Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՏՆԿԻՆԵՐԸ



-«Հավսա՛ր»,- հրամայում եմ բարձրաձայն։ Ձայնս անակնկալ բարձր է հնչում առավոտվա լռության մեջ եւ հնչեղ արձագանքվում է դպրոցի չորս պատերի ներսում։ Անհարմար եմ զգում՝ մյուս դասերը խանգարելու համար, բայց դե, զինվորական հրամանը չես կարող շշուկով տալ։ Ճարահատ նույն խրոխտ, հրամանատարական ձայնով գոռում եմ. «Զգա՛ստ»։ Եվ իմ սաները՝ բարձրդասարանցիներ՝ տղա-աղջիկ, գլուխները վեր են ցցում, կուրծքներն առաջ են մղում ու քարանում դպրոցի ընդարձակ շարահրապարակում։ Նայում եմ ու հիանում՝ ասես նորատունկ խնձորի այգի է դեմս փռված՝ հավասար շարքերով, կոկիկ, խնամված, նուրբ ու բարալիկ… Աստված իմ, իսկը խնձորի տնկիների նման են, մինչեւ աչքդ թարթում ես, տեսնում ես՝ մեծացել, հասակ են նետել։ Եվ դու մոռանում ես, թե ինչքան ջանք ու քրտինք, անքուն օրեր ես անցկացրել՝ այդ տնկիները ոտքի կանգնեցնելու համար։
Զինղեկ Հակոբ Օհանյանի օրագրից

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ղեկավարությունը, Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինությունը հանդես են եկել մի հետաքրքիր նախաձեռնությամբ՝ ամեն տարի հուլիսի 15-ին ամբողջ կոլեկտիվով գնալ-այցելել հանրապետության տարբեր զորամասերում ծառայող իրենց նախկին սաներին, ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին, նրանց ծառայական առաջադիմությանը։ Դպրոցի դասղեկ, զինղեկ լեյտենանտ Հակոբ Օհանյանի խոսքերով՝ վերոհիշյալ նախաձեռնությունը այսուհետեւ դառնալու է ավանդույթ։ Պայմանավորվածությունների համաձայն՝ ճանապարհածախսը հոգալու է դպրոցը՝ ի հաշիվ պահուստային ֆոնդի, իսկ ԼՂՀ-ում մնալու հոգսերը հոգալու է ԼՂՀ պաշտպանական բանակը։

