ ամենը դուր էր գալիս հորս՝ հին ճակատայինին ու խորհրդային բանակի բարձրաստիճան զինվորականին: Հիշում եմ՝ երբ արդեն Հայաստանի չեմպիոն էի ու Պոդոլսկ քաղաքում հավաքների էի մասնակցում, երկու հատ վերաքննություն ունեի: Հայրս բոլորովին չբարկացավ: Ոչինչ, կվերահանձնես՝ ասաց: Հորս արժեքային համակարգը այնքան ճիշտ էր ու գեղեցիկ: Նա այդ արժեքային համակարգը՝ որպես ամենամեծ ժառանգություն, նվիրեց իր զավակներին: Շնորհակալ եմ հորս, որ նա չտարվեց ժամանակի հովերով, ինձ չուղարկեց իրավաբանական ֆակուլտետ, կամ չստիպեց, որ բժիշկ դառնամ: Թույլ տվեց, որ ընդունվեմ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, գնամ իմ երազանքի հետքով: Ինստիտուտում ես ամենալավ ուսանողներից էի: Սկսեցի հետաքրքրվել սպորտային մանկավարժությամբ, ուսումնասիրել լեռնային պայմաններում մարզումների յուրահատկությունն ու կլիմայի ազդեցությունը մարզիկների օրգանիզմի վրա: Ինստիտուտում գրած աշխատությունս դարձավ գիտական թեզի նյութ: Մոսկվայում ավարտեցի ասպիրանտուրան: Պաշտպանեցի թեկնածուական, ապա դոկտորական թեզը: Հորս երեք զավակները ամեն մեկն իր բնագավառում գիտնականներ դարձան: Մի անգամ ես հորս ասացի. ,Դու հաղթեցիր ոչ միայն պատերազմը, այլ խաղաղությունը ևս: Մենք ՝ քո երեք զավակները, չենք կարող շքանշանները կախել քո կրծքից, բայց մենք քո խաղաղության հաղթանակներն ենքե: Մի պայծառ, երջանիկ ժպիտ ծաղկեց հորս դեմքին: Հայրս տեսավ նաև իմ երկու երեխաներին: Որդուս՝ իր անվանակից Գաբրիելին, և աղջկաս՝ Սվետլանային: Այդ ժամանակ հայրս արդեն զորացրվել էր զինված ուժերից ու դասավանդում էր Պետական համալսարանի ռազմական ամբիոնում: Երեխաներս, թեև ոչ այնքան երկար ժամանակ, բայց հպվեցին հորս, լսեցին նրա իմաստուն զրույցները: Որդիս ղեկավարել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, նա նույնպես մանկավարժական գիտությունների թեկնածու է, իսկ աղջիկս հոգեբան է՝ դոկտորի գիտական կոչում ունի, ամբիոնի վարիչ է:

….Հայրս մահացավ 1982 թվականին: Ավարտվեց Նախիջևանի Չանաբադ գյուղում բատրակի հովվից սկսած, Հայրենական պատերազմի բոցերով անցած, գնդապետի կոչման հասած հայ զինվորականի կենսագրությունը՝ ապրողներին թողնելով իր մեծ խորհուրդը.

-Ասա՝ կարո՛ղ եմ, ու առաջ գնա:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Ճակատագրեր


07/05/2020