Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՅԱՆ ՊԱՐՏՔԸ, ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ



ԱՐՅԱՆ ՊԱՐՏՔԸ, ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸՀԵԼԵՆ ՓԻՐԱԼՅԱՆ

 

Ֆրանսիական «Հարմատան» հեղինակավոր հրատարակչությունը Մեծ եղեռնի 80-ամյակի նախօրեին գեղարվեստական պատշաճ մակարդակով լույս է ընծայել «Ցեղասպանություն եւ փոխանցություն» գիտական ուսումնասիրությունը: Գրքի հեղինակը փարիզաբնակ հայտնի հոգեվերլուծաբան Հելեն Փիրալյանն է, որը երկար տարիներ ուսումնասիրել է ցեղասպանության բարոյահոգեբանական ներգործությունը հայ, ինչպես նաեւ թուրք ժողովրդի տարբեր սերունդների վրա։ Նա պարբերաբար մասնակցել է միջազգային գիտաժողովների, հաջողությամբ պաշտպանել իր տեսակետները:

…Հելեն Փիրալյանը ֆրանսիացի իր մի խումբ գործընկերների հետ Երեւանում հատուկ կենտրոն է ստեղծել, որտեղ հաջողությամբ բուժվել են արցախյան ազատամարտիկները, երկրաշարժի հետեւանքով տարբեր խանգարումներ ստացած մեր հայրենակիցները։ Հոգեվերլուծաբանը պարբերաբար այցելել է կենտրոն, համապատասխան խորհուրդներ տվել հայ մասնագետներին, եղել Արցախում։

Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված սգատոնի օրերին մեր հայրենակցուհին Հայաստանում մասնակցել է ցեղասպանությանը նվիրված տարբեր միջոցառումների, գիտաժողովների։ Նա նաև մեծ սիրով «Հայ զինվորի» խմբագրությանն է հանձնել իր վերջին հոդվածներից մեկը, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։

 

Իմ խորին համոզմամբ՝ ցեղասպանական հիմնական ծրագրերից մեկն էլ մարդկային մի խումբ այլ խմբերից տարանջատելը եւ հենց դրանով «արտամարդկային» դարձնելն է, այսինքն՝ խորհրդանշական կապից զրկելը։ Հենց սա է անհնարին դարձնում մարդկային փոխանցությանը բնորոշ խորհրդանշական պարտքը՝ այն պարտքը, որը միաժամանակ վերապրողներին և նահատակներին մերձեցնում ու հեռացնում է, վերապրողների համար ապրելու տանելի պայմաններ ստեղծում…

Այսպիսով, հիշողությունն ու խորհրդանշական պարտքը սերտորեն կապված են իրար, քանի որ մեկը մյուսի հավաստումն է։ Հետեւաբար, կարելի է պնդել, որ նա, ով զրկվում է պարտքի գիտակցումից, միաժամանակ զրկվում է խորհրդանշական մարդկային կապից։ Ինձ թվում է, թե բոլոր նրանք, ովքեր որեւէ ցեղասպանություն փորձում են ներկայացնել եզակի ու բացառիկ, այսինքն՝ չեն առնչում պատմության այլ իրադարձությունների, յուրովի են շարունակում դահիճների ոճիրը…

Ո՞վ է հիշում, բայց նաեւ ո՞վ է իմաստավորում այն փաստը, ըստ որի՝ 1915 թվականին Տրապիզոնի որոշ հայկական վարժարանների ներքնահարկերում երեխաներին ծխով խեղդամահ էին անում, այսինքն՝ նախնական, պարզունակ գազախցեր էին ստեղծում։ Հարց, որին հիանալի է պատասխանում Հայնրիխ Ֆիրբյուխերը «Հայաստան 1915» գրքում. «Մենք իրավունք չունենք մոռացությանը տրվելու։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է խղճի առաջ քննություն տա, լսի, արդյո՞ք սիրտը կեղծ ձայնանիշեր չի  հնչեցնում, որոնք վաղը կարող են պատերազմի ազդականչ դառնալ, վաղը չէ մյուս օրը՝ մահվան սգերգի վերածվել»։ Նման տողեր կարդալուց հետո ակամա սկսում ես մտորել, որ եթե հայերի՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից հետո ոմանք ավելի վճռականություն հանդես բերեին, թերեւս մյուս համազգային սպանդները տեղի չէին ունենա։

