Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ…



ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ...Արցախյան պատերազմի հերոսական դրվագներին թիվ ու հաշիվ չկա: Հաշիվ չկա մեր այն զինվորականների քաջագործություններին, որոնք սեփական կյանքը չխնայելով՝ քայլ առ քայլ մոտեցրին, կռեցին պատմական հաղթանակը: Հերոսական ճակատագրերն անհամար են, ու դրանցից յուրաքանչյուրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու մեր հաղթանակը, վերհիշելու մեր հերոսներին եւ կրկին ու կրկին անդրադառնալու, թե ի՜նչ անգին արյան գնով է ազատագրվել և պահվում մեր հող հայրենին: Արցախյան պատերազմում իր ջահել կյանքը զոհաբերած 18-ամյա  զինվորի՝ իր գործած բացառիկ սխրանքի համար հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Գևորգ Ղազարյանի կարճատև, բայց իմաստալից կյանքի պատմությունն եմ ներկայացնում «Հայ զինվորի» ընթերցողներին:

 

Մինչև Գևորգի ծնվելը մի գիշեր մայրը՝ Լյուդմիլան, երազ էր տեսել. եկեղեցի գնալու ճանապարհին իրեն մի Սուրբ է կանգնեցրել. «Ի՞նչ ես դնելու երեխայիդ անունը»: Լյուդմիլան պատասխանել է՝ «Թե աղջիկ ծնվի` Գայանե»: Սուրբն ընդհատել է կնոջն ու ասել. «Տղա՛ է ծնվելու. անունը կդնես Գևորգ՝ սբ. Գևորգի անունով»: 1975 թվականի մայիսի 20-ին ծնվեց փարթամ, շեկլիկ, կապուտաչյա գեղեցիկ մանկիկը՝ Գևորգը:

Փոքրուց տղայի ամենասիրած նվերները խաղալիք զինվորներն ու զենքերն էին: Հատակին շարում էր, ու սկսվում էին «մարտական գործողությունները»: Հաղթանակը, իհարկե, միշտ հայկական զորքինն էր լինում: Մանկական անկեղծ ուրախությամբ վազում էր ծնողների մոտ. «Մերոնք էլի՜ հաղթեցի՛ն»:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցի լավագույն սաներից էր Գևորգը, խոստումնալից բռնցքամարտիկ: Նաև ոսկերչությամբ էր զբաղվում: Դեռ իններորդ դասարանից գլխովին նվիրվել էր Արցախյան շարժման գաղափարին: Ազնիվ ու ճշտախոս տղան գաղտնիքներ էր ունեցել ծնողներից: Անդամագրվել է «Տիգրան Մեծ» աշխարհազորայինների ջոկատին: Մայրը որդու մահվանից հետո էր հայտնաբերել ազատատենչ կարգախոսներով, թռուցիկների համար նախատեսված հայրենասիրական ու ազատագրական կոչերով լեցուն նրա օրագրերը: Տիկին Լյուդմիլայի հորեղբայրը Կերչի մարտերում հրամանատար էր եղել: Տղայի հոր բոլոր ազգականները արմատներով Արցախից էին: Գևորգը խորությամբ գիտեր իր ազգի պատմությունը: Նրա երիտասարդ հոգում վառվում էր արդարության հաղթանակի կրակը:

…Ութերորդ դասարանում ընկերացավ ու անհուն, գեղեցիկ հույզերով կապվեց իր պես սիրունատես խարտյաշ մի աղջկա՝ Արմինեի հետ: Հաճախ էին հանդիպում դասերից հետո, իրար կողքի լինելու առիթներ էին փնտրում: Արդեն ապագայի ծրագրեր էին կազմում… Բայց… աղջիկը ծնողների պարտադրանքով ուրիշի հետ է նշանվում:

…1993 թվական: Գևորգը Հայկական բանակի զինվորն էր դառնալու: Այս հպարտությանը միախառնվել էր սիրած աղջկան ընդմիշտ կորցնելու վիշտը: Անբացատրելի մի զուգադիպությամբ տղայի զորամաս ներկայանալու օրը համընկել էր Արմինեի ամուսնության հետ: Հազար ու մի միտք էր փոթորկում երիտասարդի հոգին. մահվան պես մի բան էր սիրած աղջկանից բաժանվելը, մյուս կողմից՝ պատերազմ էր…

ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ...Առավոտյան զինվորական հավաքակայան ճանապարհվելիս թիկունքին այրող հայացք զգաց, շրջվեց. Արմինեն էր. գլխիկոր կանգնած էր, և արցունքներն  առվակի պես գլորվում էին գեղեցիկ աչքերից… Մոտեցավ, փորձեց մխիթարել աղջկան. «Գուցե հենց էսպես էլ պետք է լիներ… Դու քեզ մի՛ մեղադրիր…Երջանի՛կ եղիր…»: Դա նրանց վերջին հանդիպումն էր:

Գևորգին բախտ էր վիճակվել ծառայության անցնելու մարտական փառավոր ուղի անցած «Հատուկ գնդում»: Գնդի ուսումնական կենտրոնի հրամանատար Գևորգ Հակոբյանի ուղեկցությամբ զինվորներն ավտոբուսով տեղափոխվեցին զորամաս:

…«Պատերազմը չէր ավարտվել, ու չգիտեինք, թե երբ կավարտվի,- հիշում է «Հատուկ գնդի» հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Եղիազարյանը:- Մոտ երեք ամիս հետո մեր զինվորներն ավարտելու էին ուսումնական դասընթացները և տեղափոխվելու էին պատերազմական գոտի: Նրանց ըստ ամենայնի պատրաստում էին «Հատուկ գնդի» փորձառու, պատերազմով անցած սպաները: Ռուսական սահմանապահ վարչության հետ պայմանավորվածություն ունեինք՝ ուսումնական կենտրոնի դասընթացները հիմնականում անցկացնել նրանց ռազմական վարժադաշտում: Մեկ ամիս էլ չէր անցել, իսկ Գևորգն արդեն դարձել էր կենտրոնի սիրված կուրսանտներից մեկը: Երբ դասակի հրամանատարից հարցնում էի նրա առաջադիմության մասին, զեկուցում էր, որ շատ խելացի, բանիմաց, ֆիզիկապես շատ լավ պատրաստված տղա է: Չափից դուրս ուշադիր էր. ուզում էր կռվին վերաբերող ամեն մանրամասն իմանալ»,- այսպիսին է հիշում նրան զորամասի հրամանատարի տեղակալը, որ հետագայում իրենց գնդի տարեգիրն էր դառնալու, լավագույն զինվորների, այդ թվում նաև Գևորգի մասին գրքեր էր գրելու՝ հերոսների հիշատակն անմահացնելու համար:

Գևորգը ծառայության ընթացքում մորը հաճախ էր ասում. «Մա՛մ ջան, գնում եմ զորամաս՝ ձեզ եմ կարոտում, գալիս եմ տուն՝ զորամասն եմ կարոտում»: Արձակուրդից վերադառնալիս մորը խնդրում էր կարիքավոր զինվորների համար սպիտակեղեն ու այլ բաներ դնել իր հետ: Խաղաղասեր ու բարի տղա էր՝ արդարություն հաստատելու, իրենից թույլերին միշտ պաշտպանելու պատրաստ:

1993 թվականի սեպտեմբեր ամսվա վերջին օրերն էին: Ուսումնական կենտրոնի զինվորներն արդեն վերջացնում էին եռամսյա պարապմունքները: Մի քանի օր հետո նրանց  պետք է բաշխեին գնդի գումարտակների միջև: «Հրամանատարներին կարգադրել էինք ընտրել 60 առավել աչքի ընկած զինվորների,- պատմում է Սամվել Եղիազարյանը,- որոնց հետ հարցազրույց անցկացնելուց հետո լավագույններին ներգրավելու էինք սերժանտական դասընթացներում: Ավարտելուց հետո զինվորներին շնորհվելու էր «սերժանտ» զինվորական կոչում, որից հետո նրանց ուղարկելու էինք գումարտակներ` որպես ջոկի հրամանատարներ»:

