ՇՈՒԼՅԱՆ ԽԵԻ ՎԵՐՋԻՆ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Կուների տոհմից Շուլյան Խեն 17 տարեկանից սկսում է ծառայել Լու թագավորության տիրակալներին: Այդ ուժեղ հսկան 40 տարվա իր ծառայության ընթացքում բազմաթիվ սխրանքներ է գործում, որոնք նրան համբավ են բերում ոչ միայն Լուում, այլեւ ողջ Երկնատակի կայսրությունում` Չինաստանում:
Շուլյան Խեն պատկանում էր զինվորականների շի կաստային, որոնց համար «խաղալ» բառը «կռվել» բառի հոմանիշն էր: Քաջի մահով մեռնելը մեծ երջանկություն էր ոչ միայն այդ ռազմիկի, այլեւ նրա մտերիմների համար. չէ՞ որ զոհվածն ընկնում էր մի հիասքանչ անամպ թագավորություն, իսկ նրա ազգականներն էլ իրենց ողջ երկրային կյանքի ընթացքում խորին հարգանքի էին արժանանում, իսկ հետո էլ նաեւ` երկնային թագավորությունում:
Եթե տիրոջը մահվան էին դատապարտում, ապա շի-ռազմիկը կարող էր նրա փոխարեն մահապատժի գնալ: Զոհվածի մահվան մասին ցուցանակը տիրոջ տան համար սրբություն էր համարվում, որը պահում էին մի առանձնահատուկ տարածքում` աղոթատեղիում: Այնպես որ, իր կյանքը հանուն տիրոջ զոհաբերող ռազմիկն ընդմիշտ դառնում էր այդ ընտանիքի անդամը: Իսկ շիի համար պատիվը կորցնելը նշանակում էր ընդմիշտ ընկղմվել Դեղին ակնաղբյուրների հովիտը, որտեղ խավարի տիրակալներն ազգականներին թույլ չեն տա ջուր եւ ուտելիք ուղարկել մահացածներին:
Մի անգամ Շուլյան Խեն մի բուռ մարդկանցով ճեղքում է թշնամու ուժերը եւ անխուսափելի մահից փրկում Լու թագավորության մի քանի երեւելիների:
Մեկ ուրիշ անգամ Խեն մի այնպիսի սխրագործություն է կատարում, որ, մեղմ ասած, այսօր էլ կարող է տարօրինակ թվալ: Շուլյան Խեն մի անհավասար մարտի ժամանակ, ճեղքել-անցնելով թշնամու զորքը, հասնում եւ նրանց կայսեր ոտքերի տակ է դնում իր բրոնզե տապարը, ապա երեսն ի վար ընկնում կայսեր առաջ: Երկնքի ներկայացուցիչը, Անձեռնմխելին եւ Միակը գնահատում է Խեի քաջությունը. նա հրամայում է ոսկով ողողել ռազմիկին եւ պահպանում է նրա կյանքը` դրանով սեփական տիտղոսներին ավելացնելով նաև Ամենաարդար կոչումը:
Բայց Շուլյան Խեին մեծ համբավ է բերում հետեւյալ դեպքը: Լու կայսրը որոշում է պատժել մի թագավորության ապստամբ տիրակալի եւ նրա դեմ մի հսկայական զորք է ուղարկում: Ապստամբների սահմանային ամրոցը դաժան դիմադրություն է ցույց տալիս: Պաշարողների ջոկատը խորամանկությամբ ներս առնելով` նրանց ծուղակն են գցում: Թվում է` ամեն ինչ վերջացած է: Բայց Շուլյան Խեն իր հզոր ձեռքերով բարձրացնում է ամրոցի պարիսպը եւ նետերի տարափի տակ այն պահում այնքան ժամանակ, մինչեւ իր բոլոր ընկերները հասցնում են դուրս պրծնել: Այդ ժամանակ նա արդեն 60 տարեկան էր:
Իր կատարած սխրագործությունների եւ ավելի քան 40-ամյա հավատարիմ ծառայության համար Շուլյան Խեն նշանակվում է ոչ այնքան հարուստ Ծոու գավառի կառավարիչ:
Այդուհանդերձ, ինչքան էլ Շուլյան Խեն ինքն իրեն մտովի համոզեր, թե արժանավոր կյանք է ապրել, բայցեւայնպես` նախնիների նկատմամբ մի կարեւոր հարցում թերացել էր: Ռազմիկը ժառանգ չուներ:
Ծեր ծնողները, սովորույթի համաձայն, իրենք են հարսնացու ընտրում, իրենք են հարսանիքի օր նշանակում, կախարդի են կանչում` չար ոգիներին նորապսակներից հեռու վանելու համար, հարսնացուի ծնողներին գլխագին են տալիս: Ամեն ինչ անում են, որ որդի ծնվի, սակայն մեկ տարի անց աղջիկ է ծնվում: Հաջորդ տարի եւս մի աղջիկ, երրորդ տարին` նույնպես: Եվ այսպես` ինն անգամ: Ո՛չ ոգիներին մատուցված առատ նվերներն են օգնում, ո՛չ էլ կաշառքները: Հարեւանները ծիծաղում են. այդպիսի աժդահա, իսկ տղա ունենալ չի կարողանում…
Չարախնդացողների հախից դեռ կարելի էր գալ, բայց ի՞նչ անել նախնիների ցասման դեմ: Չէ՞ որ, ըստ չինացիների սովորության, միայն տղամարդն իրավունք ունի հանգուցյալ ծնողների հոգիներին միս ու գինի մատուցելու եւ աղոթելու տան պաշտպանության ու բարեկեցության համար: Եթե մեռյալների թագավորությունում, որտեղ հավերժ բխում են դեղին աղբյուրները, ազգականների մասին հոգ տանող չլինի, ապա նրանք էլ կվերածվեն չար ոգիների եւ սոված-ծարավ ընդմիշտ կդեգերեն:
Եվ ինչքան էլ Շուլյան Խեն սիրեր իր կնոջը, ստիպված էր նոր կին բերել:
Վերջապես ծնվում է երկար սպասված որդին: Սակայն, օ դժբախտություն, նրա մի ոտքը հակառակ կողմն էր ծռված: Իսկ խեղանդամներին, հաշմանդամներին ու վիրավորներին վերապահված չէր զոհ մատուցել հանգուցյալ նախնիներին, նույնիսկ աղոթել նրանց համար, քանի որ մեծ մեղք էր համարվում:
Եվ գավառի տիրակալն ստիպված էր ինքն իր համար հարսնացու գտնել (ծնողները վաղուց արդեն չկային): Ինչ խոսք, շատ նախանձելի փեսացու է. երկու կին, իննը դուստր, խեղանդամ որդի: Իսկ տարի՞քը: Շուլյան Խեն արդեն 70-ն անց էր: Իհարկե, նա առաջվա նման հզոր էր եւ որպես տղամարդ էլ թույլ չէր, սակայն 64 տարեկանից հետո ամուսնանալն անպարկեշտություն էր համարվում:
Բանն այն է, որ, չինացիների հավատալիքների համաձայն, տղամարդու կյանքը սահմանվում է 8 թվանշանով. 8 ամսականում տղայի մոտ հայտնվում են կաթնատամները, 8 տարեկանում նա դրանք կորցնում է, 16 տարեկանում հասունանում է, իսկ 64 տարեկանում տղամարդկային ուժը նրան թողնում է: Իսկ կանայք ենթակա են մոգական 7 թվին. 7 ամսականում հայտնվում են կաթնատամները, 7 տարեկանում ընկնում են, 14-ում աղջիկը հասունանում է, իսկ 49-ում` դադարում երեխա ունենալ:
Շուլյան Խեն հասկանում էր, որ արդեն չի կարող քմահաճություն անել եւ դիմում է ամենաաղքատ ընտանիքներից մեկին, որում երեք քույրեր կային. երկուսը 20-ն անց էին, իսկ կրտսերը 16 տարեկան էր: Ըստ չինական ավանդության` ամուսնական զույգերի միջեւ տարիքային տարբերությունը 10 տարուց ավելի չպետք է լինի: Իսկ եթե տարբերությունն ավելի մեծ էր, ապա նման ամուսնությունը կոչվում էր «բարբարոսական», քանի որ այդպիսի բան կարող էին անել միայն բարբարոսները, այլ ոչ Երկնատակի ազնիվ բնակիչները:
Կրտսեր քույրը` Ճենծայը, իսկույն համաձայնում է ամուսնանալ Շուլյան Խեի հետ: Մինչդեռ, սովորույթի համաձայն, աղքատ ընտանիքներում, որոնք որդի չունեին, կրտսեր դստերը կնության հանձնում էին շամաններին: Այս կանայք չէին կարող ունենալ իրենց սեփական ընտանիքը եւ հասարակության մեջ ամենացածր դիրքն էին գրավում: Ճունծային աննախանձելի ճակատագիր էր սպասում. դառնալ «ոգիների աղջիկ», ապրել տոհմի տաճարի մոտ եւ իրականացնել մարդկանց կապը հանգուցյալ նախնիների հետ:
Այնինչ պարզվում է, որ «բարբարոսական» ամուսնությունն էլ կարող է երջանիկ լինել: Շուտով Շուլյան Խեն իր հղի կնոջն ուղեկցում է դեպի Ցեխային սարը` Նիցյուն, ինչպես որ խորհուրդ էին տվել կախարդներն ու գուշակները: Ճանապարհին Ճունծայը նկատում է, որ ծառերի տերեւները, կարծես ուղղվելով, ողջունում են իրենց, իսկ վերադարձին տերեւները, կարծես խոնարհվելով, հրաժեշտ էին տալիս: Երիտասարդ կինը երազ է տեսնում. աստվածային էակը նրան ասում է. «Դու մի չտեսնված որդի կունենաս, բայց մի պայմանով, եթե նա ծնվի թթի ծառի փչակում»:
Ամուսինները հիշում են, որ Ցեխային սարի քարանձավներից մեկը կոչվում է Թթենու փչակ: Այստեղ էլ Ճենծայը մ.թ.ա. 551թ. սեպտեմբերի 22-ին որդի է ունենում: Նորածնին տալիս են Ցյու անունը, իսկ որոշ ժամանակ անց տալիս են երկրորդ անունը` Ճուն-նի: Շուլյան Խեն մահանում է, երբ որդին ընդամենը երկու տարեկան էր: Նա այդպես էլ չի իմանում, որ Ճուն-նին իր կյանքի ամենամեծ սխրագործությունն է:
Ճուն-նին համաշխարհային պատմության մեջ է մտնում Կուն-ծի` Իմաստուն Կուն կամ Կոնֆուցիուս անունով: Նա համարվում է Չինաստանի եւ համայն մարդկության Ուսուցիչը, մեր մոլորակի 4-5 ամենաանվանի մարդկանցից մեկը, կոնֆուցիական փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը: Նրա գերեզմանի վրա գրված է` Բարձրագույն իմաստուն, Լուսավորության տիրակալ:
Կոնֆուցիուսը միայն մի բանով է զիջում իր բարի եւ պարզսիրտ հորը: Նա որդի ուներ, բայց նրանք բոլորովին չէին հասկանում իրար: Ուսուցիչն իր միակ ժառանգին անվանում էր «պատի մեջ դեմքը խրած մարդ»:
Թեպետ Կոնֆուցիուսը երբեք կանգ չէր առնում իր ճանապարհին առաջացած արգելքների առաջ, բայց եւ նա երբեք էլ չէր թաքցնում, որ սկզբում բավականին համեստ կյանք է վարել. «Երբ ես երիտասարդ էի, մենք շատ աղքատ էինք, – ասում էր նա և ավելացնում` հավանորեն բարեհոգի ժպիտով նայելով հարուստ ընտանիքներից սերող իր աշակերտներին, – ուստի ես շատ բան անել գիտեմ»: Իր ուսումնառության ընթացքում Կոնֆուցիուսը