Պատրա՞նք է։ Ո՞վ գիտե…

Պատրանք լինի, թե՝ ո՛չ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ցեղասպանության ընդունման իրավական, քաղաքական պայքարը առայժմ մեր միակ հնարավոր պաշտպանականն է:

Ոմանք ցեղասպանության ընդունումը կենսական անհրաժեշտություն են համարում վերապրողների համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ թուրքերի համառ ուրացումը ահավոր ծանր հետեւանքներ է ունենում առաջին հերթին վերապրող կենդանի հայերի վրա։

Նշենք, որ ցեղասպանության ծրագիրն իր մեջ ներառում է նաեւ հիշողությունը, այսինքն՝ մարդկանց վերացնելուց հետո ամեն ինչ արվում է նման ոճրագործության փաստական հետքերը վերացնելու համար։ Քանի որ այդ ժողովուրդը գոյություն չի ունեցել, ոչ մի վկայություն չպետք է մնա. ո՛չ գյուղերի, ո՛չ մարդկանց անուններ, ո՛չ եկեղեցիներ, վանքեր կամ գերեզմաններ եւ անգամ՝ հիշելու տարիք ունեցող երեխաներ։ «Կոտորե՛ք,- հեռագրում էր Թալեաթն իր նահանգապետներին,- բոլոր հիշելու ունակ մանուկներին»։

Ոճրագործները հրաման տվեցին ոչնչացնել բոլոր կանանց ու երեխաներին՝ ասես հիշողությունն անգամ ուզեցին սպանել։ Նախճիրի մոլուցքով համակված Թալեաթն, ըստ երեւույթին, զգում էր, որ հիշողությունը դիմադրում է ոչ միայն այն պատճառով, որ մեկնումեկը կարող է վկայել տեսածը, լսածը, այլեւ մանավանդ այն պատճառով, որ հիշողությունն ունակ է փոխանցվել նաեւ ենթագիտակցությամբ, առանց բառերի, սոսկ մարմինների միջոցով (ինչպես նահատակների, այնպես էլ՝ ծծկերների ու գալիք սերունդների)։

Հենց այդ պատճառով վերապրողների համար պայքարել այն մութ ուժերի դեմ, որոնք հրահրում են անգամ Արեւմտահայաստանի գերեզմանները հերկել, որպեսզի մեռելների վերջին հետքերն էլ վերանան, նախ եւ առաջ նշանակում է նահատակներին պատսպարել իրենց հոգիներում։

…Բռնագաղթի տեսած կամ լսած պատմությունները ներկայի անքակտելի մաս պիտի կազմեն այնպես, որ ոչ մի «հետո» նրանց տեղը գրավել չկարողանա, նույնիսկ հնարավոր չդառնա, որովհետեւ հենց «հետո»-ներն են անցյալը մոռացության մղում։ Համենայնդեպս, սերունդներն այդպես միայն կկարողանան իրենց զոհված նախնիներին փրկել վերջնական անէացումից, որը, ինչպես նշվեց, ցեղասպանների բուն նպատակն է։

…Անշուշտ, նման վիճակը չի կարող հավերժ շարունակվել։ Հենց ցեղասպանության հետեւողական  չընդունումը, ուրացումն է նպաստում, որ վերապրողների երրորդ սերունդը դիմի բռնության ու մահվան, որոնց զոհ դարձան իրենց նախնիները։ Չնայած, առաջին բռնարարքը, որի հեղինակն այդ սերնդի պապիկը կարող էր համարվել, տեղի ունեցավ Մեծ եղեռնից ամբողջ 60 տարի անց։ Ու այդ օրվանից ծավալվեց հայկական վրիժառությունը, որն իր հերթին կենսական անհրաժեշտություն էր դարձնում ցեղասպանության փաստի ընդունումը… Մարդկության դեմ գործված ոճիրը երբեք չի կարելի անժամկետանց համարել, չնայած սպանդի ողբերգականության հիշողությունը ժամանակի ընթացքում, բնականաբար, խամրում է, չմոռացվելու համար «վերարծարծման» կարիք է ունենում… Երիտասարդ հայ «ահաբեկիչների» հայտարարության մեջ նշված է. «Մեր դատի շուրջը ստեղծված լռության պատը չափազանց հաստ էր ճեղքել-անցնելու համար… Մենք որոշեցինք պայթեցնել այս շենքն ու նրա ավերակների տակ մնալ։ Դա ոչ ինքնասպանություն է, ոչ էլ խելացնորություն, այլ ավելի շուտ մեր զոհաբերությունը ազատության խորանին»։