Զինվորները հերթով ներկայանում են հարցազրույցի: Ուսումնական կենտրոնի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 1-ի ջոկի կուրսանտ Գևորգ Ղազարյանը բոլոր հարցերին գերազանց է պատասխանում: Սակայն փորձառու հրամանատար Սամվել Եղիազարյանի աչքից չի վրիպում նրա աչքերի թախիծը: «Հո սիրած աղջիկ չունե՞ս»,- անկախ իրենից՝ առաջինը հենց այդ հարցն է տվել: Գևորգը հաստատել էր ու կարճ պատմել իր սիրո պատմությունը: Զինվորականը փորձել էր սփոփել տղային, հորդորել էր մոռանալ աղջկան. «Գևո՛րգ ջան, դու ուժեղ տղա ես, գլուխդ բարձր պահի՛ր ու գնա՛ առաջ: Դու դեռ գտնելու ես քո իսկական սերը, ընտանիք ես կազմելու, երեխաներ ես ունենալու: Բոլոր տվյալներն ունես «սերժանտ» դառնալու և ղեկավարելու, ևս երեք ամիս կմնաս զորամասում, այս անգամ` սերժանտական կուրսերում»: Բայց սա Գևորգի սրտովը չէր. «Պարո՛ն Եղիազարյան, շատ շնորհակալ եմ բարձր գնահատականի համար, բայց ես ուզում եմ որքան կարելի է շուտ կռվի դաշտ գնալ»: «Կարող էի չլսել նրան ու կարգադրել, որ անպայման անցնի սերժանտական կուրսերը, բայց զգացի, որ պետք է  համաձայնեմ. «Ուրեմն, երբ վերջացնես ուսումնական կենտրոնի եռամսյա լրիվ դասընթացները, կգնաս»: Գևորգը ոգևորվել էր, շնորհակալություն հայտնել ու դուրս եկել: Գևորգը երկու օր զորամասում մարզվելուց հետո 3-րդ գումարտակի կազմում բարձրանում է «Կոբրայի» դիրքերը: Սա ամենաբարձր ու դժվարին հենակետն էր: Երկու օր հետո նա մասնակցում է իր կյանքի առաջին կռվին, իրական մարտական գործողության, որը շատ հեռու էր իր մանկական «կռիվ-կռիվներից…»: Դրան հետևեցին ևս մի քանի լուրջ մարտական գործողություններ: Ամեն օր ազերիները մի քանի գրոհ էին ձեռնարկում, բայց, ապարդյուն: Տեսնելով, որ «Կոբրայի» պաշտպանական գծից հնարավոր չէ առաջ գալ, հակառակորդը, բազմաթիվ կորուստներ կրելով, այլևս  այդ ուղղությամբ չի հարձակվում: Հրաման է արձակվում գունդը հանել Լաչինի պաշտպանական շրջանից ու որոշ ժամանակով հանգիստ տալ: 1993թ. դեկտեմբերի 15-ի առավոտյան կազմակերպեց գնդի անձնակազմի տեղափոխությունը:

