ՀԱՅԵՐԸ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԿՌՎԵԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ ԳԻՏԵՆ
Պապս` ՀՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Աբրահամյանը (1921-2003), կռվել էր Մեծ հայրենականի ճակատներում ու ատելով ատում էր պատերազմը… Նրա հարյուրավոր կտավներում դուք չեք տեսնի պատերազմական թեմայով եւ ոչ մի կտավ… Նա բնության, կյանքի «երգիչ» էր, իսկ բնությունն ու կյանքը համատեղելի չեն պատերազմի և մահվան հետ: Որ նա ամբողջ հոգով էր պատերազմը ատում, վկայում են ոչ միայն նրա կտավները, այլև հուշագրությունները, որ հոգեկան տագնապի պահերին գրել ու թողել է իր արվեստանոցի գզրոցներում: Ես` կրտսեր Արտաշես Աբրահամյանս, որ նույնպես նկարիչ եմ, երբեմն-երբեմն թերթում եմ նրա գրառումների խունացած էջերը, զարմանում եմ` որքա՛ն լույս, սեր, որքա՛ն գույներ կան նրա բառերում… Կարդում եմ պապիս զրույցները, պատգամներն ու մտածում, որ դրանք միայն ինձ չեն ուղղված, այլ իմ հասակակիցներին, մեր հայրենիքի սահմանները պահող զինվորներին:
Իմ ընկերներն ընկան, երբ դեռ նրանց հոգու մեջ Սևանի ջինջ կապույտն էր, երբ դեռ նրանք քսան տարեկան էին: Վերադարձա, նորից տեսա, նորից նկարեցի չքնաղ Սևանը, բայց այն ջինջ կապույտը, որի խորությունից մեր գլուխը պտտվում էր` այլևս չտեսա: Այդպիսի կապույտ մեր ներկերի մեջ չկա, այդպիսի կապույտ Սևան էլ չկա: Դա քսան տարեկան պատանու անաղարտ հոգու մեջ բեկված կապույտն էր: Պատերազմը մեզ գտավ Սևանի ափին, մեզ` Գեղարվեստի ուսումնարանի ուսանողներիս, երբ դեռ քսան տարեկան էինք…
Հաղթանակը մեզ համար Բեռլինից արևմուտք` Էլբայի հովտում եղավ…Եվ մենք` ողջ մնացածներս, արդեն քսանհինգ տարեկան էինք, մենք մեծ էինք, շատ մեծ: Հաղթանակ, խաղաղություն, մարդկության անհուն բաղձանք, որքան թունդ եք դուք: Դուք ընդամենը մի-մի բառ եք, որոնց համար մենք վճարել ենք միլիոնավոր քսան տարեկան կյանքեր, իսկ որքանի հոգիներն են խեղվել:
Տարիներ են անցել, շատ է գրվել, շատ է նկարվել, շատ ֆիլմեր եմ տեսել պատերազմի մասին, բայց երբ հիշում եմ իրականը` իրականը իրականում կապ չունի «արվեստ պատերազմի» հետ, եւ ես սրա համար չեմ վշտանում, չեմ տխրում: Նախ՝ իրականը պատկերել հնարավոր չէ, եւ ամենակարեւորը՝ պետք էլ չէ: Թող մեր սերունդների հասկացողության մեջ պատերազմը թմբուկների դղրդոցի տակ շեփորների վրա մերկացած սրերով սլացող հեծելազորի հեղեղ լինի, բարձունքի գագաթին փողփողացող դրոշը լինի, թող ինչ-որ տեղ էլ երևակայություն լինի, միայն թե՝ ոչ իրականը: Իսկ իրականը ամեն մի ողջ մնացած զինվորի անձնական գաղտնիքն է, սուրբ ու տխուր հուշը, որի մասին չեն խոսում, չեն գրում, դա զինվորի հոգու վերքի սպին է, որը պիտի մորմոքի մինչև գերեզման:
Մենք քսան տարեկան էինք, մենք նկարում էինք Սևանի ափին մեր հոգու կապույտ հորիզոնները… և հանկարծ բազմահարկ տախտակներից գաղջ հոտով զորանոցներ, կայարաններում իրար վրա թափված գաղթականներ, մոխրացած գյուղեր, քաղաքներ, ամենուրեք ավերված երկաթգծեր, կամուրջներ:
Սով, հիվանդություն, մեռնող վիրավորների անեծք, հայհոյանք: Ցեխախառն, ձեռքից ձեռք անցնող խրամատներ` անվերջ, անվերջանալի: Անքուն գիշերներ, օրեր, ամիսներ, տարիներ: Երթեր` մեռնելու աստիճան հոգնեցնող, բուք, սառնամանիք, սառած, սևացած ձեռքեր, ոտքեր: Գերեզմաններ անհաշիվ, խաչերով, անխաչ: Փլատակների տակ ողջ-ողջ թաղված երեխեք, կանայք, ծերունիներ: Փշալարեր, փշալարեր եւ կմախքացած սովամահ գերիներ. դժոխք, դժոխք կատարյալ: Հենց սրա համար էլ իրականությունը ամեն մի ողջ մնացած զինվորի գաղտնիքն է, սուրբ ու տխուր հուշը, որի մասին չեն խոսում, չեն գրում, դա զինվորի հոգու վերքի սպին է, որ պիտի մորմոքի մինչ ի մահ…