Նրանք, ովքեր Լիսաբոնի հինգ երիտասարդներին «ահաբեկիչ» են կոչում, իրենց չե՞ն ենթարկում կեղծարարության վտանգին, քանի որ հանդիպակաց կողմի ուրացումն ու լռությունը, բռնությունից զատ ոչ մի ելք չի թողնում։ Թերեւս ամենաճիշտն այն կլինի, որ զոհերի ու դահիճների հետնորդների միջեւ հանդես գա մի ուրիշ՝ երրորդ կողմ, որը վկայի, որ գոյություն ունի բոլորովին այլ՝ սիրո աշխարհ, եւ եթե կարող է՝ մատնանշի այդ աշխարհը տանող ուղիները։ Իհարկե, առանց սիրո կապի ի վերջո կյանքն անհնար է դառնում, բայց կյանքն անհնար է նաեւ առանց բարոյական չափանիշների։ Իսկ ցեղասպանների բուն նպատակներից մեկն էլ այդ չափանիշները խարխլելն է։

Իրոք, խորհրդանշական բարոյական պարտքի յուրահատկությունը՝ չվճարվող ու միմիայն փոխանցվող լինելն է, որպես մարդկայնության պարտք, որն այդպիսին ընկալվելուց հետո միայն կարող է նպաստել, որ վերապրողը տեղ գրավի սերունդների հերթագայության շղթայում, դառնա այդ շղթայի հերթական օղակը: Սա նաեւ հասկանալի է դարձնում, թե ինչու է հենց հիմա անհրաժեշտ կառչել հիշողությունից, սակայն ո՛չ «ամենակործան» հիշողությունից… Այս դեպքում արդեն հիշողության պարտքի հատուցումը հնարավոր կդարձնի սերը, որով լիցքավորված ենթական թույլ չի տա, որ մահը վերադառնա դեպի իրականություն… Ուրեմն, թեկուզ երրորդ կողմի միջնորդությամբ կգա՞ այն օրը, երբ միաժամանակ թե՛ նախնիներն իրենց արժանի հարգանքը ստանան, եւ թե երազանքները, ցանկությունները մատչելի դառնան հետնորդներին։

Ցեղասպանության՝ մի ամբողջ ժողովրդի առանց հետք թողնելու բնաջնջման, նկրտումն, իրականում, ոչ միայն աքսորի ճանապարհին էր տեղի ունենում, այլ նաև վերապրողների սերունդներին՝ նահատակների հիշատակին խորհրդանշական հուշարձան կառուցելն արգելելիս։

Ինչպես Թալեաթը լավ գիտեր, որ ցեղասպանության բուն նպատակը ոչ միայն միլիոնավոր անձանց խողխողելն է, այլեւ այն բանին հասնելը, որ հիշելու ունակ ոչ ոք չմնա, այնպես էլ Թուրքիայի բոլոր կառավարությունները գիտեն, որ հետեւողականորեն պիտի շարունակեն ուրացումը, դրան զուգահեռ վերացնեն անցյալի հետքերն ու զբաղվեն պատմության կեղծարարությամբ։ Իվ Տերնոնն իր «Ցեղասպանության ժխտման հետաքննությունը» գրքում շատ դիպուկ է նկատել, որ արեւելյան այդ մեթոդը հետագայում վարպետությամբ յուրացրին, նույնիսկ կատարելագործեցին նրանք, ովքեր սանձազերծեցին հրեաների ցեղասպանությունը…

 

Ֆրանսերենից թարգմանեց ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԸ

Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Ճակատագրեր, Պատմության էջերից


07/05/2020