Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՍ ՄԻ ՀԵՐՈՍ ՕԴԱՉՈՒ



ԵՎՍ ՄԻ ՀԵՐՈՍ ՕԴԱՉՈՒԱնուրանալի է հայ ժողովրդի մեծ ներդրումը հիտլերյան Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած հաղթանակում: Անցել է 75 տարի: Իրողությունները հուշ են դարձել, առասպելական հերոսությունները` պատմություններ: Նախկին Խորհրդային Միության ժողովուրդները արժանին են մատուցում Մեծ հայրենականի աննկուն հերոսներին` նաև սուրբ մասունքների պես հավաքելով արժանահիշատակ դեմքերին և դեպքերին վերաբերող պատմությունները, որպեսզի ոչինչ չմոռացվի, ոչ ոք չմոռացվի…

Մեր ակնարկը հերոս օդաչու, ավագ լեյտենանտ Սարգիս Փալանջյանի մասին է: Ծնվել է 1917թ. Կարսում, գյուղացու ընտանիքում: Հայրը աշխատել է Գյումրիի երկաթուղային դեպոյում՝ որպես վարպետ, իսկ մայրը տնային տնտեսուհի էր: Փալանջյանը 1938թ. ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) միջնակարգ դպրոցը: 1941թ. Բատայսկի ռազմական օդաչուների երկամյա դասընթացներն ավարտելով և հատուկ օդային հետախույզի պատրաստություն անցնելով՝  մեկնել է ռազմաճակատ…

Սարգիսն ունեցել է օդային հետախույզին անհրաժեշտ բոլոր  որակները` կամքի ուժ, համարձակություն, վճռականություն… Քաջատեղյակ է եղել հակառակորդի ստորաբաժանումների կառուցվածքին, դրանց տեղաբաշխման վայրերին: Նա կարողացել է արագ վերլուծել օդային ու ցամաքային իրադրությունները: Եվ, պատահական չէ, որ Սարգիս Փալանջյանը համալրեց հետախուզական գնդի շարքերը…

Գեներալ-մայոր Ֆեդյունինսկու հրամանատարությամբ գործող բանակի Սուվորովյան և Կուտուզովյան շքանշանակիր 151-րդ առանձին հետախուզական գնդի գիշերային կարգավորող ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Սերգեյ Փալանջյանը 1942թ. փետրվարի 14-ին առաջադրանք է ստանում օդային հակագրոհ սկսել թշնամու ավիացիայի դեմ՝ թույլ չտալով ճնշումը Նևայի պլացդարմն անցնող զորքերի վրա: Սա նրա մարտական առաջին առաջադրանքն էր Լենինգրադյան ռազմաճակատում:

Ճարճատում էին գնդացիրները: Հերոսի ձեռքերը  ցավեցնելու չափ ուժգին սեղմեցին օդանավի ղեկը. թշնամու մի «Մեսսեր», կրակի բոցերով բռնկված,  սև ծուխ արձակելով վայր  սլացավ: Սա հերոսի առաջին հաղթանակն էր, բայց ոչ վերջինը…

Օրեցօր թռիչքներն ավելանում էին: Մի անգամ, հերթական թռիչքի ընթացքում, խոցվում է Փալանջյանի ինքնաթիռը, արդյունքում՝ աջ թևում հրդեհ է բռնկվում: Ինքնաթիռը գահավիժում է: Ներքևում մահն էր: Սարգիսը կարողանում է պարաշյուտով իրեն դուրս նետել: Օդային հոսանքը նրան քշում է լճի վրայով, և անտառաբերանին պարաշյուտը կախվում է  ծառից՝ փրկելով Փալանջյանի կյանքը…

1942թ. դեկտեմբերի սկզբին Գերագույն հրամանատարությունը հաստատեց Լենինգրադի շրջափակումը խափանելու գործողությունների պլան երկու ճակատով` Լենինգրադյան և Վոլխովյան: Որպեսզի թշնամուն հասցվի դիպուկ ու արդյունավետ հարված, հրամանատարությունը անհրաժեշտ էր համարել հարվածել հակառակորդի ինչպես թիկունքային, այնպես էլ պահեստային ուժերին: Օգտագործելով ցամաքային և օդային հետախուզական իր հմտությունները, Սարգիս Փալանջյանը դժվար օդերևութաբանական պայմաններում ամեն օր իրականացնում էր 2-3 հետախուզական թռիչք՝ հակառակորդի ուժերի տեղաբաշխման վերաբերյալ տալով հստակ տվյալներ…