հաջողության է հասնում շատ բնագավառներում` նետահարել, մարտակառք վարել և քնար նվագել, ընդհուպ մինչև պատմական ու գրական հետազոտություններով զբաղվելը: Մի խոսքով` կրթված մարդու իդեալական տիպար: Նա նաև ուսումնասիրում էր վարվելակարգի կանոնները և ոգիներին սիրաշահելու ծեսերը, գրքեր է գրել չինական ավանդույթների, երաժշտության և փիլիսոփայության մասին: Ուսուցիչն իր մասին ասում էր. «Ես բնածին իմաստուն չեմ, ես իմաստուն եմ դարձել երկարատև աշխատանքի արդյունքում»:
Կոնֆուցիուսի մասին շատ ավանդություններ կան: Ահա դրանցից մի քանիսը:
Ուսուցչի աշակերտը` Ծըլու անունով, գիշերելու համար կանգ է առնում մեկի տանը: Երբ տանտերը հարցնում է, թե ո՞վ է, ինչացո՞ւ է, նա պատասխանում է, թե Կոնֆուցիուսի աշակերտն է և ի պատասխան լսում. «Ա՜, դա նա՞ է, ով գիտի, որ որևէ բան անելն անհնարին է, սակայն, միևնույն է, ցանկանում է անել…»:
Մի անգամ Կոնֆուցիուսի աշակերտներից մեկին հարցնում են, թե ինչպես է Ուսուցիչը կարողացել այդքան բան իմանալ այն երկրների կառավարությունների մասին, որտեղով ինքը ճամփորդել է. «Նա այդ մասին հարցնո՞ւմ է, թե՞ իրենք են իրեն պատմում»: Աշակերտը պատասխանում է. «Նա գիտելիքներ է ստանում իր` լսելու պատրաստակամության շնորհիվ»:
Կոնֆուցիուսը հաճախ հիասթափված, սրտնեղած էր լինում տեսնելով, որ իր իմաստությունը ոչ մեկին հարկավոր չէ: Նա բացականչում էր. «Արդյոք ես ընդամենը մի դդո՞ւմ եմ, որին կախում են, որպեսզի չորանա, և չեն ուտում»:
Ուսուցիչը միշտ հերքում էր, թե ինքը նոր ուսմունք է բերել: Փոխարենը պնդում էր, որ ընդամենը փորձել է վերականգնել կորսված իդեալներն ու ավանդույթները և ասում էր. «Ես չեմ ստեղծում, ես ընդամենը փոխանցում եմ»:
Մի անգամ Կոնֆուցիուսի աշակերտն ասում է. «Ամեն օր ես ինձ երեք հարց եմ տալիս. արդյոք ես օգնե՞լ եմ ուրիշներին, ես լա՞վ ընկեր եմ, և արդյոք ես փոխանցե՞լ եմ այն ամենը, ինչ ինձ սովորեցրել են»:
ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ
-Միշտ մտածիր` ճի՞շտ է կամ հնարավո՞ր է այն, ինչ խոստանում ես, քանի որ խոստումը պարտավորություն է:
-Հին ժամանակներում մարդիկ սովորում էին ինքնակատարելագործման համար: Այժմ սովորում են ուրիշներին զարմացնելու համար:
-Չեն փոխվում միայն ամենաիմաստունները և ամենահիմարները:
-Միակ իսկական սխալը անցյալի սեփական սխալները չուղղելն է:
-Մի անհանգստացիր, թե բարձր պաշտոն չունես: Անհանգստացիր, թե արդյոք արժանի՞ ես բարձր պաշտոնի:
-Չվարժված, չուսուցանված մարդկանց պատերազմ ուղարկելը նշանակում է դավաճանել նրանց:
-Եթե քեզ ճիշտ ես պահում, ապա քո հետևից առանց հրամանի էլ կգան: Իսկ եթե քեզ սխալ ես պահում, քեզ իսկի չեն էլ լսի, թեկուզև հրամայես:
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Հոգևոր-մշակութային