Պատմում է Գևորգի մայրը՝ տիկին Լյուդմիլան. «…Գորիսից զանգեց, թե՝ «Մա՛մ, վերադառնում ենք,- ու ծիծաղով ավելացրեց.- չես ճանաչելու. էնպես եմ չաղացել»: Փոքր որդուս և աղջկաս հետ «Մայրաքաղաքային» գունդ գնացինք՝ դիմավորելու զինվորականներով ավտոբուսները: Անցագրային կետի մոտ զինվորներից մեկը մոտեցավ, թե՝ «Մորաքույր ջան, Դուք ո՞ւմ եք սպասում»: Ասացի՝ «Գևորգ Ղազարյանին»: «Հա՛, հիմա զենքը կհանձնի ու կգա»: Ասացի՝ «Տղա՛ ջան, ի՞նչ զենք. իմ որդին զենք չի պահում իր մոտ»: Ժպտաց ասածիս վրա, ավելացրեց. «Մորաքո՛ւյր, Ձեր Գևորգը քաջ կռվող է ու լավ ընկեր, լա՛վ իմացեք»: Մտածեցի՝ երևի ինչ-որ բան սխալ է հասկացել,  ուրիշ մեկի հետ է Գևորգիս շփոթել:  Մենք այն ժամանակ դեռ չէինք պատկերացնում, որ պատերազմում մեր երեխաներն են զենքը ձեռքին կռվում: Միշտ մտածում ես՝ տղադ դեռ փոքր է՝ ի՞նչ պատերազմ… Շուտով մեզ մորուքը, մազերը  երկար, «բուշլատով» մի շեկլիկ տղա մոտեցավ: «Դուք Գևորգի մա՞յրն եք,- հարցրեց,- Գևորգը Ձեր մասին ինձ շա՜տ է պատմել: Մայրի՛կ ջան, շատ լավ տղա ունեք: Ձեզ շատ է սիրում, ամբողջ օրը Ձեր մասին է խոսում…»: Տղան ժպտացել էր, և միայն այդ ժամանակ էր տիկին Լյուդմիլան հասկացել, որ իր դիմաց հենց իր որդին՝ Գևորգն է կանգնած: Դեմքին մի մեծ սպի կար: «Վա՜յ,- ասաց,- Գևո՛րգ ջան, էս ի՞նչ է եղել»: «Հե՛չ, մա՛մ, ծառի ճյուղն է քերծել»: Հետո պիտի իմանար, որ մարտերից մեկի ժամանակ ականի բեկորից էր այտը վնասվել:

ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ...…1994թ. հունվարի 2-ի առավոտյան նորից մեկնում է ռազմաճակատ…: Տիկին Լյուդմիլայի կյանքի ամենածանր շրջաններից մեկն է սա… Մինչև իր պատմությունը շարունակելը խորը շունչ է քաշում: «…26 տարի է անցել, որ որդիս չկա… Բայց այսքան տարիներ անց դեռ աչքս դռանն է… Ինձ թվում է՝ հիմա վազելով տուն կմտնի,…»:

1993 թվականի դեկտեմբերի 31-ն էր: «Հատուկ գունդն» առաջին անգամ ամբողջ անձնակազմով մեծ շուքով զորամասում է դիմավորում Ամանորը: Իջևանի անտառից մի մեծ ու շքեղ եղևնի էին բերել ու զարդարել: Այդ տարիների համար չտեսնված, չլսված մի բան: Զինվորականներից շատերի ընտանիքի անդամները, երեխաներն էլ էին ներկա Ամանորի տոնախմբությանը: Պարում, պտտվում են տոնածառի շուրջը: Մինչև գիշերվա ժամը 2-ը ուրախ Նոր տարի են նշում: Սակայն, հենց պառկում են քնելու, ստանում են հրամանը` գունդը տագնապով բարձրացնելու և շտապ Քելբաջարի շրջան տեղափոխելու մասին: Կեսօրին արդեն «Հատուկ գնդի» անձնակազմի մեծ մասը պատրաստ էր. ուղղաթիռներով դեսանտ իջեցվեց Քելբաջարի շրջանի Չապլին բնակավայր: Չապլինից զորքը մարտերով հասնում է Յանշակ: Պետք էր առաջ շարժվել ու բարձրանալ Օմար, ետ վերցնել ազերիների գրաված կարևոր հենակետերը:  Մարտը մարտի հետևից վարելով՝ առաջ են գնում՝ մետրանոց ձյան ու ոսկորները թափանցող ցրտի պայմաններում…

Կենտրոնական հարձակման ուղղությունը դրվում է գնդի 3-րդ հրաձգային գումարտակի վրա, որի կազմում էր կռվում Գևորգ Ղազարյանը: Նրանց դիրքից երևում էին հակառակորդի համարյա բոլոր շարժումները: Այդ պատճառով հակառակորդն իր հարձակման ամբողջ թափը ուղղում է հենց 3-րդ գումարտակի հենակետի ուղղությամբ: Քանի որ Գևորգը արագաշարժ էր, ֆիզիկապես պատրաստված և կռվի փորձ ուներ, ծանր պահերին ամենակարևոր ու ամենաբարդ հանձնարարությունները գումարտակի հրամանատարությունը նրան է վստահում:

ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ...1994 թվականի հունվարի 19-ի չարաբաստիկ առավոտն էր: Մեր դիրքերի ուղղությամբ հուժկու հրետակոծություն սկսվեց: Գումարտակի հրամանատար Աշոտ Մարտիրոսյանը հորդորում է վիրավոր զինվորներին դուրս գալ առաջնային գծից և հետ քաշվել: Բայց զինվորները խնդրել էին, որ մնան ընկերների կողքին: Մեծ ճիգերի գնով գումարտակը ետ է մղում հարձակումը՝ տալով մի քանի զոհ և վիրավորներ: Ազերիներն ամբողջ ուժերը կենտրոնացրել էին թիկունք տանող հիմնական ճանապարհը գրավելու վրա, որ վերահսկում էր 2-րդ գումարտակը: Այն բարձունքը, որի վրա գտնվում էր Գևորգենց դիրքը, անընդմեջ սաստիկ  հրետակոծության էր ենթարկվում, որովհետև հենց այդ դիրքն էր կրակի տակ պահում ճանապարհին մոտեցող ազերիներին: 2475.0 բարձունքի պաշտպանությունը դրվում  է Վլադիմիր Գլոբայի վրա: Սերժանտ Սողոմոնյանի ջոկը, որի կազմում էր կռվում Գևորգ Ղազարյանը, մտնում էր ենթասպա Վլադիմիր Վերդյանի դասակի մեջ: Դիրքերի պաշտպանության ամենածանր հատվածը բաժին էր հասել հենց այս ջոկին: Հրետակոծություն հրետակոծության ետևից: Հակառակորդը բոլոր երեք ուղղություններով անցնում է հարձակման: Զոհեր և ծանր վիրավորներ…  Ձախ թևից  վիրավորվում է նաև Գևորգը: Բեկորը խորը կտրում է ձեռքի մկանը, բայց ոսկորը չի վնասվում: Հրամանատարը կարգադրում է իջնել ներքև, սակայն Գևորգն ընդդիմանում է: Կռվի ամենաթեժ պահին ծանր վիրավորվում է  նաև Վլադիմիր Վերդյանը: Գևորգը փորձում է օգնել նրան: Այդ պահին նրա առաջ է հայտնվում մեկ տասնյակից ավելի աղվան մոջահեդների հրոսակախումբը և կրակ բացում վիրավոր զինվորի և հրամանատարի ուղղությամբ: Գևորգը կրկին, այս անգամ՝ ծանր վիրավորվում է: Գրկելով հրամանատարին, մի վերջին ճիգով հանում է մոտը եղած նռնակների օղակները և ողջ թափով նետում է իրենց ընդհուպ մոտեցած հակառակորդի վրա: Նռնակների պայթյուններից մոջահեդներից շատերը սպանվում են: Ավա՜ղ, նռնակների բեկորներից զոհվում են նաև քաջ զինվորն ու հրամանատարը:

♦♦♦

…«Եռաբլուրում» ամփոփված, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ զինվոր որդու գերեզմանի մոտ տիկին Լյուդմիլան հաճախ էր հանդիպում այդ զույգին: Մի անգամ նկատեց, որ կինը հղի է: Օրհնեց՝ «Յոթ զավակով սեղան նստեք, էրեխե՛ք ջան»: Երիտասարդը կնոջ հետ մոտեցավ ու ասաց. «Մայրի՛կ ջան, որդիս որ ծնվի,  խոստանում եմ՝ քո հերոս որդու անունը՝ Գևորգ դնել»: Մեկ տարի անց նույն զույգին տեսնում է մանկահասակ երեխային՝ Գևորգին գրկած… Այսօր հերոս հորեղբոր անունն է կրում նաև Գևորգի կրտսեր եղբոր որդին: Մեր հերոսական Գևորգների, կենաց-մահու կռիվներում զոհված մեր մյուս հերոսների արյամբ են գծված մեր երկրի անգին սահմանները: Հիշենք ու խոնարհվենք նրանց վառ հիշատակի առջև…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Գևորգ Ղազարյանի ընտանեկան ալբոմից

Խորագիր՝ #21 (1341) 27.05.2020 - 2.06.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


27/05/2020