Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿԸ՝ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ



ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿԸ՝ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎՕրերս հրթիռահրետանային զորամասերից մեկի կուրսանտները մարտական հրաձգության վարժանք իրականացրին «Բաղրամյան» զորավարժարանում։ Վարժանքի նպատակը կուրսանտների յուրացրած տեսական գիտելիքները ամրապնդելն էր:

 

Կուրսանտ Հրանտ Ավանեսյան.

«Հինգ ամիս սպասում էինք այս օրվան, որ գանք ու կատարենք մեր առաջին  կրակոցը: Տպավորություններն աննկարագրելի են…:

Դժվարանում եմ արտահայտել կրակի իրականացման պահին ինձ համակած զգացումը: Կրակելուց հետո միայն զգացի հրետանու իրական զորությունը, գիտակցեցի ճշգրիտ հաշվարկի ու անվրեպ խոցման նշանակությունը մարտի  դաշտում։  Ձգանը քաշելու պահից  հավատացի ուժերիս, մարտական առաջադրանքների հաջող կատարման հանդեպ վստահություն ձեռք բերեցի»: Հրանտի հայրը պահեստազորի սպա է: Պատերազմի տարիներից մինչև վերջերս պաշտպանել է հայրենի սահմանները։ Հրանտն անկեղծանում է. ծառայության ընթացքում գերազանց հանդես գալը տարի ու կես անց  հոր աչքերին շիտակ նայելու միակ տարբերակն է: «Երբ զորավարժությունից հետո զանգահարեմ ու ասեմ, որ կրակել ենք «գերազանց», հայրս աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինի»:

ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿԸ՝ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎՀրետանուն հաջորդում է ինքնագնաց հրետանային համակարգերի  կրակը։ Մարտական հաշվարկը լիցքավորում է հուժկու, 152 միլիմետրանոց հրետանային արկերն ու սպասում բաղձալի հրամանին: Կրակային համազարկից տարածքը դղրդաց:

Նախանշված ժամին զորավարժարանում «գործի անցան» «Գրադ»  ռեակտիվ համակարգերը։ Կուրսանտները վայրկյանների ընթացքում ամրագրեցին հրամանատարական ղեկավարման կետից ստացված կոորդինատներն ու ռեակտիվ համակարգի փողերն ուղղեցին ուսումնական  թիրախին։ Հրթիռները մեկը մյուսի հետևից հրե կրակի պես սուրալով վեր՝ խոյացան դեպի թիրախները: Կրակն իրականացրած կուրսանտները գոհ են. թիրախները խոցված են: ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿԸ՝ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ«Կատարեցինք  առաջադրանքը: Զգացինք «Գրադի» կրակի հզորությունը, այժմ արդեն կասկած չկա՝ պատրաստ ենք կատարելու ցանկացած մարտական առաջադրանք»,- ոգևորությամբ ասում է կուրսանտ Հայկ Սահակյանը: Հայկի վստահությունը կիսում են նաև մյուս տղաները։

Բոլորն էլ միակարծիք են. միայն ինքնուրույն կրակ արձակած, շիկացած փողի ու վառոդի հոտն առած, հրետանու ձգանը քաշելու խիզախումն ապրած զինվորը կարող է կանգնել հակառակորդին դեմ հանդիման:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

 Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1340) 20.05.2020 - 26.05.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/05/2020