Ավա՜ղ, այս աշխարհում դժբախտաբար դեռ անպատիժ ապրում են Սուլթան Համիդի, Էնվերի, Հիտլերի երկվորյակները: Այդ մարդասպան հրեշների սերունդը դեռ կա, որ նախամարդու վայրի մոլուցքով բռնկված` ուզում է աշխարհը մոխրակույտերի վերածել: Խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է, մեր ժողովրդի համար խաղաղությունը կրկնակի անհրաժեշտություն է, ինչպես օդը, ջուրը, մի կտոր հացը: Քանի դեռ կան այս հրեշներն իրենց հրեշավոր գաղափարներով, չպիտի մոռանանք Մեծ եղեռնը, մեր սուրբ նահատակներին:
♦♦♦
Հաղթանակի օրվանից անցել են տարիներ, երբ նայում եմ քսան տարեկաններին, հոգիս փառավորվում է: Իմ խորին համոզմունքն է` նոր սերունդը հրաշքներ կգործի: Տարիքս առաջացել է, և ուզում եմ զրուցել հայ զինվորի հետ, թող սա լինի պապի և թոռան զրույց: Տարիներ առաջ Նկարիչների միությունը կազմակերպել էր արշավ «Թամանյան դիվիզիայի հետքերով»: Խումբը գնաց մինչև Կերչ ու վերադարձավ:Հրավիրեցին հեռուստատեսություն: Երբ վերջացրի իմ խոսքը, հաղորդավարը դիմեց ինձ. «Ընկեր Աբրահամյան, ի՞նչ կուզենայիք ասել Ձեր երեխաների սերնդին»: «Ամեն ինչ արեք, որ խաղաղ ապրեք, որովհետև պատերազմը զարհուրելի է,- պատասխանեցի ես,- բայց երբ ստիպված լինեք կռվել, կռվե՛ք, մի՛ վախեցեք»:
Ես պատերազմի ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի` հայերը հերոսաբար կռվել գիտեն: Հիմա նույն խորհուրդը ձեզ եմ տալիս, սահմանին կանգնած զինվորնե՛ր, երբ ձեզ պատերազմ կպարտադրեն, կռվե՛ք, մի՛ վախեցեք, հայերը քաջաբար, անձնվիրաբար կռվել ու հաղթել գիտեն: Նախ` թշնամին պարտված է ու ընկճված, երկրորդ` արդարությունը ձեր կողմն է, հետևապես Աստծո օրհնությունը ձեզ վրա է. դուք կռվում եք ձեր նախնիների գերեզմանների համար, դուք պաշտպանում եք ձեր մայրերի, քույրերի պատիվը, դուք պաշտպանում եք ձեր հողն ու ջուրը:
Հիշեք, որ թուրքը քաջ է ու անվախ միայն անզեն կին ու երեխա կոտորելիս, իսկ զինված տղամարդու դեմ դառնում է ողորմելի սողուն: Հիմա կասեք՝ նկարիչ պապը հեքիաթ է պատմում: Նախ՝ ասեմ, որ նկարիչ պապի անունը Շվեյկ էր (այդպես էր ինձ կոչում պատերազմի ժամանակ իմ վաշտի ավագը` աշնակցի Քամալյան Վարդգեսը): Նկարիչ պապը՝ 89-րդ Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդի զինվորը, քայլել է 7000 կիլոմետր տառապանքի ուղիներով մինչեւ Բեռլին և պատերազմը վերջացրել է Բեռլինի կայազորի Հումբլտ-Հայն ամրոցի գրավումով՝ 1945թ. մայիսի 2-ին: Նկարիչ պապը բազմաթիվ շքանշանների ասպետ է, որոնց թվում՝ «Փառքի շքանշան» և «Խիզախության համար» մեդալ: «Փառքի շքանշանը» ամենաբարձր շքանշանն էր, որը տրվում էր զինվորին ակնառու խիզախության համար:
…Այսօր ես` Մեծ հայրենականի թոհուբոհով անցած հին զինվորս, անկեղծորեն խոստովանում եմ` նախանձում եմ ձեզ. պատմությունը ձեզ տվել է հնարավորություն վրեժխնդիր լինելու մեր դարավոր ոսոխից: Ձեզանով սկսվում է հայ ժողովրդի համար նոր դարաշրջան: Իմ օրհնությունը ձեզ, ձեր պապերի արժանի իմ խիզախ թոռներ: Ես հավատում եմ Հայոց բանակի հաղթական երթին, ես հավատում եմ հայ զինվորին: Նոր սերունդը դեռ հրաշքներ է գործելու…
2001թ.
Խորագիր՝ #21 (1341) 27.05.2020 - 2.06.2020, Հոգևոր-մշակութային