ՀՐԱՍԱՅԼԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ. «Merkava Мк-4»
«Տանկ» միջազգային բառը, որ մենք հասկանում ենք հզոր, թրթուրավոր մեքենա, ոչ մի կերպ չի համապատասխանում այս մեքենայի բնորոշմանը: Հայերեն բառը շատ ավելի դիպուկ է և բնորոշիչ: Հրասայլերն ի հայտ են եկել Առաջին աշխարհամարտի ժամանակ և այնուհետ կարևորագույն տեղ զբաղեցրել բոլոր բանակներում: Հատկապես ԵՀՊ ժամանակ, գերմանացիների կիրառությամբ այս մեքենաները համազորային մեծ մարտերում դարձան անփոխարինելի: Ժամանակակից պատերազմում ևս այս մեքենաները մեծ նշանակություն ունեն` թեեւ նրանց դերը գնալով նվազում է: Հատկապես` ոչ բաց տեղանքում: Հրասայլերի զարգացումը, շատ մասնագետների հավաստմամբ, մտնում է փակուղի: Դրանք ավելի են ծանրանում, իսկ հրանոթները գնալով մեծանում են` հասնելով հրետանու չափերին: Հետպատերազմյան առաջին տարիներին դեռ արտադրվում էին ողորկափող հրանոթներ: Հետագայում դրանք դարձան հարթափող: Ներկայումս հրասայլեր արտադրում են բավականին մեծ թվով պետություններ, որոնցից շատ դժվար է ընտրել լավագույնը: Ավանդաբար լավ հրասայլեր են ստեղծում գերմանացիները, անգլիացիները և, ինչպես մեզ են ներկայացնում, ռուսները: Ավելին` մինչև վերջերս շատերիս համար խորհրդային-ռուսական հրասայլերից լավը աշխարհում չկար: Մինչդեռ վերջին տարիների իրադարձությունները և ռուս մասնագետների ինքնախոստովանությունները մեզ հնարավորություն տվեցին իրերին ավելի սթափ նայել: Հրասայլերի լավագույն տասնյակը ընտրելիս ևս առաջնորդվել ենք հիմնական սկզբունքներով:
1 «Merkava Мк-4»
Պետությունը – Իսրայել
Ստեղծման տարեթիվը – 2002թ.
Քաշը – 65տ
Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9 հրանոթով – /3,7/ 2,6մ
Սպառազինությունը – 120մմ-ոց հրանոթ, երկու 7,62մմ գնդացիր
Անձնակազմը – 4 հոգի
Շարժիչի հզորությունը – 1500 ձ.ուժ
Երթապաշարը – 500կմ
Մարտապաշարը – 46 արկ
Իսրայելական ռազմարդյունաբերական համալիրը դեռ 1960-ականներից աշխատում էր սեփական նախագծի հրասայլեր ստեղծելու ուղղությամբ: Առաջին հրասայլը` “Merkava Мк-1”-ը, սպառազինություն ընդունվեց 1979թ. և մասնակցեց 1982թ. պատերազմին: Թեեւ ցուցանիշները հիմնականում դրական էին, բայցեւայնպես հրասայլը, բնականաբար, ուներ նաև որոշակի թերություններ: Ժամանակի հետ Իսրայելն այս ոլորտում ևս փորձ ձեռք բերելով` շարժվում էր առաջ: 1983թ. ի հայտ եկավ ավելի կատարելագործված “Merkava Мк-2”-ը, իսկ 1990թ.` “Merkava Мк-3”-ը: Սրանք արդեն, անխոս, իրենց ժամանակի լավագույն հրասայլերի հետ կարող էին մրցել ամեն ինչում: 2002թ. ստեղծվում է այս շարքի վերջին մեքենան` “Merkava Мк-4”-ը: Այն իր տվյալներով գերազանցում է աշխարհի բոլոր մրցակիցներին: Իսրայելական մեքենայի հիմնական առանձնահատկությունը շարժիչի առաջամասում տեղադրված լինելն է, ինչն անձնակազմին կենդանի մնալու ավելի մեծ հնարավորություն է տալիս: Անձնակազմը հետևից վթարային ելքի հատուկ դռնակ ունի, ինչը եւս չտեսնված բան է: Իսրայելական հրասայլն ունի մոդուլային կառուցվածք: Այսինքն` խոցվելուց հետո հնարավոր է փոխել միայն տվյալ մասը` վերանորոգումը դարձնելով արագ և էժան գործընթաց: Մարտապաշարը դասավորված է հատուկ կոնտեյներների մեջ, որպեսզի հարվածի դեպքում պայթյուն չառաջանա: Իսրայելական բոլոր հրասայլերն ունեն աշտարակների առանձնահատուկ կառուցվածք և տեսք, որը մեծ դեր է խաղում արկերից պաշտպանվելու գործում: Հրասայլը կարող է կիրառել հատուկ ղեկավարվող “LAHAT” (“LAser Homing ATtack missile”) արկեր: Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ` 2006թ., իսրայելական հրասայլերը բավականին դժվարություններ կրեցին, քանի որ մարտերի մեջ էին մտնում ոչ համապատասխան հակառակորդի հետ: Նախնական տվյալներով, որոնք տարածվել էին համացանցում, «Հզբոլլա» կազմակերպության մարտիկները մեծ կորուստներ էին պատճառել իսրայելական զորքերին: Սակայն այսօր արդեն, հասանելի դարձած տվյալներով, պարզվում է, որ այդպես չէ: Պարտիզաններն արձակել են մոտ 1000 հակատանկային հրթիռ, որոնց թվում զգալի էին նոր ռուսական հրթիռային համալիրներն ու նռնականետները: Հրասայլերին դիպել է 40-52 հրթիռ: 20-25-ի դեպքում է, որ հրթիռը վնաս է պատճառել զրահին կամ անձնակազմին: Կորուստը եղել է հինգ հրասայլ: Իսկ փառահեղ գովազդ հանդիսացող տեսանյութերում, որոնք տարածված են համացանցում, պարզ երևում է, որ ամենահաջող խոցման դեպքում անգամ հրասայլերը չեն պայթում, իսկ անձնակազմը հիմնականում անվնաս լքում է այրվող հրասայլը: Հայտնի դեպքերից հետո որոշվեց հրասայլը հագեցնել նախապես պլանավորված, սակայն ինչ-ինչ ֆինանսական պատճառներով հետաձգված “Trophy” ակտիվ պաշտպանության համակարգով: 2011թ. մարտի 1-ին մարտական պայմաններում այս համակարգը հստակորեն աշխատեց և փրկեց հրասայլը ահաբեկիչների արձակած հրթիռից: Ահա թե ինչպիսին է աշխարհի լավագույն հրասայլը, որն արդեն վաճառքում է:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