ՇԱՐՔԱՅԻՆ ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆԸ` «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՈՂ»
Երիտասարդ ռեժիսոր, գրող Արեգ Ազատյանը ծնվել է 1986թ. Երեւանում: Տպագրել է պատմվածքների երեք ժողովածու` «Կյանքը արեւից վերեւ», «Մարդու դատավարությունը», «Զատիկի ոտքից բռնած»: 2000 թ. արժանացել է Ռուբեն Սեւակի անվան գրական մրցանակի, 2004 թ.` գրականության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակին: Իր պատմվածքների հիման վրա նկարահանել է երեք կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, որոնք մասնակցել են մի շարք միջազգային կինոփառատոների, իսկ 2006 թ. արժանացել է «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնի «Լավագույն կադր» գլխավոր մրցանակին: Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Գարուն», «Նարցիս», «Կանչ», «Աղբյուր», «Լուսապսակ» պարբերականներում, ռուսական հեղինակավոր «ՇվՏրՑՖ» հանդեսում:
Արեգը ժամկետային զինծառայող է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Վերջերս Արեգ Ազատյանին թույլատրեցին մեկնել Ֆրանսիայի Մարսել քաղաք՝ մասնակցելու գրական՝ «Terre d’Armenie» («Հայաստանի հողեր») «Գիրք 2010» փառատոնին: Դեկտեմբերի տասնմեկին նա արժանացավ տարվա լավագույն գրողի «Toros» մրցանակին։ Երկու տարի առաջ այս մրցանակը ստացել էր անվանի գրող Պերճ Զեյթունցյանը: Արեգը նրան համարում է իր ավագ բարեկամը, որի խորհուրդներն իր համար ուղենշային են: Պ. Զեյթունցյանն էլ իր հերթին Արեգին բնութագրում է որպես արդիական ոճի արձակագրի, ոչ ավանդապաշտի. «Նրա պատմվածքները մեր ժամանակի գեղագիտական որոնումների համատեքստում են, եւ ընթերցվում են հետաքրքրությամբ : Նա մեծ ապագա ունի»:
Դեպի մեծ ապագա տանող ճանապարհը նախանշվեց, երբ Արեգը հինգ տարեկան էր, նոր-նոր էր սովորել տառերը եւ որոշեց պատմվածք գրել: Առաջինը վերնագրվեց «Գուլին եւ Գուջին»: Մինչ այդ ծնողներին` կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանին եւ Ալբերտ Ազատյանին էր պարտադրում իր մտքերը հանձնել թղթին: Բայց տառերը սովորելուց հետո տղան որոշեց դա անել ինքնուրույն:
Նրա պատմվածքները գրված են նովելի սկզբունքով. ավարտը կտրուկ է եւ անսպասելի, հաճախ՝ առակի նման. «Երբեմն գիտեմ սկիզբը, երբեմն` վերջը, բայց ընթացքը նման է մեքենայով ճանապարհ գնալուն. երբեք չգիտես, թե ճանապարհին ինչ կլինի կամ ում կհանդիպես: Եթե հաջողվում է հասնել այն բանին, որ հերոսներս ինձ համար էլ անսպասելի քայլեր անեն, ուրեմն նրանք արդեն ապրում են սեփական կյանքով»: Արեգը նշում է, որ իր մտածողությունը պատկերավոր է` պետք է տեսնի այն, ինչ գրում է եւ ձգտում է, որ ընթերցողն էլ կարդալուն զուգահեռ պատկերներ ստեղծի: Սա թերեւս մասնագիտական առանձնահատկություն է. նա 2008թ. ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը՝ գերազանց առաջադիմությամբ:
Իսկ որտեղի՞ց են ծնվում պատմվածքների գաղափարները, ո՞վ կարող է դառնալ նրանց հերոսը: Ըստ Արեգի` գաղափարներն ամենուր են` մեր շրջապատում, իրականության մեջ. «Ես այժմ գրում եմ բանակում ծառայելու, հասակակիցների փոխհարաբերությունների մասին»։ Արեգը ասում է, որ այսօրվա երիտասարդները հետաքրքրված են երկրի ապագայով, փորձում են իրենց գործով նպաստել դրա կերտմանը, սակայն քիչ չեն նաեւ նրանք, որոնց համար կարեւորը իրենց եսն է, նյութական արժեքները: «Այսօր թե՛ հասարակությունը, թե՛ արվեստը ունեն հերոսի խնդիր: Դրական կերպարները հազվադեպ են դառնում գլխավոր գործող անձ»: Թերեւս սա է պատճառը, որ երիտասարդ գրողը իր պատմվածքներից մեկում գլխավոր հերոսի ընտրության համար հայտարարություն է տարածում: Ի վերջո, երեք թեկնածուներից էլ գրողը հրաժարվում է, եւ միակ հերոսը կրկին մնում ինքը, ում հետ ե՛ւ զրուցում է, ե՛ւ վիճում, ում հետ կարող է ազատ լինել եւ ասել այն, ինչ ոչ ոք դեռ չի ասել: Պատահում է նաեւ, որ ասելիքդ քեզանից առաջ մեկն արդեն ասած է լինում: Արեգը այս զգացողությունն ունեցավ, երբ առաջին անգամ կարդաց իր սիրելի գրողի` Ալբեր Քամյուի ստեղծագործությունը. «Տասներեք տարեկան էի, երբ կարմիր շապիկի առաջին էջին Ալբեր Քամյու անուն-ազգանունը ինձ հետաքրքրեց: Մի երկտող էր գրված կազմի ետեւի մասում. «Մարդկանց միակ պարտականությունը ապրելն ու երջանիկ լինելն է»: Նույնը ես էի գրել»: Կարդալով գիրքը` Արեգը իրեն լքված զգաց, նրան թվում էր, թե իր բոլոր գրածները իզուր են, որ իր մտքերը վաղուց արդեն գրված են: «Ես եւ Քամյուն» պատմվածքում, սակայն, Քամյուն Արեգին հյուր է գալիս, զրույցի բռնվում, ապա խորհուրդ տալիս` կարիք չկա մտածելու գոյության խնդրի, ինքնասպանության, ճակատագրի եւ ազատության, աբսուրդի եւ ընդվզման մասին, քանզի նա դեռ այնքան երիտասարդ է, իսկ Արեգի պատասխանը թերեւս իր եւ իր գրականության վերածնունդն էր խորհրդանշում. «Ես պարզապես սիրում եմ այդ մասին գրել»: Գրելու սերը թույլ է տալիս նրան ասել ամենակարեւորը` կյանքը բացահայտող ճշմարտությունը:
Աբսուրդի ավանդույթով կառուցված նրա որոշ պատումները անկարողության և մարդու եսասիրության մասին են, ինչպես օրինակ «Զատիկի ոտքից բռնած» ժողովածուի համանուն պատմվածքը, որի հիման վրա նկարահանվել է նաեւ ֆիլմ եւ ցուցադրվել «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: Պատմվածքը գրողի մասին է, ով անտառում զբոսնելիս հայտնվում է փոսում, վնասում ոտքն ու չի կարողանում դուրս գալ: Փոսի մոտով անցնում են ձկնորսը, քահանան, բայց ոչ ոք չի օգնում: Պատմվածքի վերջում հայտնվում է փոս փորողն ու սկսում ծածկել այն։ Հողը թափվում է հերոսի ծոծրակին, եւ հանկարծ այդ պահին նա ամուր բռնում է զատիկի ոտքից, որն արագ խոյանում է վեր` շարժելով իր նուրբ թեւերն ու բարձրացնելով նրան… Միգուցե սա խորհրդանշում է այն ելքը, որ գոյություն ունի ցանկացած անելանելի թվացող իրավիճակից:
Արեգ Ազատյանի ստեղծագործությունները հնարավորություն են տալիս նորովի ճանաչելու իրականությունը, բացահայտելու դրա նորանոր շերտերը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #49 (864) 15.12.2010 – 22.12.2010, Ազգային բանակ