ԿԻՆՈԽՑԻԿ ԶԵՆՔՆ ՈՒՍԱԾ…
«Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես երկընտրանքի առջև կանգնեցի՝ զե՞նքն ընտրել, թե՞ տեսախցիկը: Համոզվեցի, որ զենք վերցնողները շատ են, ու որոշեցի, որ իմ զենքն էլ տեսախցիկը կլինի: Ինձ համար խստագույն սկզբունք ընդունեցի՝ ես միայն վավերագրող եմ. միայն նկարելու եմ, ուրիշ ոչ մի մասնակցություն: Մարդկային կորստի ցավը, մարտական գործողությունների սարսուռը, ամեն ինչ ինձ համար նյութ էր լինելու: Այլապես, հնարավոր չէր լինի ցույց տալ եղելությունը, փոխանցել պատերազմի իրական շունչը…»: Շուրջ 1200 ժամ տեսանյութ՝ մարտական տարբեր, ամենաթեժ կետերից, վավերագրված 18 տեսաերիզ Շուշիի ազատագրման մարտերից, որոնք, ցավոք, հրկիզվեցին ադրբեջանցիների խփած ինքնաթիռում: Երկու ծանր վիրավորում և մի շատ հետաքրքրական կյանք՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի կինոօպերատոր, «Իմ խաչը» ֆիլմի բեմադրիչ-ռեժիսոր, բանակի հիմնադրմանը զուգահեռ՝ նոր կազմավորվող լրատվական ծառայության հիմնադիրներից մեկի՝ Շավարշ Վարդանյանի հիշողություններով:
«Առաջին անգամ տեսախցիկը ձեռքս վերցրի, երբ դեռ ժամկետային զինծառայող էի: Սա այն անսովոր դեպքն է, երբ սուտ խոսելու հետևանքով ստիպված ես լինում ընտրել մասնագիտությունդ,- ուրախ ծիծաղում է զրուցակիցս:- Ծառայել եմ խորհրդային բանակում. սկզբում՝ Վրաստանում տեղակայված ուսումնական զորամասում: Շատ անկարգ զինվոր էի: Երբ 6 ամիս անց որպես սերժանտ այլ զորամաս պետք է տեղափոխվեի, «գաուբախտում» էի: Ուշացումով հասա Երևան: Հիշում եմ, թե ինչպես գեներալ Կազարլովսկուն շարահրապարակում զեկուցեցի՝ «Եկել եմ Վրաստանից»: «Իսկ ինչո՞ւ ես ուշացած եկել»: Այդ պահին չգիտեմ ինչպես մտքովս անցավ խաբել. ասացի՝ «Ֆիլմ էի նկարահանում ուսումնական զորամասի մասին: Վերջացրի, նոր բաց թողեցին, պարո՛ն գեներալ»: Հայացքը մեղմացավ, ուրախացած դարձավ սպաներին. «Ըհը՜, շատ լավ է: Այս զինվորին կպահեք՝ որպես լուսանկարիչ»: Իմ ամբողջ մարմնով այդ պահին սարսուռ անցավ՝ ի՞նչ էի անելու. անգամ լուսանկարչական ապարատը ճիշտ բռնել չգիտեի: Ընկերներից մեկին խնդրեցի, որ լուսանկարել սովորեցնի: Մի շաբաթվա մեջ սովորեցի լուսանկարել և լուսանկարները տպել: Արդեն պատվի խնդիր էր, ասել էի՝ պետք է գործս լա՛վ անեի: «Զվեզդա» թերթի համար էի լուսանկարում: Բայց չէ՞ որ կարելի էր շարժումն էլ ցույց տալ: Տեսախցիկ ճարեցի ու սկսեցի ուսումնական պարապմունքները տեսագրել: Հետո հազար ու մի հնարքներով մոնտաժային տեխնիկա սարքավորեցի, որ նյութերս մոնտաժեմ: Ու ինքս էլ չհասկացա ինչպես, սիրտս կպավ այս գործին: Ընտրությունս կատարված էր՝ կինոօպերատոր էի դառնալու: Ընդունվեցի Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտ: Աշխատել եմ «Ленфильм»-ում. սկզբում՝ որպես լուսավորող, հետո՝ օպերատորի օգնական: Հետո աշխատանքի անցա «Հայֆիլմում»:
Մինչև պատերազմը Շավարշ Վարդանյանը օպերատորական մի քանի հետաքրքիր աշխատանքներ էր կատարել «Հայֆիլմում», որոնցից մեկը «Կտոր մը երկինքն» էր (1982թ.՝ որպես երկրորդ օպերատոր): Նկարահանումներից մի զավեշտալի դեպք հիշեց. «Հին, փայտե դարպաս էր պետք այն դրվագի համար, որտեղ Թորիկը զայրույթի պահին հավերի ետևից է ընկնում: Փնտրեցինք ու գտանք հրաշալի փայտե դարպասով մի տուն, նկարեցինք դրվագը: Հաջորդ օրը, երբ պետք է շարունակեինք նկարահանումները, սարսափով տեսանք, որ դարպասը ներկված է սև գույնով: Մինչև մեր գալը տանտերը «հոգացել» էր, որ իր դարպասը ֆիլմում գեղեցիկ երևա»:
1988թ… Երկիրը խառն էր. թափ էր հավաքում Արցախյան շարժումը: Սկսեց նկարահանել հանրահավաքների կարևոր դրվագները: Փետրվարին արդեն Արցախում էր. նկարահանում էր զարգացումները: «Հասկացա, որ կարևոր է մասնակցել պատերազմական գործողություններին: Ինձ հաշիվ տվեցի, որ՝ եթե Եղեռնի տարիների մասին կադրերը քիչ են և այն էլ՝ մեծ մասամբ օտարների ձեռքով նկարահանված, ապա պատրաստի օպերատորներ լինելով՝ իրավունք չունեինք այդ ամենը չարձանագրելու: Առաջին տեսախցիկը, որ ինձ հետ տարել եմ մարտի դաշտ, Գևորգ Էմինինն էր: «Դու գնում ես մահվան բերան,- ասաց հուզված,- մարտերն ես նկարելու, դրանից ավելի կարևոր ի՞նչ պետք է նկարեմ սրանով: Վերցրո՛ւ»: Պատմություն էր ստեղծվում, որն անհրաժեշտ էր սերունդներին փոխանցել: 1988-ից Շավարշ Վարդանյանն ավելի շատ Արցախում էր լինում, քան տանը: Հիշելու բաները շա՜տ են:
Տեսախցիկը ձեռքից ցած չդնել, նկարել, պայքարել ամեն մի կադրի համար, պատմության վկայագրեր քաղել ամենածանր իրավիճակներում. պատերազմը վավերագրողի համար ամեն մի չնկարված կադր մի փոքրիկ պարտություն էր ճակատամարտում: «Այն շրջանն էր, երբ դեռ Շուշիից վտարում էին հայերին: Գրիշա Ավանեսովի և Ամարասի Արթուրի հետ բերդաքաղաքում էինք: Ես թաքուն հարցազրույցներ էի վարում իրենց տները հարկադրաբար լքել պատրաստվող հայերի հետ: Նկատեցինք, որ ադրբեջանցիները իրար ականջի ինչ-որ բան են փսփսում: Բացահայտված էինք: Սկսեցինք փախչել: Մեր ետևից նրանց ոստիկաններն էին կրակում, վերևից մեծ քարեր էին գլորում: Մի կերպ, զառիթափով գլորվելով, հաջողեցինք հեռանալ: Հասանք մերոնց: Տղաները գնացին հանգստանալու, իսկ ես մտովի ժապավենը ետ եմ պտտեցնում, կռվում եմ ինքս ինձ հետ. «Դու շատ վա՛տ լրագրող ես, հիմարի մեկն ես, ո՞նց չմիացրիր տեսախցիկն ու այդ ամբողջ ճանապարհը չնկարեցիր»:
«…Մայիսի 7-ն էր,- վերհիշում է Շավարշը,- Շուշիի ազատագրման նախապատրաստական աշխատանքներն էին ընթանում: 26-ի Յուրայի, Ամարասի Արթուրի հետ բարձրացանք 26-րդ դիրքը: Պատրաստեցինք առաջին բուժօգնության կետը: Գիշերվա ժամը 4-ի կողմերը Յուրան ու Արթուրը մի փոքր ջոկատով գրավեցին թշնամու դիրքը: Տեղափոխվեցինք այդ տարածք: Ու ահա տղերքով տեսնում ենք, թե ինչպես է Ջանհասանի կողմից տանկը գալիս-կանգնում մեր դիմաց… Թնդանոթ են բերում, Շուշիի կողմից զենքերը տեղափոխում են մեր ուղղությամբ: Հետո պետք է իմանայինք, որ Կոմանդոսն այդ օպերացիան նրա համար էր ծրագրել, որ հասկանա, թե ի՞նչ ռազմական ուժեր են տեղակայված այդ ուղղությամբ:
Շուշիի ու Ջանհասանի կողմից թշնամին միաժամանակ կրակ բացեց մեր ուղղությամբ: Տղաներից մեկը գոռում է՝ «Աջից կրակ», մյուսը՝ «Ձախից կրակ»: Բերաններս անմիջապես բացեցինք, որ ցնցակաթված չստանանք: Ամարասի Արթուրը դեպի ներքև էր կրակում: Այդ կողմն ուղղվեցի, որ նկարեմ: Ուժեղ քացի ստացա. «Մոտ չգա՛ս. ադրբեջանցիք ներքևում են»: Ներքևից նռնակ նետեցին մեր կողմը. ճիշտ մեր կողքին ընկավ: Լոլո մականունով մի տղա ունեինք, Պարգև Սրբազանի թիկնապահն էր: Նա հասցրեց վերցնել նռնակն ու ետ շպրտել: Երկրորդ նռնակը նետեցին: Լոլոն զգալով, որ չի հասցնի ետ շպրտել այն, մարմնով ընկավ նռնակի վրա: Երբ պայթյունը եղավ, բոլորիս թվաց, թե մեր Լոլոն պատառ-պատառ է եղել: Բայց հրաշք էր. նրան հաջողվեց փրկել: Երբ Շուշին արդեն ազատագրված էր, ու Լոլոյին շՍ-40-ով Հայաստան էինք ճանապարհելու, ինձ շատ խնդրեց, որ ուղեկցեմ իրեն: Թեև որոշել էի ոտքով Լիսագորով Հայաստան դուրս գալ, բայց չմերժեցի վիրավոր ընկերոջս: Ուղեբեռը, դրա հետ Շուշիի ազատագրման գործողությունների վավերագրերը՝ իմ նկարահանած 18 տեսագրությունները, արդեն ինքնաթիռում էին: Ամեն ինչ հանկարծակի եղավ: Տղաներով կանգնած զրուցում էինք, երբ տեսա, որ Աղդամի կողմից «Գրադով» խփում են մեր ինքնաթիռի կողմը: Երբ առաջին արկը պայթեց, հասկացանք, որ նշանառության տակ ենք՝ «քառակուսու» մեջ: Վազեցի դեպի ինքնաթիռը. նկարածս նյութերն ու տեսախցիկս էի ուզում փրկել: Բայց երբ ոտքս դրեցի սանդուղքին, որ բարձրանամ… Ուժեղ հարվածից աչքերիս առջև սպիտակեց, ետ շպրտվեցի: Ուզեցի վեր կենալ, վազել դեպի այրվող ինքնաթիռը, զգացի, որ ոտքերս չեն ենթարկվում: Նայեցի արնաշաղախ ոտքիս, սկսեցի գոռալ. «Թողե՛ք, ինձ ոչինչ չի եղել, փրկե՛ք նյութերս»…18 «կտոր» թանկարժեք պատմություն այրվեց ինքնաթիռի հետ»: «Հատկապես ո՞ր կադրերի համար եք ցավում»,- հարցնում եմ Շավարշ Վարդանյանին: Անմիջապես այս կադրն է հիշում. երկու աղջիկներ՝ ռումբերի պայթյունների տակ, պատգարակով քարշ են տալիս վիրավորին: «Նրանց օգնելու փոխարեն ինձ ստիպեցի