ՎԻԿՏՈՐՅԱ ԱՂԱՆՈՒՐ
Հայկական ծագումով իտալացի բանաստեղծուհին
Վիկտորյա Աղանուրի բանաստեղծությունները ամենագեղեցիկ ստեղծագործություններն են, որ երբևէ գրվել են իտալացի կնոջ ձեռքով:
Բենեդետո Կրոչե
Իտալացի փիլիսոփա, քննադատ
«Աղանուր բանաստեղծուհի է ոչ միայ նրբազգաց, այլև խորազգաց և հմուտ քերթող իտալական լեզվի տաղաչափության»:
Ղեւոնդ Ալիշան
«Իր բանաստեղծությունը խորը եվրոպական գեղեցկագիտության բոլոր ստացիկ հրապույրներուն ներքև կտրոփե պարզ, սրտաբուխ զգացողություն մը, որ կմատնէ քերթողուհվույն արենակցությունը Քուչակին ու Աբովյանին հետ»:
Արշակ Չոպանյան
Հայ մշակույթի պատմության մեջ մեծ ներդրում ունեն Աղանուրյան մեծարելի ազգատոհմի երևելի դեմքերը: Նրանք սերում են Ջուղայից, որտեղ ապրել են մինչև Շահ Աբասի արշավանքները, որից հետո հայ շատ բախտակիցների հետ գաղթել են Պարսկաստան և մինչև 1770-ական թվականներն ապրել Նոր Ջուղայում, իսկ XVIII դարի վերջերին տեղափոխվել են Հնդկաստան:
Տարբեր վավերագրերում պահպանված տեղեկությունները վկայում են, որ Աղանուրյան գերդաստանի գործիչներն զբաղվել են բարեգործությամբ, կազմակերպել հանգանակություններ, միջոցներ ներդրել ազգային խնդիրներ լուծելու համար, կառուցել եկեղեցիներ, բացել կրթական հաստատություններ: Այս ազգատոհմի հարուստ կենսագրությունն իրենց գործունեությամբ լրացնում են հոգևոր գործիչներ Հարություն և Պետրոս Աղանուրյանները, պատմաբան, աստվածաբան և թարգմանիչ Մկրտիչ Աղանուրյանը, որ Կալկաթայում 1820թ. «Իմաստախնդրեան միաբանություն» կազմակերպության աթոռակալն է եղել: Աղանուրյան տոհմի մի շառավիղը՝ Աբրահամը և իր որդիները ծնվել են Մադրասում: Աբրահամի կինը՝ Մարիամ-Թերեզան, Մուրատյան վարժարանի բարերար Սամուել-Մուրատի դուստրն էր: 1840 թվականին ընտանիքը տեղափոխվում է Եվրոպա՝ հաստատվելով նախ Փարիզում, հետո՝ Վենետիկում: Ղևոնդ Ալիշանը իր «Հայ-Վենետ», «Մանկունի» և «Նուագք» աշխատություններում բավականին համակրանքով է խոսում Աբրահամ Աղանուրյանի ազգանպաստ գործերի մասին: Բայց Աղանուրյան տոհմի ամենահայտնի անունը թերևս Աբրահամ Աղանուրյանի թոռնուհին՝ բանաստեղծուհի Վիկտորյա Աղանուրյանն է:
Վիկտորյա Աղանուրյանը ծնվել է 1855 թ. մայիսի 26-ին Իտալիայի՝ Պադովա քաղաքում, իսկ 1890թ. ընտանիքով տեղափոխվել է Վենետիկ: Նա ստեղծագործել է իտալերեն:
Վիկտորյա Աղանուրը իտալական հանրությանը հայտնի է որպես տասնիններորդ դարի վերջի և քսաներորդ դարի սկզբի իտալացի մեծագույն բանաստեղծուհիներից մեկը: Բանաստեղծուհու կենսագրականներում միայն հպանցիկ, երբեմն էլ աննշան փաստվում է, որ նրա հայրը հայ է:
Ժամանակի իտալական մամուլը լայնորեն արձագանքել է Աղանուրյանի ստեղծագործություններին, իսկ նշանավոր բանաստեղծներ Ջ.Կարդուչչին, Ջ.Լեոպարդին, Ադա Նեգրին նրան համարել են իտալական արդի բանաստեղծության ամենից գեղեցիկ դեմքերից մեկը: Նրա արվեստում գնահատել են մտածումների ինքնատիպությունը, զգացմունքների հազվագյուտ խորությունը:
Տեսքով զվարթ, բայց ոչ երբեք հասկացված,
Անցա ես այս կյանքեն իբրև անծանոթ:
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կրում էր «Հավիտենական զրույց» անվանումը (որը նկարազարդել էր քույրը՝ Ելենան), հրապարակվել է 1900 թ. և մեծ ճանաչում ու փառք բերել հեղինակին:
Վիկտորյա Աղանուրի ամուսինը իտալական խորհրդարանի պատգամավոր կոմս Գաիտո Բոմբիլին էր:
Աղանուրը թեև ստեղծագործում էր իտալերեն, բայց չափազանց մտահոգ էր իր երկրի, ժողովրդի քաղաքական ճակատագրով: Վիկտորյա Աղանուրյանն իր հայրենասիրական բանաստեղծություններում արձագանքում էր իր ժողովրդի ազգային ինքնության, հինավուրց ազնվական վեհության և սեփական ուժն ու իրավունքները վերագտնելու ազգափրկիչ խնդիրներին: Դրանց իրականացումը չէր պատկերացնում առանց ազատագրական պայքարի:
1910 թ. անհաջող վիրահատության արդյունքում վախճանվում է Վիկտորյան, իսկ նրա ամուսինը՝ Գաիտո Բոմբիլին ինքնասպան է լինում հենց կնոջ աճյունի մոտ, և երկուսին էլ հողին են հանձնում միաժամանակ:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #19 (1339) 13.05.2020 - 19.05.2020, Ճակատագրեր