…1943թ. այդ օրն  ամպամած էր, ձյուն էր գալիս: Տեղ-տեղ գետինը չէր երևում, դժվար էր վերևից տեսնել հակառակորդի դիրքերը: Բայց Փալանջյանը իր առջև նպատակ է դնում՝ ամեն գնով կատարել հրամանատարության կարևորագույն առաջադրանքը: Հակառակորդը չէր ենթադրում, որ այդպիսի անբարենպաստ եղանակային պայմաններում խորհրդային օդաչուն կարող է հայտնվել իրենց օդային տարածքում: Նկատելով ինքնաթիռը՝ նրանք տարբեր զինատեսակներից անընդմեջ կրակ են արձակում: Փալանջյանը հմուտ խուսավարելով կրակային գոտում՝ մութ ամպերի միջով փոխում է թռիչքի ուղղությունը` հակառակորդի մոտ առաջացնելով խառնաշփոթ իրավիճակ: Հետո մոտենալով հակառակորդին թիկունքից, որտեղ եղանակը բարենպաստ էր հետախուզության համար, լուսանկարում է թշնամու առաջնագծերը՝ համալրված զորքերով և տեխնիկայով: Ավարտելով հետախուզական առաջադրանքը՝ նա ռմբակոծում է հակառակորդի դիրքերը և, բարձրություն հավաքելով, մտնում ամպերի մեջ`ուղղություն վերցնելով դեպի մեր դիրքեր:  Չնայած ուժեղ ձնամրրիկին՝  ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարում: Մարտական առաջադրանքը կատարված էր: Հրամանատարությունը ստացավ արժեքավոր տեղեկություններ հակառակորդի վերաբերյալ, որոնք օգնեցին մեր զորքերին կատարելու մարտական գործողություններ և հասնելու հաջողության: Հրամանատարությունը Փալանջյանին պարգևատրեց «Կարմիր աստղի» շքանշանով:

…Խորհրդային զորքերի հաղթարշավը շարունակվում էր: Շուտով ջախջախվում են ֆիննական զորքերը Կարելիայում: Մարտերում ցուցաբերած քաջության համար Սարգիս Փալանջյանը պարգևատրվում է Հայրենական պատերազմի  1-ին աստիճանի շքանշանով:

…Հարձակվող զորքերի հետ առաջ էր գնում նաև այն գունդը, որտեղ ծառայում էր Փալանջյանը: Նրանք ազատագրում են Էստոնիան, այնուհետև` Լատվիան: Ռիգան ազատագրելու համար Փալանջյանի զորամասը պարգևատրվում է Կուտուզովի 3-րդ աստիճանի շքանշանով: Նա մասնակցում է նաև Քյոնիգսբերգի, Վալգայի, Տարտուի, Արևելյան Պրուսիայի քաղաքների համար մղված մարտերին…

Նրա պարգևատրումների թերթիկում գրված է. «Հայրենական մեծ պատերազմի սկզբից լինելով ռազմաճակատում՝ իրականացրել է 512 մարտական և 244 օպերատիվ թռիչք: Նրա հաղթանակի արգասիքն են՝ ոչնչացված 62 հրետանային մարտկոց, 42 ավտոմեքենա, 22 հրանոթ, ռազմամթերքի 5 պահեստ, հակառակորդի բնակատեղիներ, բազմաթիվ ռազմագնացքներ: Հասցրել է ավելի քան 80 ականանետային հարված թշնամու դիրքերի վրա՝ ոչնչացնելով մեծ կենդանի ուժ: Հարձակումների արդյունքում վնասազերծվել են մուտքային և ելքային հրաձիգներ, 22 տեղում ջախջախվել են երկաթուղային կայարանների հիմքեր, մեծ նշանակություն են ունեցել զորքի և տեխնիկայի տեղափոխման ժամանակ երկաթուղային կայարանների վրա նրա մեկ տասնյակից ավելի կատարած հարվածները: Պայթեցվել են վառելիքով շարակարգեր: Հարձակման է ենթարկվել ավելի քան 20 համակարգ: Կատարվել է 28 հարված ականանետային մարտկոցների վրա, ջախջախվել են 43 բեռնատար մեքենաներ: Ֆաշիստական զավթիչների դեմ պայքարում խիզախության ու սխրանքի համար Փալանջյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի և Կուտուզովի 3-րդ աստիճանի շքանշաններով, Հայրենական պատերազմի հաղթանակի 20-ամյակի, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի, Քյոնիգսբերգի գրավման, Լենինգրադի պաշտպանության մեդալներով, արժանացել է պետական ու գերատեսչական պարգևների: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Փալանջյանը խիզախորեն մասնակցել է Վոլխովի, Լենինգրադի, 3-րդ Մերձբալթյան և 3-րդ Բելոռուսական ռազմաճակատների մարտական գործողություններին»:

Խիզախ և աննկուն օդաչուն մարտնչել է մինչև պատերազմի վերջին օրը և մասնակցել է Մոսկվայում կայացած փառապանծ Հաղթանակի օրվան նվիրված շքերթին: Զորացրվելուց հետո՝ 1946թ. նա վերադարձել է հայրենի Գյումրի: Սարգիս Փալանջյանն իր մահկանացուն կնքել է  1978թ. ապրիլի 6-ին:

 

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (1339) 13.05.2020 - 19.05.2020, Ճակատագրեր


14/05/2020