Երբ մեր դպրոցի ողջ ուսուցչական կազմը որոշեց, որ իրենք պետք է եւ պարտավոր են գնալ հանրապետության տարբեր ծայրերում, տարբեր զորամասերում ծառայող իրենց զինվոր սաների հետքերով ու տեսնել, թե իրենց դաստիարակած տղաները ինչպես են իրենց դրսեւորում բանակում (դա անցած տարվա հուլիսի 15-ին էր. դպրոցական արձակուրդներ էին, եւ բերք ու հավաքի ժամանակը դեռ չէր սկսվել), երբ մենք 30 հոգով Կարբիից ճանապարհ ընկանք-հասանք նախ՝ Արտաշատ, հետո՝ Արարատ ու այսպես քաղաքից քաղաք հասանք Գորիս, Գորիսից Ստեփանակերտ, Մարտակերտ, Հադրութ, երբ մեկ-մեկ տեսանք մեր զինվոր տղաներին, զրուցեցինք նրանց հետ, լավուվատից հարցուփորձ արեցինք, երբ մեզ ընդունեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությունը, ԼՂՀ վարչապետը, կրթության նախարարը, ու անկեղծ գովեստի խոսքեր ասացին մեր զինվորների հասցեին ու նաեւ մեր՝ կարբեցի ուսուցիչներիս նախաձեռնությունը համարեցին հայրենասիրական, անհրաժեշտ ու խիստ գովելի մի ձեռնարկ, ես՝ որպես դպրոցի զինղեկ, բաժակս բարձրացրի ու հպարտ-հպարտ հայտարարեցի. «Կարբեցի զինվորը իր հայրենիքը սիրելու, արժանապատվորեն ծառայելու քառասուն պատճառ ունի»։
-Քառասո՞ւն,- զարմացած բոլորը նայեցին ինձ։
-Այո՛, քառասուն,- վստահ շեշտեցի ես ու շարունակեցի միտքս։ -Մենք ամեն տարի մոտ քառասուն նորակոչիկ ենք պատրաստում բանակի համար, եւ նրանցից յուրաքանչյուրը հայրենիքի նվիրված զինվորը լինելու քառասուն պատճառ ունի. մեկ՝ կարբեցին աչքը բացում է թե չէ, տեսնում է Արարատ լեռան բարձր փեշերին փռված իր ծննդավայրը, տեսնում է ու սիրահարվում. «Աստված իմ, որքա՜ն չքնաղ է իմ ծննդավայրը», երկու՝ կարբեցին աչքը բացում է թե չէ, շնչում է հեկտարներով ձգվող խնձորի այգիների բույրը, տեսնում-շլանում է մեր խնձորների վառ դեղին ու վառ կարմիր գույներով ու ինքն իրեն շշնջում. «Աստված իմ, ես ծնվել եմ դրախտում»։ Ի դեպ, քանի տեղն եկել է՝ ասեմ, որ մեր գյուղը թերեւս հանրապետության այն եզակի գյուղերից է, որի այգիները խորհրդային ժամանակների համեմատ ոչ թե պակասել, այլ երկու անգամ ընդարձակվել-մեծացել են… Երեք՝ գյուղի կենտրոնում, եկեղեցու բակում, գյուղապետարանի դիմացի նստարաններին, գյուղամիջի քարերին, պատերի տակ պպզած պարապ ու դուրս մարդ չես տեսնի ցերեկ օրով՝ ամառ լինի, թե ձմեռ, եթե տեսնես էլ, ուրեմն հաշմանդամ է, կամ էլ ոտուձեռից ընկած զառամյալ ծերունի… Չորս՝ կարբեցին ինքն իր հողի, իր գյուղի տերն է։ Մեր գյուղը դարձյալ թերեւս միակն է, որ ամբողջ հողակտորները բաժանվել են համայնքի անդամների միջեւ։ Գյուղը բոլորինս է հավասար, եւ գյուղի տերերը բոլորս ենք։ Հինգ՝ կարբեցիներից ոչ ոք արտագնա աշխատանքի չի մեկնում, մենք չունենք դրսում աշխատող, հեռվից ընտանիքը պահող մարդ։ Կարբեցին իր օրվա հացը վաստակում է իր հողի վրա, իր այգիներում քրտինք թափելով, իր ընտանիքի, իր երեխաների գլխին կանգնած։ Վեց՝ մեր գյուղում, չեք հավատա, բաժանված ընտանիք չկա։ Գյուղը միատարր է, բոլորը նույն արմատներն ունեն, միմյանց բարեկամ ու ազգական են։ Կարբիում միջին հաշվով ամեն ընտանիք երեք երեխա է ունենում, եւ ամեն տարի ավելանում է մեր բնակչության թիվը, ուրեմն նաեւ՝ նորակոչիկների քանակը…
-Հետո՞,- ասացին հավաքվածները՝ ցույց տալով իրենց ծալած մատները։
-Հետո, ասացի՝ մեր գյուղը հնագույն բնակավայր է, ինչ-որ առումով սուրբ գյուղ է. մեր գյուղի տարածքում կան պատմական հուշարձաններ, ունենք 11-րդ դարի գործող եկեղեցի։ Մեր գյուղն անգամ կաթողիկոս է տվել՝ Հովհաննես Կարբեցին։ Կարբիում է ծնվել նաեւ Մեսրոպ Թաղիադյանը եւ, որպես խոնարհում մեր մեծ հայրենակցի հիշատակի ու վաստակի առաջ, կարբեցիներս գյուղի կենտրոնում նրա հուշարձանն ենք կառուցել։ Մեր գյուղում հարգի է գիրը, գրականությունը, առանձնահատուկ պատիվ ունեն մտավորականները, ուսուցիչները։ Մեր շրջանավարտների մոտ 60-70 տոկոսը հենց առաջին տարում ընդունվում են հանրապետության տարբեր բուհեր…