անել իմ գործը՝ տեսախցիկն ուղղեցի նրանց կողմը: Չգիտեմ՝ ինչպես բացատրեմ: Ես դա գիտակցաբար չէի անում: Կա՛մ պիտի օպերատորի դերիցս դուրս գայի, տեսախցիկը զենքով փոխեի, կա՛մ պիտի խստորեն պահպանեի ինձ տված խոստումս ու ընդամենը վավերագրող լինեի: Այս քաջարի աղջիկները Մելսիդան ու Աղավնին էին: Արկը պայթեց աղջիկներից քիչ հեռու, Աղավնին հարվածի ուժից գլորվեց ներքև, և մինչ ոտքի կելներ ու կմոտենար պատգարակին, Մելսիդան իր մարմնով ծածկեց վիրավորին: Հետո պատռեց իր վերնաշապիկն ու վիրակապեց նրան, թեև պարզ էլ չէր՝ ո՞ղջ է, թե՞ մեռած… Վիրավորի արյան մեջ կորած՝ աղջիկը շարունակում էր քարշ տալ նրան ապահով մի անկյուն: Չեմ կարող մոռանալ Մելսիդայի ոչնչացնող հայացքը, երբ մի պահ շուռ եկավ, շեշտակի նայեց աչքերիս մեջ… Սա մի կարևոր վկայություն էր լինելու մեր կանանց աներևակայելի ուժի, անվախ ոգու մասին…»: Հարցնում եմ՝ հետո էլի հանդիպե՞լ է աղջիկներին: Ծիծաղում է. «Բարևս առնում էին»:
Շավարշ Վարդանյանը որոշակի ջոկատի կազմում չէր. մեկնում էր այնտեղ, որտեղ ամենաթեժ մարտերն էին ընթանում: Նախապես զգուշացնում էր. «Ես վավերագրող եմ, ընդամենը նկարելու եմ, թե ինչպես եք կռվում, վիրավորվում, մահանում կամ փրկվում»: Բազմիցս ուղիղ մահվան դեմքին է նայել ու ձեռքից ցած չի դրել «զենքը»: Երկու անգամ ծանր վիրավորվել է, բայց լիովին չապաքինված՝ վերադարձել Արցախ:
«Երբ Աստծո նախանշած արահետներով ես ընթանում,- բարձրաձայն մտորում է Շավարշը,- նա միշտ օգնության է գալիս: Նույնիսկ տեսախցիկդ է վահանի վերածվում»: Էլի հետաքրքիր մի դրվագ է մտաբերում. «Մայիսի 8-ն էր: Կրկժանի ուղղությամբ գրոհը ղեկավարող Վալերի Չիթչյանի և կապավորի՝ Ալիկ Ալեքսանյանի հետ մտնելու էինք Շուշի: Հակառակորդի տանկը նկատել էր մեզ, կրակում էին մեր ուղղությամբ: Պատսպարվեցինք մի տնակում և տանկի համազարկերից խուսափելու համար տան մի կողմից մյուսն էինք վազում: Տանկը պտտվում, գալիս էր մեր կողմը և շարունակում կրակել: Համազարկերից տնակը ուր որ է՝ փուլ էր գալու գլխներիս: Պատերից մեկի մեջ մի հսկայական անցք էր բացվել: Չգիտեմ՝ ինչ մղումով տեսախցիկս վերցրի, մտքիս մեջ ասացի՝ «Ինչ լինում է՝ լինի»: Կանգնեցի՝ ճիշտ տանկի դիմաց ու սկսեցի նկարահանել: Տանկի փողն ուղիղ ինձ էր նայում, իսկ ես կարծես ասեի՝ «Դե, կրակում ես՝ կրակիր»: Հետաքրքիր է, բայց հաջորդ պահին տանկը շուռ եկավ, հեռացավ: Հենց դուրս վազեցինք տնակից, տանիքը փուլ եկավ»:
