Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՂՆԻԿՆԵՐԻ» ՀԵՐՈՍ ԲԺՇԿՈՒՀԻՆ



«ԵՂՆԻԿՆԵՐԻ» ՀԵՐՈՍ ԲԺՇԿՈՒՀԻՆԼեգենդար «Եղնիկներ» ջոկատի բժշկուհի Արմինա Նալբանդյանը պատերազմի դաշտում հայտնվել էր բժիշկ ամուսնու՝ Արտակ Խաչատրյանի հետ: Շահումյանն ազատագրել պատրաստվող ջոկատին բժիշկ էր պետք. մարտական խնդիրն իրագործելը բարդ էր, հաղթանակի գինն՝ անկանխատեսելի: Արմինան ու Արտակը պսակադրվել էին դեկտեմբերին, մի քանի ամիս անց՝ ապրիլի 17-ին, ուղղաթիռը խփվեց, զոհվեց նաև ամուսինը…

Արտակի զոհվելուց որոշ ժամանակ անց Արմինան վերադառնում է Արցախ ու Եղակեր կոչվող վայրում դաշտային հոսպիտալ հիմնում, մնում կռվող տղաների կողքին՝ հավատարիմ բժշկի իր կոչմանը՝ ամուսնու հետ սկսած գործը կիսատ չթողնելու վճռականությամբ: Պատերազմը վերհիշել բժշկուհին չի սիրում, բայց խոստովանում է՝ անմոռանալի օրեր, պահեր շատ են եղել, մի քանիսն էլ հավերժացել են Հակոբ Պողոսյանի լուսանկարներում ու պատերազմական քրոնիկոնի կանացի  ուրույն դիմագիծը դարձել:

«ԵՂՆԻԿՆԵՐԻ» ՀԵՐՈՍ ԲԺՇԿՈՒՀԻՆ…Շահեն Մեղրյանի ղեկավարած ջոկատը կարճ ժամանակահատվածում իսկական պատուհաս էր դարձել հակառակորդի համար: Ադրբեջանական զինուժի հերթական գրոհի ընթացքում մեկ էլ հանկարծ հակառակորդը պարզում է, որ «Եղնիկները» թիկունքից գրոհում են: Համատարած անտառ էր, ու միակ ծածկը Երից Մանկանց եկեղեցին էր ու դաշտային հոսպիտալը, որ հիմնել էր Արմինա Նալբանդյանը:

Գյուլիստանի համար գրոհեցին երկու անգամ: Զինամթերքով բեռնված երկու գիշեր անընդմեջ քայլեցին թավ անտառի նեղ ու դժվարանցանելի արահետներով ու կածաններով, ամրացան բարձրադիր բլրի վրա, ու մարտն սկսվեց… Հաջողվեց ազատագրել Գյուլիստանը: Շահումյանի վերջնական ազատագրումն ավելի քան իրական էր թվում, հարցը որոշակիացնելու և զինամթերք բերելու համար Շահեն Մեղրյանն ուղղաթիռով Հայաստան է շտապում, սակայն, ուղղաթիռը խփվում է…

«ԵՂՆԻԿՆԵՐԻ» ՀԵՐՈՍ ԲԺՇԿՈՒՀԻՆՊատերազմական լուսանկարներում Արմինան գրեթե միշտ զինված է, հաճախ՝ շան ուղեկցությամբ: Պարզեցինք՝ լուսանկարներում  Ցերին է, որ մինչև մարտական գործողությունների ավարտը մնաց բժշկուհու կողքին:

Բժշկուհին 94-ի օգոստոսին է վերադարձել Արցախից և առայսօր առիթ չի ունեցել կրկին լինելու այն վայրերում, ուր անցան իր կյանքի երիտասարդ տարիները:

Արմինա Նալբանդյանն իր անցած ճանապարհին, իբրև մարդ և իբրև բժիշկ, հանուն մարդկային կյանքերի փրկության, հանուն հայրենիքի պաշտպանության նվիրաբերեց ամենաթանկը, որ ուներ, մարտի դաշտում նա ապրեց մի կյանք՝ ներծծված վառոդի հոտով, կորուստներով, ցավով ու անասելի ապրումներով, բայցև բյուրեղացած մարդկային բարձր ու վեհ հարաբերություններով, որ երևի այդչափ արտահայտված լինում են հենց այնտեղ՝ պատերազմի դաշտում:

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Լուս.՝ ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1340) 20.05.2020 - 26.05.2020, Ճակատագրեր


21/05/2020