Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՍՈԿՐԱՏ ԱԼԵՔՍԵՅԻ (ԱԼԵՔՍԱՆԻ) ԳԱԼՈՒՍՏԱՇՎԻԼԻ (ԳԱԼՍՏՅԱՆ)

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին Ուփլիսցիխե գյուղում (Գորիի շրջան, Վրաստան):

Սոկրատ Ալեքսեյի Գալուստաշվիլին Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գնդացրորդ:

Սկզբնական կրթություն է ստացել գյուղի դպրոցում: Կոլտնտեսությունում հովվություն է արել:

1940թ. զորակոչվել է Կարմիր բանակի շարքեր, իսկ 1941 թ. օգոստոսից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին Հարավարեւմտյան ռազմաճակատում:

Գնդացրորդ Ս.Գալուստաշվիլին աչքի է ընկել Ստալինգրադի ճակատամարտում, երկու անգամ վիրավորվել է, սակայն մարտադաշտը չի լքել:

Խիզախ հետախույզ Ս.Գալուստաշվիլին շատ թեժ մարտերի է մասնակցել Ուկրաինայի ամբողջ տարածքում, հասել է մինչեւ Պրուտ գետը, իր մարտական ավանդը բերել Ռոստովի, Կրիվոյ Ռոգի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Պերվոմայսկի եւ Քիշնեւի ազատագրմանը:

Ս.Գալուստաշվիլին հատկապես աչքի է ընկել Օդեսայի հարձակողական գործողության ժամանակ՝ որպես 28-րդ բանակի 1-ին գվարդիական ամրաշրջանի 8-րդ առանձին գվարդիական գնդացրահրետանային գումարտակի գնդացրորդ: Դնեպրի գետաբերանի ծովախորշը ջրանցելիս նա առաջինն է ներխուժել Կասպերովկա բնակավայր՝ իր հետեւից տանելով ստորաբաժանման անձնակազմը:

Իր գործողություններով գվարդիայի շարքային Ս. Գալուստաշվիլին վաշտի համար ափ դուրս գալու եւ Կասպերովկա բնակավայրը հակառակորդից արագորեն մաքրելու հնարավորություն է ստացել:

1944թ. մարտի 16-ին հրետաականանետային հոծ կրակի աջակցությամբ Եֆրեմովկա գյուղի վրա հակառակորդի դաժան հարձակման (հետեւակային 2 գնդի թվակազմով) ժամանակ, չերկնչելով շուրջը պայթող արկերից, գվարդիայի շարքային Ս.Գալուստաշվիլին ձախ թեւում իր գնդացրով գնացել է առաջ եւ դիմահար կրակով գնդակոծել հակառակորդին: Շուտով փամփուշտներն սպառվել են: Հասկանալով այդ՝ ֆաշիստները որոշել են շրջապատել խիզախ գնդացրորդին ու գերեվարել:

Ս.Գալուստաշվիլին մի խումբ մարտիկների հետ «ուռա» գոռալով՝ նետվել է թշնամուն ընդառաջ, համարձակ ցատկով թշնամու փորին հասցված գլխի հարվածով գետին տապալել ենթասպային, դանակահարել ու խլել նրա հրազենը: Հակառակորդի հարձակումը կասեցվել է: Հաջորդել են հակառակորդի երկրորդ ու երրորդ հարձակումները, որոնք նույնպես կասեցվել են:

1944թ. հունիսի 3-ին շարքային Սոկրատ Ալեքսեյի Գալուստաշվիլուն շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:

 

Խորագիր՝ #21 (1341) 27.05.2020 - 2.06.2020, Պատմության էջերից


27/05/2020