Առաջիններից մեկը Շավարշ Վարդանյանն էր, որ մտավ Շուշի՝ իր «զենքը» ուսին… «Մտանք Շուշի այն զգացողությամբ, որ քաղաքն արդեն մերն է. գրավելով առաջ էինք ընթանում: Մի քիչ դադար առանք ճանապարհին՝ պահեստի մոտ: Այնքան հոգնած էի, որ ընկա ու ննջեցի: Վեր թռա ուժեղ գվվոցից: Գլխավերևումս պտտվում էր հակառակորդի «Մի-24» ուղղաթիռը, որը, կարծես, «ուսումնասիրում» էր ինձ: Էլի տեսախցիկս վերցրի ու հենց ուղղաթիռի վրա պահելով, սկսեցի նկարել…Նույն պատմությունը. ուղղաթիռի անձնակազմն ասես կորցրեց հետաքրքրությունը, հեռացավ: Արդեն երկրորդ անգամ տեսախցիկս կյանքս էր փրկում»:
Մի անգամ էլ մարտական գործողությունը նկարելիս ականը դիպչում է ժայռին, քարի մի մեծ բեկոր պոկվում, ուղիղ մեջքին է ընկնում: Երեք կող է ջարդվում: Գիտակցությունը տեղն է գալիս Երևանում՝ հիվանդասենյակում: «Սրան բուժում չկար. ինքն իրեն պետք է կպներ: Ապաքինվելուս քիչ էր մնացել, բայց չէի դիմանում: Հիվանդանոցից էլի փախա մարտադաշտ…»:
1991թ. հուլիս: Օմօնականները ռուսների օգնությամբ գրավել էին Էրքեջը: «Սասունցի Դավիթ» և մի քանի այլ ջոկատների հետ անտառում էինք,- հիշում է Շավարշը:- Նկատեցին մեզ, երկու ժամ տվեցին՝ հանձնվելու համար: Այդ ընթացքում ես հեռացել էի մերոնցից. ուզում էի բարձունքից՝ գերեզմանների մոտից նկարել իրադարձությունները: Մերոնք ստիպված անտառի միջով նահանջել էին. ես հետ էի ընկել նրանցից… Մի քանի օր միայնակ թափառելով` հասա Վերին Շեն: Գյուղացիներին մի կերպ հասկացրի՝ «ջուր…»: Ծարավս հագեցնելուց ու լողանալուց հետո ինձ տեղավորեցին անկողնում… Արթնացա երկու օրից: Երբ հանդիպեցի Շահեն Մեղրյանին, զարմացավ, ուրախացած ծիծաղեց. «Ա՛յ տղա, էս դու ե՞ս. քո հոգեհացը երկու օր առաջ ենք կերել…»:
Հիշողությունները շա՜տ են. որը պատմի՝ որը թողնի: Որտեղ թեժ էր կամ հետաքրքիր մի շարժում էր նկատում, այնտեղ էր: Շահումյանում հաջողել էր անգամ «Օղակ» գործողության սկիզբը նկարահանել: «Ռուս բարձրաստիճան սպան՝ գեներալ Մալիշկինն ինձ համոզում էր՝ «Արի՛ քեզ տանեմ, ճանապարհ դնեմ»: Ինչո՞ւ էր ուզում ինձ ճամփու դնել: Ինձ ուղեկցեց ուղղաթիռների մոտ՝ վստահ, որ կմեկնեմ: Հաջողեցի փախչել. հետաքրքիր էր՝ ի՞նչ է լինելու: Ու տեսա, թե ինչպես են գալիս ռուսական տանկերը: Իսկ քիչ անց «Մի-24»-ով իջավ ԽՍՀՄ պաշտպանության նախարար, գեներալ Յազովը, նրա ետևից՝ ՆԳ նախարարը: Ինձ տեսախցիկով տեսնելով՝ անակնկալի եկավ. «Դո՞ւ ով ես…»: Յազովի մեկնելուց հետո սկսվեց «Կոլցո» գործողությունը…
Շավարշ Վարդանյանի հսկայածավալ, հետաքրքիր ու արժեքավոր հիշողությունների այս պաշարը հետագայում էլ հանգիստ չի տվել նրան: 2019թ. կայացավ «Իմ խաչը» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորն ինքն է, իսկ սցենարի սկզբնական տարբերակը հենց իր՝ ականատեսի ու վկայի հիշողություններն ու հուշագրություններն են:
