Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԴՈՒՌՍ ՉԿՈՂՊԵՔ, ՀՐԱՉՍ ԿԳԱ…»



«ԴՈՒՌՍ ՉԿՈՂՊԵՔ, ՀՐԱՉՍ ԿԳԱ...»…Պատահական մի կրակոց սպանեց օջախի ուրախությունը: Գինով լի բաժակները մնացին չպարպված: Ոչ ոք այդպես էլ չհասցրեց Սրապիոնին աչքալուսանք տալ առաջնեկի ծննդյան առիթով: Գինու փոխարեն արյուն հեղվեց: Հալվող մոմի նման դեռատի կնոջ ժպիտը մարեց:

Տղան մեծացավ առանց հայրական հոգատարության, կինն առանց ամուսնու գուրգուրանքի անցկացրեց կյանքի երիտասարդ տարիները: Ապրեց ու մաքառեց, հույս-ապավեն ունենալով միակ որդուն՝ Հրաչյային:

Սպասում էր ծննդյան տոնին, բայց արցունք տեսավ: Երազել էր երջանկություն, բայց դառնություն բաժին հասավ: Հին վերքը չսպիացած, նորը վրա եկավ: Որդու հարսանիքին էր պատրաստվում՝ պատերազմը պայթեց:

 

Շիրակավանի ճամփեզրին մի փոքրիկ տուն կար, որի միակ բնակիչը Վարսենիկ մայրիկն էր՝ հազար խորշոմներով, իսկ տան հարստությունը՝ զինվոր որդու ճակատային նամակներն ու լուսանկարները:

– Չոր տեղ կպահես,- նամակներից մեկում մորն էր խնդրել որդին:

Ու որպես սուրբ մասունքներ պահում էր մայրը որդու նամակները՝ իր միակ մխիթարությունը: Չէ որ դրանք ամեն օր խոսում, զրուցում էին իր հետ:

– Գիտեմ, էլի կատակում ես: Դու խեղճ մորդ հոգու հետ ես խաղում…

 

«Իմ անգի՛ն մայրիկ, ես կվերադառնամ, ու դու հարսանիքիս կպարես: Մի քիչ էլ համբերիր:  Չէ որ ես երդվել եմ կռվել մինչև հաղթանակ, և եթե պետք լինի, կյանքս էլ կտամ հանուն իմ Հայրենիքի: Սիրելի՛ մայրիկ, դու միայն չտխրես»:

Քո Հրաչյա, 1942թ.

 

Վարսենիկ մայրիկի տան դուռը կիսաբաց էր:  Բակում ոչ ոք չկար:

– Մայրիկ,- ձայն տվեց գյուղսովետի նախագահը:

Վայրկյաններ անց դռան շեմին երևաց Վարսենիկ տատը՝ սև գլխաշորով ու սև գոգնոցով, խորշոմած դեմքին՝ վիշտ ու տառապանք:

– Բարով եք եկել, համեցեք ներս: Հրաչիցս լուր բերել եք: Ես գիտեի, որ Հրաչս ողջ է: Անխիղճ տղա, բա մորն էսքան կարելի է տանջել…

 

Շիրակավանի ճամփեզրին մի տուն կար: Առաջին ձյան հետ կողպվում էր տան դուռը: Բարի մարդիկ Վարսենիկ մայրիկին տանում էին իրենց մոտ: Գնալուց առաջ նա խնամքով դասավորում էր բոլոր իրերը: Տնից ոչինչ չէր վերցնում, բացի որդու նամակներից ու լուսանկարներից…

Իսկ Հրաչյայի նամակները գալիս էին ու գալիս…

 

«Բարև, մայրիկ ջան

Փետրվարի 27-ի նամակդ ստացա մարտի 8-ին՝ Ձեր տոնի օրը: Շնորհավորում եմ: Շնորհավորում եմ քեզ ու մեր գյուղի կանանց ու աղջիկներին տոնի առթիվ, ցանկանում առողջություն և համբերություն:

Իմ անգին մայրիկ, ես հպարտ եմ, որ դու, ինչպես խորհրդային երկրի բոլոր մայրերը, աշխատանքով և անմնացորդ նվիրումով օգնում են  իրենց ամուսիններին ու զավակներին՝ կռվել ֆաշիստական ուժերի դեմ:

Իմ սիրելի մայրիկ, մոտ է ժամանակը, երբ Կարմիր բանակը մեր սահմաններից կվռնդի լկտի ֆաշիստներին և ազատություն կբերի մեր Հայրենիքին: Հաղթանակը մերն է:

Համբուրում եմ, քո որդի Հրաչյա»:

8 մարտի, 1942թ.

 

Վարսենիկ մայրիկը նամակը մոտեցրեց շուրթերին, հետո մեկիկ-մեկիկ մեզ մեկնեց հերոս որդու մյուս նամակներն ու լուսանկարները:

– Դուք կարդացեք, ես հաց դնեմ:

– Շնորհակալ ենք, Վարսենիկ մայրիկ, մեկ ուրիշ անգամ: Հերոս է քո որդին, քաջարի կռվում է ֆաշիստների դեմ: Կվերադառնա, մի լավ քեֆ կանենք:

Վարսենիկ մայրիկն անցած տարի մահացավ, ինչպես ասաց բարեկամուհին՝ մեզ թողնելով որդու նամակներն ու լուսանկարները և մի պատգամ. «Դուռս չկողպեք, Հրաչս կգա, մոտը բանալի չկա…»:

 

Չկա նաև Շիրակավան գյուղը: Ախուրյան ջրամբարի կառուցման պատճառով տեղահանվեց նաև Շիրակավանը: Երբ ջրամբարը լցվում է ջրով, մակերևույթին կապույտ կրակներ են առկայծում… Դրանք որդեկորույս մայրերի այրվող սրտի կրակներն են, որ փարոս դարձած մինչեւ հիմա լուսավորում են կորուսյալ զավակների տունդարձի ճամփան:

 

ԼԵՆՎԵԼ ՄԵԼԻՔՅԱՆ

Խորագիր՝ #21 (1341) 27.05.2020 - 2.06.2020, Հոգևոր-մշակութային


27/05/2020