-Հետո՞…
-Հետո ասում եմ՝ տեսեք՝ մեր գյուղի երեխաների անունները միայն հայկական են՝ Մաթեւոս, Թադեւոս, Ոսկան, Սիմոն, Մկրտիչ, Դրաստամատ, Համբարձում, Սահակ, Պետրոս, Կիրակոս, Հրահատ… Մեր գյուղում չեք հանդիպի Արթուրի, Էրիկի, Ալեքսի, Ալենի… Չեք հավատում՝ գնացեք գյուղապետարանի ծխամատյանները նայեք, գնացեք մեր դպրոցի միջանցքում փակցված մեր լավագույն զինվորների լուսանկարների տակ գրված անունները կարդացեք՝ Չորեքչյան Հա՛յկ, Անտոնյան Արշա՛կ, Պողոսյան Կարե՛ն, Խուդավերդյան Արմե՛ն, Խուդավերդյան Սեւա՛կ։ Ախր, անունն էլ է մարդուն դաստիարակում, պարտավորեցնում, կապում իր հողին, իր անցյալին, պապերին, սովորություններին…
-Հետո՞, ասում էիր՝ քառասուն…
-Մի՞թե այսքանն էլ քիչ է լավ մարդ, հայրենիքի իսկական զինվոր դաստիարակելու համար,- ասում եմ ես։ -Մեր բանակ գնացող զորակոչիկը այս ամբողջ հարստությունը, որ թվարկեցի, կրում է իր մեջ, իր հոգու խորքում։ Նա չի կարող վատ զինվոր լինել, նա չի կարող վատ մարդ լինել։ Մենք առողջ մարմնով ու առողջ հոգով որդիներ ենք դաստիարակում։ Մեր համայնքը գիտե, թե ինչ բան է հայրենիքի պաշտպանությունը, եւ թե ինչպիսին պիտի լինի հայրենիքի պաշտպանը… Առանց չափազանցելու կարող եմ ասել, այս անգամ արդեն որպես զինղեկ, որ մեր դպրոցի զինվորական դասարանը իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում։ Մենք ունենք ուսուցողական, գործնական, կրակային եւ շարային պարապմունքներ անցկացնելու բոլոր հնարավորությունները։ Մեր շարահրապարակը, որ 2500 քմ է, հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ու գույքով։ Դպրոցն ունի ուսումնավարժական կրակային համակարգ՝ ԱԿ-74 լազերային փամփուշտներով ինքնաձիգ։ Այն ղեկավարվում է համակարգչի միջոցով։ Էկրանին երեւում են զանազան՝ շարժվող, կանգնած, մարդու, տանկի կառուցվածքով թիրախներ։ Ճշգրիտ, դիպուկ կրակոցները գնահատում է համակարգիչը. ցույց է տալիս արձակված գնդակների, վրիպումների, դիպուկ կրակոցների քանակը։ Մեր նախազորակոչիկը դեռ դպրոցում վարժվում է այդ հուժկու զենքին, ավելին ասեմ՝ մտերմանում։ Ունենք զենք պահելու սենյակ՝ միշտ փակի տակ՝ հակաազդանշանային համակարգով։ Ասեմ նաեւ, որ այնքան էլ վատ զինված չենք՝ ինքնաձիգ, հակատանկային ականանետ, ամենատարբեր տեսակի ուսումնական նռնակներ, հակագազեր՝ յուրաքանչյուր դասի մասնակիցների քանակին համապատասխան, ցուցատախտակներ, ցուցապաստառներ եւ այլն, եւ այլն։
Եթե կուզեք, կարբեցի մեր զինվորը ոչ թե քառասուն, այլ հազար ու մի պատճառ ունի հայրենիքին նվիրվելու, պատվով ու բարեխիղճ ծառայելու համար։ Եթե սիրում ես քո տունը, քո գյուղը, եթե սիրում ես ծնողներիդ, հարազատներիդ, եթե տեսել ես քո հոր ճակատի քրտինքը, եթե հիանում ես քո գլխավերեւի կապույտ երկնքով, դու չես կարող չդողալ այդ ամենի վրա, դու չես կարող չսիրել ու չպաշտպանել այն։ Քո ծննդավայրի դաշտում ընկած քարը, գյուղի փողոցով անցնող առվակը, ծռված ցանկապատն ու գոմի դուռն էլ քեզ կապում են քո հողին ու արմատներին…
Ահա քեզ հազար պատճառ, որ կարբեցին սիրի իր հայրենիքը։ Հազարումեկերորդն էլ, եթե կուզեք՝ ես եմ, որ այսպես անկեղծորեն սիրում եմ իմ աշխատանքը, իմ սաներին ու իմ ծննդավայրը՝ Կարբին։

ՀԱԿՈԲ ՕՀԱՆՅԱՆ
Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ
Պատրաստեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #49 (864) 15.12.2010 – 22.12.2010, Բանակ և հասարակություն


17/12/2010