«Գլխավոր հերոսուհուն՝ Սոնային, հանդիպել էի պատերազմի տարիներին. Դաշքեսան բնակավայրից էր: Ադրբեջանցիները հրկիզել էին նրա տունը, աչքի առաջ դաժանաբար սպանել երեխային… Նկարել էի այդ կնոջը: Սոնան, վրիժառու-դիպուկահար էր դարձել. սպանում էր սառնասրտորեն ու անգութ: Այս կնոջ կերպարը անջնջելի էր մնացել հիշողությանս մեջ: Սյուժեի մյուս դիպվածները նույնպես իմ ու մարտերում ինձ պատահած մարդկանց կյանքից են: Ամարասի Արթուրին, օրինակ, երբ Շուշիի բանտում բռնել ու փորձել են ձեռքից վերցնել խաչը, բերանն է գցել, ոչ մի կերպ չեն կարողացել բերանից հանել: Այս դրվագը ֆիլմում կա: Նախատիպ ունի նաև Տեր Գրիգորի կերպարը: Պատերազմի տարիներին մեկ էլ կտեսնեիր՝ տանկի վրա նստած, շրջում է մարտական դիրքերով, զինվորներին է կնքում: Զենքը միշտ կողքից կախված… Ֆիլմում մի դրվագ կար, որ նա պետք է տանկով մոտենար դիրքին, բայց տանկը փոխարինեցինք ավանակով: Հետաքրքիր է. ավանակներն իրոք զգում են հողի տակ թաքնված վտանգը, երբեք ականների վրայով չեն քայլի»:
Հենց պատերազմի ընթացքում, բանակի ձևավորմանը զուգահեռ, Շավարշ Վարդանյանին վստահվեց լրատվական ծառայության ձևավորումը: «1991 թիվն էր: Մի օր՝ գիշերվա ժամը 2-ի կողմերը, քնած էի, երբ դուռը թակեցին, և Վազգեն Սարգսյանի մոտից եկած մարդն ասաց, թե նախարարը քեզ շտապ կանչում է: «Բանակ ենք ստեղծում,- ասաց Սպարապետը,- և մեզ լրատվական ծառայություն է պետք: Դո՛ւ պետք է օգնես»: Եթե պետք է, ուրեմն, պետք է: Ծառայության պետ նշանակվեց Գեղամ Հարությունյանը: Անմիջապես ձեռնամուխ եղանք աշխատանքային խմբի ստեղծմանը: Օպերատիվությունն առաջնահերթություն էր: Մեր գործը անում էինք մեծ ոգևորությամբ: Նոր ձևավորվող կառույցին շատ բան էր հարկավոր, սակայն բավարարվում էինք ամենահասարակ սարքավորումներով և փոքր անձնակազմով: Սպարապետը պատերազմի թոհուբոհի մեջ, երբեմն ամենահասարակ խնդրանքների համար էլ էր զայրանում. «Հո ստուդիա չե՞ք պատրաստում»: Տղաներով, ամեն մեկս մի ուղղությամբ, մի ջոկատի հետ գնում էինք, նկարահանում, բերում էինք նյութերը, պատրաստում ու տալիս էինք «Հ1»-ին: Գործը այսպես առաջ էր գնում…»:
«Ի՞նչ էր այս ամենը Ձեզ համար»,- վերջին հարցն եմ ուղղում պատերազմի թոհուբոհով անցած օպերատորին: «Երազ էր: Այն անհասկանալի երազների պես, որ գալիս ու անցնում են: Սակայն մի հստակ զգացողություն ունեմ, որ հենց այսպես պետք է անցնեի իմ այս ուղին, հետո պիտի ապրեի խաղաղ ժամանակներում, հասկանայի խաղաղության արժեքը, մեր ներկայիս հզոր բանակի ուժն ու նշանակությունը, հպարտանայի մեր անցյալով ու ներկայով»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից
Խորագիր՝ #20 (1340) 20.05.2020 - 26.05.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում