ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ
Հայաստանը մոնոէթնիկ երկիր է համարվում, սակայն մեր երկրում եւս տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում՝ եզդիներ, հույներ, ասորիներ, հրեաներ…
Ապրելով հայերի հետ կողք կողքի՝ նրանք էլ հայերի հետ հավասար կիսում են ժամանակի բոլոր դժվարություններն ու փորձությունները, հայազգի զինվորների հետ կանգնում սահմանին՝ ամուր ու անառիկ պահելով երկրի անդորրն ու խաղաղությունը:
Շարքայիններ Աթուր Յուխանաեւն ու Կարեն Իոնանովը ծառայում են առաջնագծի տարբեր հատվածներում: Ասորի երիտասարդները Արարատի մարզի Վերին Դվինի գյուղից են` Հայաստանում ասորական ամենամեծ համայնքից:
-Ծնվել, մեծացել ենք Հայաստանում, ու եթե ապրում ենք այս երկրում, բնականաբար, պիտի կիսենք ե՛ւ խաղաղ, ե՛ւ դժվար օրերը,- ասում է Կարենը:- Ուս ուսի տված, իրար թեւ-թիկունք ծառայում ենք: Ի դեպ, բանակի շնորհիվ հայ ընկերներս շատացել են:
-Ասորիները ճակատագրով շատ նմանություններ ունեն հայերի հետ,- նկատում է Աթուրը:- Ասորիներն էլ հայերի նման հայրենիք են կորցրել, հավատի համար ցեղասպանության ենթարկվել, հայերի նման ասորիներն էլ աշխարհով մեկ սփռվել, ցիրուցան են եղել…Աշխարհի որ կողմն էլ գնաս, ասորիների կհանդիպես…
Արթուրը դեռ թվարկում է երկու հինավուրց ազգերի ճակատագրերի ընդհանրությունները, իսկ ես որտեղից որտեղ հանճարեղ հայի՝ Վիլյամ Սարոյանի «70 հազար ասորի» պատմվածքից մի փոքրիկ համեմատական կտորն եմ մտաբերել. «Ասորիները աշխարհի մեր կողմերից են, նրանց քիթը մեր քթի նման է, աչքերը՝ մեր աչքերի, սիրտը՝ մեր սրտի….Դարեր անց այդ ժողովուրդներից մեկից մնացել է մի քանի միլիոն, մյուսից՝ ընդամենը յոթանասուն հազար…»:.
-Հայաստանը հայաստանաբնակ ասորիների համար վաղուց ի վեր հայրենիքի պես հարազատ է դարձել,- ասում է Աթուրն ու շարունակում:- Վերջերս զորամասում բանակային ընկերներով ծնունդս նշեցինք, առաջին հերթին «Րահաթույթա» մաղթեցինք հայոց հողին:
«Րահաթույթա» ասորերեն խաղաղություն է նշանակում:
Հայոց բանակում ծառայող այլազգի զինվորների մեջ քիչ չեն նաեւ եզդի զինվորները: Եզդի երիտասարդները ծառայում են պատվախնդրորեն, նվիրումով, նրանց ծնողները իրենց որդիների ծառայավայրերից հաճախ են շնորհակալագրեր, պատվոգրեր ստանում:
Շարքային Արմեն Խալիլյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի առաջին կուրսից է զորակոչվել բանակ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղից է: Երեք եղբայրներով՝ Արմենը, Ջամալն ու Ռոմանը, միասին ծառայում են նույն զորամասում:
-Հայրս էլ է ծառայել հայկական բանակում, մարտական գործողությունների մասնակից է,- ասում է Արմենը:
-Երբ վտանգվել է Հայաստան աշխարհի խաղաղությունը, եզդիները միշտ էլ կանգնել են հայերի կողքին,- լրացնում է արմավիրցի Շամիլ Միրզոյանը,- եզդիները հայերի կողքին կռվել են Բաշ Ապարանում, կռվել են Արցախյան պատերազմի ժամանակ, կռվել ապրիլյան գործողությունների օրերին՝ միասին կանգնել ընդհանուր թշնամու դեմ: Մեր ազգակիցներից շատերն են հերոսացել այդ կռիվների ժամանակ:
-Մեր մտքով երբեք չի անցել չծառայել,- լրացնում է շարքային Խդր Շամոյանը,- եղբայրս ծառայել է, հիմա էլ ես եմ զինվոր: Ինձ էստեղ բոլորը «Բրեմեն» են ասում: «Բրեմեն» մեր լեզվով նշանակում է եղբայր, եղբոր նման միասնաբար էլ ծառայում ենք: Այս հողի վրա ենք ապրում, այստեղ կրթություն ստանում, այստեղ մեզ հարազատ մարդկանց գերեզմաններն են, այստեղ մեր տունն է, ու այս հողը մեզ համար դարձել է թանկ ու հարազատ հայրենիք:
Ամուր ու վճռական կանգնած ենք հայ զինվորի կողքին՝ պաշտպանելու Հայոց երկրի խաղաղությունը:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #19 (1339) 13.05.2020 - 19.05.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում